Լրահոս
Օրվա լրահոսը

Նովոն՝ հայ պառլամենտարիզմի հայր

Սեպտեմբեր 07,2012 11:17

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը՝ Նովոն, ԱԺ նախօրեի արտահերթ նիստում հերթական անգամ փայլատակել է լրագրողների հետ շփվելու իր հմտությամբ ու «սիրալիրությամբ»:

Երբ «Ժողովուրդ»-ի թղթակիցը փորձել է Արմավիրի մարզում ամենատարբեր կրիմինալ պատմությունների մեջ թաթախված Նովոյից տեղեկանալ՝ պատրաստվում է արդյոք գրավի դիմաց ազատ արձակել այժմ կալանքի տակ գտնվող որդուն՝ Արտակ Գեւոոգյանին, վերջինս հարձակվել է. «Խի՞, սիրտդ ցավո՞ւմ ա, էնքան շոուներ եք սարքել։ Բան չկա»: Մեկ այլ լրագրողի հարցին պատասխանելիս էլ նույնքան կոռեկտ է գտնվել. «Դավայ, դավայ…»:

Ավելի քան 13 տարվա պատգամավորական գործունեության ընթացքում այս «ազգընտիրը» մեկ նախադասություն անգամ չի արտաբերել ո՛չ խորհրդարանի ամբիոնից, ո՛չ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում, ո՛չ էլ միջազգային կառույցներում։ Ավելին, նույնիսկ ընկերական շրջապատում էլ գլուխ է գովում, թե ի տարբերություն իր կոլեգաների՝ ինքը կյանքում լրագրողներին հարցազրույց տված չկա։ Փոխարենը նա մշտապես աչքի է ընկնում լրագրողների հանդեպ նման «հարգալից» կեցվածքով. մեկ սպառնում է լրագրողի գլուխը թռցնել, մեկ «դավայ– դավայ» հաճոյախոսություններով է պատասխանում, ու այդպես շարունակ։ Իսկ խորհրդարանի պատերից դուրս նրա գործունեության արդյունքում անունը շոշափվում է Արմավիրի մարզում տարբեր հանցագործությունների, ընդհուպ մինչեւ մարդկանց առեւանգման, ծեծի ենթարկելու եւ սպանությունների համատեքստում։ Ամեն անգամ նրա այս արկածներն ու խորհրդարանական «ակտիվ գործունեությունը» չեն խանգարում, որպեսզի Նովոն ՀՀԿ ցուցակով կրկին ու կրկին դառնա պատգամավոր։ Ընդ որում, այս անգամ նա ՀՀԿ համամասնական ցուցակում բավական բարձր հորիզոնական էր զբաղեցնում՝ հենց Սերժ Սարգսյանի ուղղակի «դաբրոյով»։

Հետաքրքիր է՝ ԱԺ Էթիկայի հանձնաժողովն այսքանից հետո քննության կառնի՞ Նահապետ Գեւորգյանի պահվածքն ու համապատասխան եզրակացություն կտա՞, թե՞ Նովոն կշարունակի լրագրողներին նման «հաճոյախոսություններ» շռայլել:

Արտակ ՄԽԻԹԱՐՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930