Լրահոս
Օրվա լրահոսը

Բելգիահայերը բողոքի նամակ են հղել Բելգիայում Հունգարիայի դեսպանին

Սեպտեմբեր 06,2012 23:42

Բելգիայի Անտվերպեն քաղաքի «Նուարդ» հայկական միությունը բողոքի նամակ է ուղարկել Բելգիայի Թագավորությունում Հունգարիայի դեսպանին:
Նամակում, մասնավորապես, գրված է.«Հարգելի պարոն Դեսպան, զայրույթով ականատես եղանք Եվրոպայի նորագույն պատմության մեջ ամենաամոթալի իրադարձությանը: Հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ սպանած ադրբեջանցի զինծառայողը Հունգարիայի կողմից վերադարձվել է Ադրբեջան: Եվ ինչպես Հայաստանի իշխանությունը նախազգուշացնում էր բազմաթիվ անգամներ, Ադրբեջանի նախագահի կողմից անհապաղ ներում է շնորհվել նրան: Դա տեղի է ունեցել, քանի որ Եվրոպական միության անդամ Հունգարիայի իշխանությունները գործարքի մեջ են մտել Ադրբեջանի իշխանությունների հետ:
Կենտրոնական Եվրոպայում գտնվող պետության կառավարությունը հստակ հասկացնել տվեց ողջ քաղաքակիրթ մարդկությանը, որ Հունգարիան որդեգրել է հանցագործության անպատժելիության քաղաքականություն և իր վարած քաղաքականությամբ հավասարվել մարմնավաճառի մակարդակին:
Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանը հստակ կայացած պրակտիկա ունի, որի համաձայն համաներումները, որոնք կիրառվում են սպանության դեպքերի համատեքստում և հանգեցնում են անպատժելիության, որակվում են որպես պետության կողմից կյանքի իրավունքի ոտնահարում (տեսեք օրինակ՝ Barios Altos v. Peru դասական համարվող գործը):
Հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադերբեջանցի ոճրագործին հանձնելով իր իսկ երկրին, որտեղ պետական մակարդակով նրան հերոսացման քաղաքականություն են վարում համարվում է մարդու կյանքի իրավունքի ոտնահարում և անպատժելիություն, իսկ պետության կողմից խոշտանգումների համար չպատժելը որակվում է որպես խոշտանգում հենց այդ պետության կողմից։
Պատժի հիմնական նպատակներից մեկը պրևենտիվ գործառույթն է, իսկ այդ գործառույթի իրականացումը պետության պոզիտիվ պարտավորությունն է։ Եթե պետությունն այդ պարտավորությունը չի կատարում, ուստի այդ պետությունը խախտում է մարդու կյանքի իրավունքը:
Հստակ է, որ սպանությունը կատարվել էր ազգային հողի վրա: Դատաքննության ընթացքում հստակ հաստատվեց այն փաստը, որ Սաֆարովը Գուրգեն Մարգարյանին սպանել էր միայն այն բանի համար, որ վերջինս հայ էր: Ուստի այդ ոճրագործությունը ուղղված էր ոչ թե միայն Գուրգեն Մարգարյանի, այլ ամբողջ մարդկության դեմ:
Բուդապեշտն անգամ անտեսեց այն, որ ութ տարի առաջ այդ քաղաքում տեղի ունեցած ոճրագործությունը իր առանձնակի դաժանությամբ աննախադեպ էր այդ պետության համար: Այդ օրերին Հունգարիայի իրավապահնները նշում էին, որ իրենց աշխատանքային պրակտիկայում երբեք չէին հանդիպել նման դաժան սպանության: Կարծում ենք, որ սա Հունգարիայի դիվանագիտական պատմության ամենամեծագույն սխալն է:
Եվրոպական շատ հեղինակավոր կառույցներ, կազմակերպություններ և երկրներ Հայաստանն անվանում են ոչ այնքան ժողովրդավար, կարծում եմ անհրաժեշտ է նախ տեսնել ձեր սեփական աչքի գերանը, այնուհետ ուրիշի աչքի շիվը:
Ավարտելով, մեր խորին մտահագությունն ենք հայտնում Հունգարիայի կողմից կատարվածի վերաբերյալ և նշում, որ մենք երբեք դա չենք հանդուրժելու, հայ ժողովուրդը դա ձեզ երբեք չի ներելու:

Գևորգ Մինասյան
Բելգիայի «Նուարդ» հայկական միության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930