Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ Ուսուցման ազգային հիմնադրամի առաջին համաժողովը՝ «Ուսուցում՝ հանուն երաշխիքային աշխատանքի և աշխատողի» խորագրով: Ուսուցման ազգային հիմնադրամի /ՈՒԱՀ/ ստեղծման նպատակն է խթանել հարատև ուսումնառության համատեքստում իրականացվող շարունակական կատարելագործմանը, աշխատուժի և բիզնեսի մրցակցության բարձրացմանը և այդ նպատակով իրականացվող ծրագրերի հիմնավոր նպատակադրմանը: ՈՒԱՀ-ի գերակա խնդիրն է օժանդակել Հայաստանում աշխատաշուկայի կարիքներին համապատասխանող հմտությունների զարգացմանը:
Համաժողովի նպատակն է հավանական գործընկերների և շահառուների շրջանում իրազեկել ՈՒԱՀ-ի ստեղծման, նրա նպատակների ու խնդիրների, հնարավոր միջոցառումների և գործողությունների մասին, քննարկել Ուսուցման ազգային հիմնադրամի գործարկման հարցերը՝ ֆինանսավորման քաղաքականության և մեթոդաբանության տեսանկյունից, և առաջարկություններ ձևավորել՝ աշխատաշուկայի կարիքներին համապատասխանող հմտությունների զարգացման գործում համագործակցության վերաբերյալ:
Համաժողովի բացմանը մասնակցեցին ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ուսուցման Ազգային հիմնադրամի տնօրեն Մարինե Հակոբյանը, ՈՒԱՀ հաղորդագրությունների խորհրդի նախագահ, ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը:
Նախարար Արմեն Աշոտյանի խոսքով քննարկվելու են մասնագիտական շարունակական կրթության հետ կապված շատ արդիական խնդիրներ, ծրագիրը կարևոր է Հայաստանի տնտեսության համար.
Կարդացեք նաև
«Հայաստանում կրթական հաստատությունները հազարավոր շրջանավարտներ են թողարկում: Նրանց մի մասը հմտությունների խումբ չունի կամ գործատուները շահագրգիռ չեն ընդունելու աշխատանքի: Խնդիրը վերաբերում է տնտեսական ամբողջ համակարգին, հարկատուների ճնշող մեծամասնությունը ներդրում կրթության բնագավառում չեն իրականացնում, կապը մեր ուսումնական հաստատությունների և գործատուների միջև հեռու է ցանկալիից»:
Ըստ Աշոտյանի կրթությունը հանրային բարիք է, ՀՀ գործատուները պետք է հասկանան, որ կրթության ոլորտում իրենց մասնակցությունը բարեգործություն չէ, համաժողովից էլ ակնկալում է առավել փոխշահավետ համագործակցություն.
«Ցանկացած նախագիծ կամ գաղափար, որ կարող է օգնել բուհին և գործատուին, կառավարության կողմից, որևէ խնդրի առջև չի կանգնի»:
«Սրտատրոփ, ազգովի երկրպագելու երևույթը կուզենայի, որ լիներ, ոչ միայն երեխայի բուհ ընդունվելու ժամանակ, այլև ցանկացած փուլում, երբ որևէ անհատ, ցանկացած տարիքում ուզում է ստանալ կրթություն: Սովորելը ամոթ չէ, անհրաժեշտ է սովորել, սովորել, սովորել»,- հավելեց նախարարը:
Նախարարի խոսքով հասարակությանը կարող է հիասթափեցնել դեռևս առկա, շատ բացասական երևույթը՝ ծանոթով աշխատանքի անցնելը, բայց նա ճանաչում է բազում մասնագետների, որոնք երբեք իրենց բարեկամին աշխատանքի չեն վերցնի, եթե այդ բարեկամը չունենա խելք, գիտելիք.
«Երբ հարցը հասնում է սեփական շահին, մեր գործատուները շատ լավ էլ տարբերակում են շահավետ աշխատուժ ունենալու, եկամտի աղբյուր հանդիսացող մարդու ճանապարհը»,-ասում է Արմեն Աշոտյանը:
Ըստ Ուսուցման Ազգային հիմնադրամի տնօրեն Մարինե Հակոբյանի հերթական ձևական կառույցի միտում չկա.
«Քննարկումը անցկացվում է այն մարդկանց շրջանում, ովքեր հետաքրքրված են, շահագրգիռ են, որպեսզի դաշտը գոյանա, հստակ գիտակցում են, որ իսկապես կարևոր է, որ կադրի հզորության հաշվին իրենք իրենց բիզնեսը և իրենց գործունեությունը ավելի ուժեղ ու մրցունակ դարձնեն: Կլոր սեղանը 2 նպատակ ունի՝ աջակցություն և ընդհանուր համաձայնություն»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ