Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն է՞լ է Սամվել Բալասանյանի հերքումն ընկալել որպես ապտակ` Սերժ Սարգսյանին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 06,2012 16:33

Ինչո՞վ է պայմանավորված, որ ՀՀԿ-ն ՏԻՄ ընտրություններին սատարում է ԲՀԿ թեկնածուներին այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսին Գյումրին է: Aravot.am-ի հարցին ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը պատասխանեց, որ այդ հարցին իր գործընկերները, կուսակից այն ընկերները, որոնք իրավասու են պատասխանել եւ հանդես գալ ՀՀԿ անունից, պատասխանել են. «Ես ոչինչ չունեմ հավելելու»:

Սամվել Բալասանյանը հերքել էր նախագահ Սերժ Սարգսյանի` նախօրեին Գյումրիում արած հայտարարությունը, որ Սամվել Բալասանյանին ինքն է առաջադրել քաղաքապետի թեկնածու` «Կենտրոն» հեռուստաընկերությամբ ասելով, որ իրեն քաղաքապետի թեկնածու է առաջադրել ԲՀԿ խորհուրդը, ինչի համար շնորհակալ եւ երախտապարտ է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Իսկ դա ՀԱԿ համակարգող եւ ՀԱԿ խմբակցութան պատգամավոր Լեւոն Զուրաբյանի կողմից որակվել էր որպես ապտակ` Սերժ Սարգսյանին:

Մենք պարոն Դավթյանից հետաքրքրվեցինք, թե ինքն է՞լ է Սամվել Բալասանյանի հերքումն ընկալել որպես ապտակ: Նա պատասխանեց. «Երբեւիցե եղե՞լ է, որ այն, ինչ ՀԱԿ-ը ասում է, ՀԱԿ-ի ասածները ես ընկալեմ այն ձեւով, ինչ իրենք են հասկանում»: Մենք հետաքրքրվեցինք, թե նա ինչպե՞ս է ընկալում Սամվել Բալասանյանի հերքումը, պարոն Դավթյանն ասաց, որ ծանոթ չէ. «Նախ պիտի ծանոթանամ պարոն Բալասանյանի հերքմանը, որպեսզի իրավունք ունենամ պատասխանելու ձեր հարցերին: Ես չեմ կարծում, որ այն տեսքով, ինչ տեսքով որ ներկայացված է` դա իրականություն է: Եվ մեկ անգամ չէ, երբ ուղղակի փաստերը եւ այն, ինչ ասվել է, դա գլխիվայր շուռ է տրվում եւ մատուցվում որպես ճշմարտություն»:

Մենք հետաքրքրվեցինք` հիմա ԲՀԿ-ՀՀԿ հարաբերություններն ինչպիսին են` ջե՞րմ` պարոն Դավթյանը պատասխանեց` «Նորմալ աշխատանքային: Ինչո՞ւ չէ, կան հարցեր` նաեւ ջերմ»:

Նախագահական ընտրություններին ՀՀԿ-ն ԲՀԿ-ի վրա հենվելու, նրա աջակցման կարիքը չունի՞` պարոն Դավթյանը պատասխանեց. «Նախագահական ընտրություններին դեռեւս ժամանակ կա, բոլոր հարցերի պատասխանները մենք կունենանք ժամանակի ընթացքում: ՀՀԿ-ն ունի բավականին լուրջ պոտենցիալ եւ ավելի լուրջ պոտենցիալ որեւիցե մի քաղաքական ուժ Հայաստանում չունի: Մենք դա բազմիցս ենք հայտարարել, որ մեզ համար միավորումը, միասնականությունը ուղղակի այլընտրանք չունեցող արժեք է: Ինչքան ավելի շատ քաղաքական ուժեր աջակցեն մեզ առաջիկա ընտրություններին, կարծում եմ, որ այնքան մեր հասարակությունն ավելի միավորված եւ ավելի միասնական կլինի»:

Մենք նաեւ ՀՀԿ պատգամավորից հետաքրքրվեցինք, թե ընդդիմությանը կհաջողվի՞ միասնական թեկնածուով հանդես գալ, համախմբվել, ինչին նա պատասխանեց. «Համենայնդեպս, ես կցանկանամ, որ լիներ դա, որովհետեւ ինչպես իշխանական դաշտում, այնպես էլ ընդդիմության դաշտում եւ ընդհանրապես կյանքում միշտ էլ միավորումը եւ միասնականությունը բերում է դրական արդյունքների»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930