Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԱ պատասխանը Լեւոն Չուգասզյանին. «Այդ հարցազրույցով ի՛նքն է խաղում հայ ժողովրդի ու հայոց պետականության հեղինակության հետ»

Սեպտեմբեր 06,2012 15:33

Զարմանքով ու հիասթափությամբ ծանոթացանք «Առավոտ»-ի 2012թ. սեպտեմբերի 5-ի համարում տեղ գտած «Լեւոն Չուգասզյանը դատապարտում է ՀՀ ԳԱԱ «տաքգլուխ» որոշումն ու անտեղյակությունը» հոդված-հարցազրույցին:

 «Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի իշխանությունների` Ադրբեջանի իշխանությունների հետ կնքած խայտառակ, անպատիվ ու անհանդուրժելի գործարքը ցնցել ու խորապես վրդովել է գիտության հայ մշակներին` դրդելով ապաքաղաքական համարվող գիտնականներին ծայրահեղ ու աննախադեպ նմանօրինակ քայլի»,- ասվում է ԳԱԱ վերջերս հրապարակված Ուղերձում: Ցավոք, Լ.Չուգասզյանը կարդացել ու հավանաբար լավ չի հասկացել, որ ՀՀ ԳԱԱ Ուղերձում դատապարտվում է ոչ թե հունգար ժողովուրդը, այլ հունգարական իշխանությունները, և որ դրանով ամենևին էլ սեպ չի խրվում, կամ ինչպես ինքն է նկատում` «անջրպետ գոյանում բարեկամ ժողովուրդների միջև»: Ըստ երևույթին` նա տեղյակ չէ, որ այդ խայտառակությունը դատապարտում է աշխարհի ողջ առաջադեմ մարդկությունը, այդ թվում` հունգար ժողովուրդը ևս:

Նկատենք, որ ՀՀ ԳԱԱ Ուղերձը ներկայացնում է ակադեմիականների կարծիքը, որոնց շարքերում չէ, բարեբախտաբար, էթնիկ հողի վրա անմեղ մարդուն կացնահարած մարդասպանին ներում շնորհած բարբարոսներին դատապարտող Ուղերձը «րոպեի ազդեցության տակ տաքգլուխ, անլուրջ որոշումներ» համարող «անվանի գիտնականը»:

Ինքը համաձայն չէ դրա հետ` դա իր անձնական գործն է, իր սեփական կարծիքը: Մի՞թե Հայաստանի Հանրապետությունում կան մարդիկ, հայեր, առավել ևս` իրենց «անվանի գիտնական» համարող մտավորականներ, ովքեր կարող են նման` ըստ էության ադրբեջանամետ դիրք գրավել: Մի՞թե դա իր անձնական կարծիքն է, թե՞ …: Ու՞մ ջրաղացին է ջուր լցնում Լ.Չուգասզյանը: Ո՞ր սադրիչ ուժերի թելադրանքով է հրապարակում այդ անընդունելի տեսակետը:

Մեզ համար միանգամայն պարզ են Լ.Չուգասզյանի հողվածի շարժառիթները: 2010 թվականի ՀՀ ԳԱԱ ընտրություններում նա չհավաքեց անհրաժեշտ ձայներ և չընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: Այդ օրվանից էլ ՀՀ ԳԱԱ-ն, ու մասնավորաբար` ՀՀ ԳԱԱ հայագիտության ու հասարակական գիտությունների բաժանմունքը դարձավ նրա թշնամին, հարձակումների թիրախը: Նմանատիպ հրապարակումներ տեղ են գտել հենց «Առավոտ» թերթում:

Սակայն մենք չենք արձագանքել` դա համարելով նեղացած մարդու, թեև ճշմարիտ գիտնականին անվայել կեցվածք: Աստված իր հետ: Բայց այս անգամ լռել անկարող ենք, քանի որ իր անձնական հաշիվները մաքրելու նպատակով նա շահարկում է հայ ժողովրդի պատմության դրամատիկ իրադարձություններից մեկը, որի դեմ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել բոլոր բանական մարդիկ` անկախ ազգային պատկանելությունից:  Ցավալի է, որ այս անգամ էլ նա իր գործընկերներին պիտակներ է կպցնում, անվանում «տաքգլուխ», «անարժան» ու «տգետ»` մարդասպանի պաշտպաններին դատապարտելու համար:

Նա համոզված է, որ այդ Ուղերձը խաղում է Գիտությունների ակադեմիայի հեղինակության հետ: Ասում է` չհասկանալով, որ իր այդ հարցազրույցով ի՛նքն է խաղում հայ ժողովրդի ու հայոց պետականության հեղինակության հետ:

Նկատենք նաև, որ ՀՀ ԳԱԱ Ուղերձը ոչ թե հայագիտական, այլ քաղաքական փաստաթուղթ է, որտեղ Հայաստանի գիտական հասարակայնությունը  դիմում է Հունգարիայի գիտական հասարակայնությանը. «Ծանրակշիռ Ձեր ձայնը լսելի դարձրեք Ձեր իշխանություններին, դատապարտեք ու պարսավեք նրանց անբարո եւհունգար ժողովրդի համար անպատվաբեր գործարքը» :

 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930