Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Վոլոդյա Գրիգորյանի նախագահությամբ այսօր պետք է շարունակվեր Մինաս Մկրտչյանի, Միքայել Միքայելյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Նրանք մեղադրվում են անցյալ տարի դեկտեմբերի 30-ին ջրծաղիկ հիվանդությունից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանին ոչ պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Տուժողի իրավահաջորդ Հայկի հայրը դատավորին ներկայացրեց իրենց ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանի բժշկական տեղեկանքը, որով հայտնվում էր, որ ներկայացուցիչը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մուշեղ Շուշանյանը անկողնային հիվանդ է: Նա միջնորդեց, որպեսզի դատական նիստը հետաձգվի: Դրան չառարկեցին դատախազ Համբարձում Մելիք-Սարգսյանը, ամբաստանյալների պաշտպան Վարդուհի Էլբակյանն ու Լուսինե Բաղումյանը:
Տուժողի իրավահաջորդը նայելով բժիշկների կողմը, ասում էր, որ նրանք խլել են իր որդու կյանքը եւ ազատ չպիտի ման գան (նկատի ուներ խափանման միջոց ընտրված ստորագրությունը չբացակայելու մասին): Դատավորը կոչ արեց վիրավորական արտահայտություններով չդիմել եւ պահպանել փոխադարձ էթիկայի կանոնները:
Դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 20-ին՝ Սուրբ խաչի արարողությունից հետո:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ