Ֆեյսբուք սոցցանցում ստեղծված ՆՈՐ ՀԱՅԵՐ խումբը Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանին գրություն է ուղարկել՝ առաջարկով՝ ԱԺ նիստերը հեռարձակել Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով:
Ինչպես տեղեկացնում են առաջարկի հեղինակները՝ նամակն իրենք ուղարկել են նաև ԱԺ-ում գործող բոլոր քաղաքական ուժերին, հանրային խորհրդին, սակայն դեռ արձագանք չեն ստացել: ՆՈՐ ՀԱՅԵՐ-ը իրականացրել են էլեկտրոնային ստորագրահավաք , որով քաղաքացիները խնդրում են ԱԺ նիստերը եթեր հեռարձակել Հանրայինի ուղիղ եթերում՝ նպատակ ունենալով բարձրացնել ԱԺ հասարակական վերահսկողության արդյունավետությունը:
Aravot.am-ը այս մասին փորձեց պարզաբանումներ ստանալ Հանրային հեռուստաընկերությունից: Այստեղ մեզ չպատասխանեցին, փոխարենը խորհուրդ տվեցին նամակով հղել մեր հարցերը, և Ալեքսան Հարությունյանը 10-օրյա ժամկետում կպատասխանի մեզ:
Կարդացեք նաև
Aravot.am-ը լսեց նաև մեդիա փորձագետների կարծիքը՝ ՆՈՐ ՀԱՅԵՐ-ի առաջարկի արդյունավետության կապակցությամբ: Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց. «Կարող ենք շահել երկկողմանի: Հասարակությունն ավելի հետաքրքրված կլինի, պատգամավորներն էլ գոնե մի քիչ ավելի քիչ կքնեն և ակտիվ կլինեն: Երբ առաջին ԱԺ-ն էր գործում, հեռուստատեսությամբ նիստերը եթեր էին հեռարձակվում, ես դիտում էի: Թե չէ այսօր մարդիկ մեկ-մեկ ֆեյսբուքում են գտնում լուսանկար, որ ինչ-որ պատգամավոր քնած է, կամ շարիկ է խաղում, մարդիկ նույնիսկ իրենց տարածքի պատգամավորին չեն ճանաչում»:
Հարցին՝ արդյոք առաջարկը կընդունվի՞ իր կարծիքով, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Գիտեք դժվարանում եմ ասել: Այսօր հեռուստատեսությունը շատ կոմերցիոնիզացված է, նույնիսկ Հանրայինը, որը ավելի քիչ կոմերցիոնիզացված պիտի լինի, ամենակոմերցիոնիզացվածն է: Այնպես որ, ինչ- որ հավատս չի գալիս»:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ ասաց. «Դժվար թե առաջարկը կընդունվի, քանի որ այդքան եթեր տրամադրել ուղիղ եթերների հեռարձակման համար, դժվար որևէ հեռուստաընկերություն համաձայնի: Գաղափարը լավն է, եթե տեխնիկապես հնարավոր լիներ և դա չվնասի այլ հեռուստաընկերությունների գործունեությանը այն առումով, որ կապուղի է զբաղված լինելու: Նույնիսկ Խորհրդարանական ժամ հաղորդման ժամանակ, որը Հ1-ով էր եթեր հեռարձակվում, հեռուստաընկերությունն ըմբոստացավ դրա դեմ, քանի որ ԱԺ-ն էր որոշում, որ ժամին եթեր զբաղեցնել: Դա ինչ- որ տեղ արդարացված է, քանի որ ընդհանուր ուղղվածության հեռուստաընկերությունը տրամադրի այդքան ժամանակ և հստակ ժամերին եթեր տրամադրի այդպիսի հաղորդումների համար, դա չի բխում ՀՀ օրենսդրությունից և լրատվամիջոցների անկախությունից»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ