Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրաքի փոխվարչապետ Ռոշ Նուրի Շավեյսին:
Ընդգծելով Իրաքի Հանրապետությունից նման բարձր մակարդակով պատվիրակության այցի կարևորությունը՝ նախագահը նշել է, որ այսօրինակ այցերը կարող են մեծապես նպաստել միջպետական կապերի ամրապնդմանը: Սերժ Սարգսյանը ցանկություն է հայտնել, որ այսուհետ երկու երկրների հարաբերություններում դրանք շարունակական բնույթ կրեն:
Իրաքի փոխվարչապետը գոհունակությամբ է խոսել այցի օրերին հայ գործընկերների հետ ունեցած արդյունավետ հանդիպումների և փոխշահավետ մի շարք ոլորտներում համագործակցությունը խորացնելու պայմանավորվածությունների մասին: Նա վստահեցրել է, որ Իրաքի իշխանությունները ջանք չեն խնայի բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու և ցանկալի մակարդակին հասցնելու համար:
Ռոշ Նուրի Շավեյսն առաջարկել է ստեղծել միջկառավարական հանձնաժողով, որը ձեռք բերված պայմանավորվածությունները կտեղափոխի գործնական հարթություն և վստահեցրել է, որ իրաքյան կողմը պատրաստ է բարձր մակարդակով այդպիսի հանձաժողով ձևավորել: Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է առաջարկը և ընդգծել, որ հայկական կողմը ևս պատրաստ է կարճ ժամկետում ձևավորել միջկառավարական հանձնաժողով:
Կարդացեք նաև
Իրաքի փոխվարչապետը ՀՀ նախագահի հետ հանդիպմանը տեղեկացրել է նաև մոտ ապագայում Երևանում Իրաքի դեսպանության վերաբացման՝ իր երկրի մտադրության մասին:
Փոխվարչապետ Ռոշ Նուրի Շավեյսը հիացմունքով է խոսել իրաքահայ համայնքի մասին և ընդգծել, որ հայերը Իրաքում հարգված ու արժանավոր մարդիկ են: Նրանք բոլորը, ըստ փոխվարչապետի, դեսպաններ են, ովքեր լավագույն ձևով ներկայացնում են Հայաստանը:
Երկուստեք նշվել է, որ հայ-իրաքյան բարիդրացիական հարաբերությունները, երկու ժողովուրդների բարեկամությունը գալիս են դեռևս անհիշելի ժամանակներից:
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման ավարտին նշել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության, կայունության և համերաշխության հաստատմամբ: Հանրապետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ բարեկամ Իրաքը հաջողությամբ կհաղթահարի բոլոր ընթացիկ խնդիրներն ու կայուն զարգացում կապրի:
ՀՀ նախագահի աշխատակազմ