Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Դեն Բարթընին:
Հանրապետության ղեկավարը գոհունակությամբ է արձանագրել, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի տարում երկու երկրների միջև հարաբերությունները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակում: Հայաստանը, Նախագահի հավաստմամբ, ցանկություն ունի ավանդական և անկեղծ բարեկամի` Միացյալ Նահանգների հետ խորացնել հարաբերությունները բոլոր ոլորտներում:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին Միացյալ Նահանգների կողմից մշտապես ցուցաբերվող օժանդակության համար: «Մենք վերջերս վկա եղանք անկեղծ բարեկամության և անաչառության ևս մի օրինակի՝ երբ ԱՄՆ Նախագահը, Պետքարտուղարությունը, խորհրդարանականները արագ, միանշանակ և համարժեք արձագանք տվեցին Ռամիլ Սաֆարովի փոխանցման և ազատ արձակման դեպքի առնչությամբ: Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց և անձամբ Ձեզ այդպիսի դիրքորոշման համար: Մենք տեղյակ ենք Ձեր դիրքորոշմանը, որ արտահայտել եք Բաքվում, և կարծում եմ, որ դա շատ ճիշտ դիրքորոշում է»,-նշել է Սերժ Սարգսյանը:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանը և ԱՄՆ-ը ամուր գործընկերային հարաբերություններ են ծավալում թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթություններում: Երկուստեք կարևորվել է հայ-ամերիկյան տնտեսական կապերի առավել խորացման, Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան ներդրումների ավելացման ուղղությամբ ջանքերը:
Կոնգրեսական Դեն Բարթընի հետ հանդիպմանը Նախագահը նշել է, որ բարձր է գնահատում ԱՄՆ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում, ինչպես նաև այն օժանդակությունը, որն ամեն տարի տրամադրվում է Արցախի ժողովրդին:
ՀՀ նախագահի աշխատակազմ