Արթին Առաքելյանը ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերից է, ով բացի օգտատեր լինելուց զբաղվում է նաեւ մի քանի ֆեյսբուքյան էջերի աշխատանքներով: 2009թվականի փետրվար ամսին ֆեյսբուքում միաժամանակ ստեղծում է Ե.Չարենց, Գ.Նժդեհ, Դ.Վարուժան, Հ.Շիրազ եւ Հրանտ Դինքի ֆեյսբուքյան էջերը: Իսկ արդեն 2010թվականի հունիսին այդ շարքը համալրում երկու այլ մեծանուն բանստեղծներ Վ.Տերյանի ու Պ.Սեւակի էջերով:
« 2007-ի հոկտեմբերին անդամագրվեցի ֆեյսբուք սոցցանցին ու տեսնելով, որ ցանցը մեծ պոտենցիալ ունի եւ իր շուրջ է համախմբում մեծ թվով մարդկանց, ցանկացա այդ նոր հարթակում էլ ունենալ հայ մեծանուն մարդկանց նվիրված էջերը որտեղ նաեւ հնարավոր կլինի նույն սոցցանցում ձեռնահասություն ունենալ այդ մարդկանց ստեղծագործություններին »,-ասում է ադմինը:
Նա ավելի քան մեկ տարի, սեփական ուժերով աշխատացրեց այդ էջերը, բայց երբ էջերի անդամների թիվը ավելանում է, դժվարանում է ժամանակ հատկացնել բոլոր հարցերն ու խնդիրները լուծելու համար: «Բոլոր էջերում մի գրություն թողեցի, որտեղ համագործակցության էի հրավիրում այն մարդկանց, ովքեր կցանկան համագործակցել ու զարգացնել այդ էջերը: Եղան բազմաթիվ արձագանքներ, ու երկար քննարկումից հետո այդ մարդկանցից ընտրեցի լավագույններին: Այս պահին բոլոր էջերը ղեկավարվում է բազմաթիվ մարդկանց կողմից, որոնք ջանադրաբար գործում ու զարգացնում են էջերը՝ տեղադրելով նյութեր ու լուրեր»,-պատմում է նա:
Այս պահի դրությամբ նրա կողմից աշխատացվող էջերն ունեն հետեւյալ քանակությամբ օգտատերեր.
Ե.Չարենց, 9083 հոգի
Գ.Նժդեհ, 5210 հոգի
Դ.Վարուժան, 3206 հոգի
Հ.Շիրազ 3769 հոգի
Հրանտ Դինք 19671 հոգի
Վ.Տերյան 7105 հոգի
Պ.Սեւակ 17177 հոգի
Վերը նշված էջերից խնդիրներ են առաջանում միայն Հրանտ Դինքի ֆեյսբուքյան էջում, որտեղ թուրքերենով գրվող պատգամները շատ են եւ միշտ թուրքերեն իմացող մարդկանց կարիք է զգացվում:
«Ներկա պահին մի քանի տուն-թանգարանների կողմից առաջարկվել է՝ մեր կողմից ստեղծված էջը դառնա իրենց պաշտոնական էջը ֆեյսբուքում, դեռ բանակցության մեջ ենք, ու շուտով դրա արդյունքները պարզ կդառնան բոլորին»,-ասում է Արթինը:
Նրա ցանկությունն է, որ բոլոր հայալեզու կամ Հայաստանում բնակվող ֆեյսբուքյան օգտատերերն իրենց գրություններն ու պատգամները գրեն հայատառ եւ առհասարակ ինտերնետ ոլորտում տարածել տարբեր թեմաների հայերեն նյութեր:
Քրիստինա Միրզոյան