Երեկ Կապանի քաղաքապետարան ներկայացված՝ սեպտեմբերի 7-ին Կապանի մշակույթի հարակից հրապարակում հավաք անցկացնելու մասին դիմումը մերժվել է:
Քաղաքապետարանից պարզաբանեցին, որ հավաքի իրազեկման մասին գրությունը ժամկետի խախտումով էր ներկայացվել: Եթե քաղաքապետարանը թույլատրելու լիներ հավաքը, ապա դա կարող էր անել ոչ շուտ, քան 7 օր հետո, այսինքն՝ օրենքի շրջանակներում հավաք անցկացնելու համար կազմակերպիչներն առնվազն պետք է 7 օր շուտ տեղյակ պահեին քաղաքապետարանին նախատեսվող հավաքի մասին, այնինչ՝ սեպտեմբերի 5-ին իրազեկում են սեպտեմբերի 7-ին հավաք անցկացնելու մասին: Սակայն օրենքը չի արգելում առանց գրություն ներկայացնելու եւ առանց թույլտվության ինքնաբուխ հավաք անցկացնել` մինչեւ 100 մարդու ներկայությամբ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք` կապանցիները հավաք էին ուզում անցկացնել ի դժգոհություն նախընտրական այս շրջանում Կապանում ստեղծված անառողջ մթնոլորտի, որով պայմանավորված՝ կապանցին զրկվել է ընտրության իր իրավունքից: Մարզկենտրոնի բնակիչները որոշել էին բոյկոտել ստեղծված իրավիճակի դեմ` ընտրության օրը դեմ քվեարկելով եւ անվավեր անելով սեպտեմբերի 9-ի ընտրությունները, որի վերաբերյալ դեռեւս շարունակում են եւ չեն դադարում կոչեր հնչել մարզկենտրոնում:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ