«Այն, ինչ եղավ, տգեղ երեւույթ էր քաղաքական, բարոյական, միջազգային իրավունքի տեսանկյունից, այն, ինչ կատարվեց, չի մտնում մարդկային տարրական նորմերի շրջանակում, բայց կարծում եմ, որ բարոյական գնահատականները տալուց շատ կարճ ժամանակ անց պետք է անցնենք գործնական քայլերի: Այստեղ մենք գործ ունենք երեւույթի հետ, որը կոչվում է հայատյացություն, ռասիզմ, ազգային անվտանգություն»,- հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած մարդասպանին Ադրբեջանին վերադարձնելու, նրան ներում շնորհելու եւ մի շարք պարգեւների արժանացնելու ու կոչումներ տալու մասին այսօր «Պոստ կրիպտում» մամուլի ակումբում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:: Նրա հյամոզմամբ, Հայաստանը չպետք է որեւէ ձեւով հավատա որեւէ մեկի խոսքին: «Հայաստանի ֆիզիկական գոյությունը բացառապես Հայաստանի խնդիրն է»,- ասաց նա
Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հնչեցրած գնահատականներին՝ նա նշեց, որ ՆԱՏՕ-ն պատասխանատվություն ունի, քանի որ դեպքը տեղի է ունեցել իր ծրագրերի շրջանակում, բայց Հունգարիան առավել պատասխանատու է: Արմեն Մարտիրոսյանը հիմնականում, դրական է գնահատում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի երեկ Երեւանում եւ այսօր Ադրբեջանում արած հայտարարությունները:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը համաձայն էր Հայաստանի նախագահի «վերցրած բարձր նոտայի հետ», հատկապես՝ դիվանագիտական հարաբերությունների կասեցման առումով, կարծում է, որ այն ճիշտ է եւ ադեկվատ ստեղծված իրավիճակին: Նրա խոսքով՝ հետագա զարգացումները պետք է ընթանային հայկական դիրքերի ամրապնդման ճանապարհով, բայց. «ցավոք ԱԺ-ն նախագահի վերցրած բարձր նոտան շարունակելու համարձակություն չունեցավ»:
«Ես կարծում եմ, որ ԼՂ անկախության ճանաչման ներառումը հարցի օրակագ այն ճանապարհն է, որը հնարավորություն էր տալու Հայաստանին պաշտպանել իր ազգային շահը: Ստեղծված իրավիճակում սա բավականին ճիշտ քայլ կլիներ, որից հետո Հայաստանը պետք է ռազմական դաշինք կնքեր Ղարաբաղի հետ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ շեշտելով, որ ԼՂ ճանաչումը ընդունելով՝ Հայաստանը կսկսեր նրա միջազգային ճանաչման գործընթացը:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է այդ դեպքում պատերազմ սկսվելուն, ապա նախկին պատգամավորը վստահ է, որ Ադրբեջանը պատերազմ կսկսի այն դեպքում, երբ վստահ լինի, որ կհաղթի այդ պատերազմում,իսկ այսժմ նման վստահություն չունի. «Պատերազմի մասին վաղ է խոսել,պատերազմից վախենալ պետք չէ, մենք պատրաստ ենք դրան»,- նշեց նա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ