Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի վերսկսման վտանգն իր հետ բերում է համերաշխության մթնոլորտի ձեւավորում

Սեպտեմբեր 07,2012 10:48

Ադրբեջանի ընդդիմադիր հատվածից այս օրերին բազմաթիվ մեղադրանքներ հնչեցին Ալիեւի հասցեին՝ մարդասպանին ներելու եւ հերոսացնելու, այդպիսով՝ երկրի միջազգային հեղինակությունն էլ ավելի վարկաբեկելու համար։ Այն հարցի շուրջ, թե ինչու Ալիեւն արեց այդ բանը, ընդդիմախոսները հիմնականում միակարծիք են. նրանք համարում են, որ հաջորդ տարի սպասվող նախագահական ընտրություններից առաջ Ալիեւն իր երկրում սեփական վարկանիշը փրկելու խնդիր ուներ, ինչին էլ ծառայեց Սաֆարովի ազատությունը։ Չէ՞ որ ադրբեջանական իշխանական քարոզչամեքենան չի դադարում կրկնել, թե ինչքան հզոր նախագահ, հմուտ դիվանագետ ու ընդհանրապես հայրենասեր գործիչ է Իլհամ Ալիեւը, որ կարողացավ ամբողջ աշխարհին դեմ գնալ, բայց իրենց հերոսին հայրենիք բերել ու Հայաստանին «մատ» անել։ Ադրբեջանցի ընդդիմադիրներն, իհարկե, ճիշտ են, սակայն դա ամբողջը չէ: Ռամիլ Սաֆարովի ազատությունն էլ ավելի կարեւոր արդյունք տվեց, այն է՝ համոզմունք, որ հայ-աղրբեջանական սառեցված պատերազմը կարող է վերսկսվել։ Սրա մասին խոսում են բոլորը՝ տեղական վերլուծաբաններից մինչեւ եվրոպական չինովնիկներ, գրում են բոլորը «BBC»-ից մինչեւ «The New York Times»  ու «Le Monde»։ Այսինքն, Իլհամ Ալիեւն իր համար ստեղծեց մի վիճակ, որտեղ ինքը որպես առաջնորդ կոնկրետ եւ հերոսական քայլ է կատարել, իսկ երկրի գլխին պատերազմի վտանգ է կախված, եւ ով կարող է հավակնել գերագույն գլխավոր հրամանատարի դերին, եթե ոչ՝ միմիայն ինքը։ Այդ դեպքում, իհարկե, իր երկրում ոչ ոք չի հիշի այն մասին, որ նա բռնապետ նախագահ է, որն իր երկրում թերթեր է փակում, բանտ է նետում բլոգերներին, յուրացնում է պետական հարստությունը եւ այլն, եւ այլն։ Այս ամենը դառնում է տասներորդական նշանակության մանրուք։ Եվ իհարկե, նման արդյունքի համար արժեր միջազգային հանրությունից մի երկու թթու խոսք լսել։ Այսպիսով, քաղաքական դրդապատճառը, որն ստիպեց Ալիեւին՝ ազատություն շնորհել Սաֆարովին, լիովին արժեր դրան։

Իսկ որն է այն քաղաքական դրդապատճառը, որ ստիպեց Սերժ Սարգսյանին՝ չխոչընդոտել Սաֆարովի ազատությանը։ Նույնը՝ հաջորդ տարի սպասվող նախագահական ընտրությունը։ Թեպետ դրանով Սերժ Սարգսյանը ոչ թե հերոսացավ, այլ ուղիղ հակառակը, սակայն, նրան հերոսանալ պետք էլ չէր։ Հայաստանում իրավիճակը բոլորովին այլ է, նույն գործոնը կարող է, իհարկե, ծառայել միեւնույն նպատակին, բայց մոտիվացիաները բոլորովին այլ են։ Մասնավորապես, պատերազմի վերսկսման վտանգը, որին նվիրված՝ Հայաստանում մեծ էնտուզիազմով ասուլիսներ են հրավիրում գեներալներն ու քաղաքական գործիչները, եւ որի վրա յուղ են լցնում մտավորականներն ու հասարակական-քաղաքական տարբեր ուժեր՝ պահանջելով Հայաստանի իշխանություններից ճանաչել Ղարաբաղի անկախությունը, սպասվող նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանին նույնքան պետք է, որքան Իլհամ Ալիեւին։ Իհարկե, կարելի է առարկել, ասելով, թե նախագահական ընտրություններին դեռ վեց ամիս կա, եւ ամեն ինչ կարող է մինչ այդ փոխվել։ Սակայն, ի պատասխան այդ առարկության, կարելի է նաեւ պնդել, որ ընտրությունների համար առավել կարեւոր է հենց առաջիկա երկու, երեք ամիսը, երբ երկրում քաղաքական վերադասավորումներ էին կանխատեսվում, որոնք էլ պետք է ազդեին ընտրությունների ելքի վրա։ Եվ ահա, այդ վերադասավորումների շրջանում երկրի գլխին կախվում է պատերազմի վերսկսման վտանգ: Սա իր հետ բերում է մի տեսակ համերաշխության մթնոլորտի ձեւավորում, բթացնում է քաղաքական հակառակորդներ լինելու զգացողությունը, ետին պլան է մղում Սերժ Սարգսյանի կառավարման օրոք երկրին հասցված չարիքների մասին քննարկումները, եւ լայն հնարավորություն է ստեղծում, որ բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում՝ ամենաընդդիմադիրները ձեռնպահ մնան քաղաքական արկածախնդրությունից եւ պետականությունը վեր դասեն ամեն ինչից։ Այս ամենի նշույլներն արդեն տեսանելի են։ Սինչդեռ պատերազմի վտանգը էլ ավելի ռեալ դարձնելու միջոցներ միշտ էլ կգտնվեն, ու այդ դեպքում Հայաստանում արտագաղթի, տնտեսական վիճակի, աղքատության, իշխանափոխության անհրաժեշտության ու բազմաթիվ այլ բաների մասին խոսակցությունների փոխարեն կհնչի կոչ՝ «համախմբվել գործող նախագահի շուրջը»։ Ահա այն քաղաքական դրդապատճառը, որ ստիպեց Սերժ Սարգսյանին՝ ոչնչով չխոչընդոտել Սաֆարովի էքստրադիցիային, խաբվել հունգարացիների կողմից եւ մեկ օր անց ԼՂՀ անկախության տոնի առիթով հայտարարել. «(…) մենք չենք ուզում պատերազմ, բայց այն մեզ պարտադրելու դեպքում կռվելու ենք եւ հաղթելու (…)»:

Աննա Վ.ՀԱԿՈԲՅԱՆ 

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930