Օլիմպիական կրկնակի չեմպիոն շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Ստամբուլում ընթացող համաշխարհային օլիմպիադայի իններորդ տուրում 2,5:1,5 հաշվով անչափ կարեւոր հաղթանակ տանելով Եվրոպայի չեմպիոն Գերմանիայի ընտրանու նկատմամբ՝ երրորդ անգամ հաղթողի կոչումը նվաճելու հնարավորություններ է պահպանում: Բայց դրա համար նախավերջին տուրում մեր տղաները պետք է անպայման հաղթեն Նիդերլանդների թիմին:
Իններորդ տուրում ԱՄՆ-ից 1,5:2,5 հաշվով առաջին պարտությունը կրեց մինչ այդ միանձնյա առաջատար Ռուսաստանը, ինչի արդյունքում միանգամից չորս հավաքականներ՝ Չինաստանը, Ռուսաստանը, Հայաստանը եւ ԱՄՆ-ը, 15-ական միավորով նույն հերթականությամբ բաժանում են չորս առաջին տեղերը:
Շատ կարեւոր հաղթանակ տարան նաեւ մեր աղջիկները: Առավելության հասնելով Իրանի նկատմամբ՝ 3:1, Հայաստանի կանանց հավաքականը 14 թիմային միավորով բարձրացավ 6-րդ հորիզոնական եւ այսօր ուժերը չափելու է Ռուսաստանի ուժեղ թիմի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ