«Աշխարհի ոչ մի երկրռւմ այդպիսի հանգիստ ընտրություններ չեն լինի, ինչպիսին մեզ մոտ նախագահական ընտրություններն են սպասվում: Վերադասավորումներ կամ, այսպես ասած, ավելորդություններ չեն լինելու։ Կլինի այնպես, ինչպես արդեն տեսել ենք, ու դա ճիշտ է։ Այսպիսի պայմաններում դա մեր ժողովրդի համար շատ կարեւոր է»,- «Իրատես de facto»-ի հետ զրույցում նախագահական ընտրությունների առնչությամբ նկատեց Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցության ղեկավար ՅՈՒՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ։
– Ի՞նչ հիմք ունի Ձեր լավատեսությունը։
– Հանդարտությունը մեր արտաքին խնդիրների լուծման գրավականն է։ Այո, մենք ունենք խնդիրներ, բայց եթե քաղաքական ուժերը կարծում են, որ դրանց մասին ցույցերով ու հանրահավաքներով բարձրաձայնելը ճիշտ է, չարաչար սխալվում են, քանի որ դա վնասում է մեր երկրի արտաքին վարկանիշին ու հեղինակությանը։ Հետեւապես, ամեն ինչ պիտի անել, որ գործող նախագահը վերընտրվի։
– Ասել է՝ գործող վարչախումբը պետք է շարունակի՞ աշխատել։
Կարդացեք նաև
– Այո։ Ասում են իմաստուն մարդն ուրիշի սխալների վրա է իր ճիշտը կառուցում, իսկ խելոքը՝ իր սխալների վրա։ Իմաստուն լինենք ու տեսնենք աշխարհում ինչ է կատարվում։ Բոլոր երկրներում էլ նախագահները սովորաբար երկրորդ անգամ են ընտրվում ու ավելի պատասխանատու աշխատում, կիսատ գործերն ավարտին են հասցնում ու ստանում իրենց գնահատականը։ Ինչո՞ւ նախորդ երկու նախագահները երկու ժամկետ պաշտոնավարեն, իսկ գործողը՝ ոչ։ Կամ՝ ո՞վ է այն անձը, որ կարող է լուծել խնդիրները։
– Գործող նախագահին այլընտրանք չե՞ք տեսնում։
– Այո։ Սերժ Սարգսյանին այլընտրանք չեմ տեսնում։ Այլ արժանի թեկնածու չկա։ ԲՀԿ-ից կլինի, թե այլ կուսակցությունից, միեւնույն է, ՀՀԿ-ի սկսած գործը չեն կարող շարունակել, անհամեմատ կծանրանա երկրր եւ ժողովրդի վիճակը, եթե հանրապետության նախագահը չվերընտրվի։
– Լինելով կոմունիստ, Դուք լիովին իշխանական տեսակետ եք հայտնում՝ քննադատաբար խոսելով ընդդիմության գործունեության մասին։ Ինչո՞ւ։
– Ընդդիմությունը, կարծես, իր գործն ավարտած է համարում եւ խորհրդարանում ստացած մանդատներով բավարարված է։ Նրանց շարքերում նախագահի արժանի թեկնածու չեմ տեսնում։ Էն ճղճղոցներն ու ավելորդությունները, որ նրանք իրենց թույլ են տալիս, քաղաքական լուրջ, հայանպաստ գործունեության մասին չեն խոսում։ Ինչ վերաբերում է իմ իշխանական կեցվածքին, ինձ շատերն են մեղադրել այդպիսին լինելու համար: Սակայն ես երբեք իշխանական չեմ եղել, խնդիրն այն է, որ սիրում եմ իմ երկիրն ու ժողովրդին։ Գիտեմ, որ եթե այսօր հեղափոխություն
լինի, առաջին տուժողը ժողովուրդն է լինելու։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Իրատես de facto»