Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցավ «Հայաստանն առանց աղբի կարգախոսը կյանքի կկոչվի սեպտեմբերի 15-ին» թեմայով մամուլի ասուլիս: Բանախոսներն էին «Մենք կարող ենք» (Lets do it! Armenia) շարժման ղեկավար, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա»-ի նախագահ Արսեն Գասպարյանը, Բնության համաշխարհային հիմնադրամի տնօրեն (WWF-Armenia) Կարեն Մանվելյանը և «Էյ Թի Փի» ԲՀ (Հայաստան ծառատունկ ծրագիր) ղեկավար Վարդան Մելիքյանը:
Հաշված օրեր են մնացել «Մենք կարող ենք» շարժման կողմից իրականացվող «Հայաստանն առանց աղբի» նախաձեռնության իրականացմանը: Բանախոսներից Արսեն Գասպարյանը ներկայացրեց, թե ինչ փուլում են գտնվում սեպտեմբերի 15-ին կայանալիք համահայաստանյան մաքրման ակցիայի նախապատրաստական աշխատանքները.
«Նախաձեռնության շրջանակներում 2600 մասնակիցներով կփորձենք մաքրել Հայաստանը կենցաղային աղբից 50-ից ավելի կետերում: 52 կազմակերպություն է մասնակցում, մաքրման աշխատանքներին»:
Կարդացեք նաև
Կարեն Մանվելյանի խոսքով՝ Հայաստան երկիրը չքնաղ է, բայց անգամ մեկ տոպրակը փչացնում է տեսարանը. «Աղբ նետող մարդը նույնը իր տան մեջ չի անի: Սա համահայկական գաղափար է, և կուզենայինք որ շատերը միանային, ովքեր որ մասնակցում են նախաձեռնությանը, նրանց 90 տոկոսը աղտոտողները չեն: Մեր տունն է Հայաստանը. բայց մենք ինքներս աղտոտում ենք այն, այս նախաձեռնությունը կնպաստի, որ մարդկանց մտածելակերպը փոխվի»:
Վարդան Մելիքյանը նշեց, որ ուշադրություն կդարձվի անտառների մաքրմանը, աղբատար մեքենաները չեն հասնում անտառներ, և այնտեղի վիճակը արդեն պարզ է. «Այս աշխատանքը ձնագնդի պես կմեծանա, և շատերը կտեսնեն նախաձեռնության արդյունքը: Մարդիկ երբ իրենք իրենց ձեռքով մաքրեն տարածքները հետագայում, կարծում եմ, ուշադիր կերպով կհետևեն մաքրությանը»:
«Lets do it! Armenia» շարժման հիմք է դարձել 2008թ.-ին Էստոնիայում իրականացված մեծ աղբահավաքը, որի ընթացքում կարողացան մաքրել Էստոնիան ավելի քան 10000 տոննա կենցաղային աղբից:
«Lets do it! World» համաշխարհային էկոլոգիական շարժման մասնակից երկրների թվում է նաև Հայաստանը, որտեղ ավելի քան 50 հասարակական, բնապահպանական, պետական և այլ կազմակերպությունների ջանքերով ձևավորվել է «Մենք կարող ենք» (Lets do it! Armenia) շարժումը:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ