Այսօր` սեպտեմբերի 6-ին, Համազգային թատրոնում կկայանա «Երգող ամառներ» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Այն նվիրված է Շուշիի «Վարանդա» երգչախմբի եւ Շուշիի ազատագրման 20-ամյակին:
«Վարանդա» մանկապատանեկան, երիտասարդական պետական երգչախմբի հիմնադիր Զաքար Քեշիշյանն այսօր «Ուրբաթ» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց, որ մի շարք կուտակված նյութեր է ունեցել` համերգներից մինչեւ առօրյա դեպքեր: Ֆիլմով ցանկացել է հին սերնդի գործը փոխանցել նորերին. «Այդ արխիվային նյութերը ես հանձնեցի Լիբանանի դասախոսներից մեկին, ով բեմադրիչ է: Նա ընդունեց այն, առանց իմանալու գլխի գալիքը: Մեկ ամսվա մեջ կարողացավ ամփոփել նյութերը եւ ուղարկեց ինձ: Տեւողությունը մեկ ժամ է»:
Երգչախմբի` Շուշիում կայացած համերգի ժամանակ ցուցադրվել է ֆիլմը եւ մեծ հավանության է արժանացել հանդիսատեսի կողմից. «Սեպտեմբերի 3-4-ին իրականացրեցինք տոնական համերգ` Շուշիում: Այն ժամանակ, ստեղծելիս պետք էր ուրախացնել, իսկ հիմա` արցունք չորացնել: Պատահում էր, որ պատերազմի պատճառով ստիպված էինք թողնել դասերն ու պատսպարվել մի տեղ»:
Երգչախումբը դեռ ամենասկզբից մեծ ուշադրության է արժանացել երգահանների ու գրողների կողմից: Մինչ այժմ նրանք կատարել են ավելի քան 300 երգ: Ղեկավարի խոսքով, նախկին անդամների երեխաներն են հիմա գալիս երգչախումբ, եւ համալրում նորերի շարքը. «Մենք ունենք երիտասարդներ, ովքեր համալսարաններից են: Ես մեծ սիրով ամեն ամառ կգամ այստեղ եւ իմ հանգիստը կնվիրեմ Շուշիին: Այս տարվա մեր համերգները անցել են տոնական մթնոլորտում, իսկ երգերն էլ ուրախ էին»:
Ըստ Քեշիշյանի, Շուշին ունի իր կարիքը, դրա համար էլ նա պետք է շարունակի սկսած գործը:
«Այսօրվա Շուշին ավելի բարեկարգ է եւ առաջիկա տարիներում պետք է ավելի զարգանա: Հիշում եմ, որ մի քանի տարի առաջ, երբ մի դահլիճում համերգ էինք կազմակերպել, բոլորին մոմեր էինք բաժանել, քանի որ լույս չկար: Այս տարի նորից ցանկանում էինք նույն դահլիճում անել, բայց իմացանք, որ վերանորոգվում է»,- ասաց Զաքար Քեշիշյանը:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ