«Խնդրում եմ մեղմ վերաբերվեք, ես ընդունում եմ իմ սխալները»,- այսօր Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընտրակաշառք բաժանած Արմեն Մաթեւոսյանը իր վերջին խոսքում այսպիսի խնդրանքով հանդես եկավ: Այս նախադասությունը լսելուն պես դատավոր Արթուր Մկրտչյանը գնաց խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու:
Վճռի համաձայն, Արմեն Մաթեւոսյանը մեղավոր ճանաչվեց եւ նշանակվեց նախնական պատիժ՝ ազատազրկում՝ 3 տարի ժամկետով, բայց որոշվեց պայմանական չկիրառել այն՝ նշանակելով փորձաշրջան:
Նշենք, որ ամբաստանյալը նախորդ դատական նիստին մեզ հետ զրույցում ասել էր, որ կցանկանար իր նկատմամբ կիրառվեր տույժ, որպեսզի դատվածություն չունենա: Սակայն վճռից հետո Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ պատրաստվո՞ւմ է բողոքարկել այն: Արմեն Մաթեւոսյանը պատասխանեց, որ չէ, չի պատրաստվում:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ականին մեղադրանք էր առաջադրվել, որ նա վերջին խորհրդարանական ընտրություններից առաջ 10 հազար դրամ կաշառք է տվել Երեւանի բնակիչ Ծովինար Կոստանյանին, 35 հազար դրամ կաշառք է տվել Հերիքնազ Ջիվանյանին, 15 հազար եւ 35 հազար դրամ էլ համապատասխանաբար տվել է Համբարձում Նազարյանին եւ Հակոբ Ասատրյանին՝ նրանց պարտադրելով իրենց ընտանիքի անդամների հետ մայիսի 6-ին քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին, խոչընդոտելով ընտրողների կամքի ազատ արտահայտմանը:
Դատական նիստին ներկայացվեց, որ ընտրակաշառք բաժանած ԲՀԿ անդամն ամուսնացած չէ, ունի բարձրագույն կրթություն, չի աշխատում, նախինում դատվածություն չուներ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ