Այսօր «Տեսակետ» ակումբում Հայաստանի hրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը, «Աթուր» ասորական ասոցիացիայի նախագահ Արսեն Միխայելովը և Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը ներկայացրեցին Ազգային փոքրամասնությունների միացյալ հայտարարությունը` Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունների գործարքի վերաբերյալ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր. «Մենք` ՀՀ 11 ազգային փոքրամասնությունների համայնքների ներկայացուցիչներս, դատապարտում ենք Հունգարիայի կառավարության անարժանապատիվ որոշումը: Լռությամբ խրախուսվում է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների միջազգային նորմերի կոպիտ ոտնահարումը, պետական մակարդակով հայերի հանդեպ արմատավորված ատելության մթնոլորտի տարածումն ու ամրապնդումը: Ադրբեջանի իշխանությունների քայլն աններելի է եւ անհանդուրժելի: Մենք խորապես ցավում ենք Գուրգեն Մարգարյանի կորստի համար եւ պահանջում արդարություն»:
Ռիմա Վարժապետյանն ասաց, որ հրեական համայնքի հասարակական կազմակերպությունները կատարվածի առթիվ իրենց վարկաբեկված են զգում,. «Մենք պայքարելու ենք, որ մեղավորները` Հունգարիայի եւ Ադրբեջանի կառավարությունները պատժվեն: Ցնցված եւ զարմացած ենք այն հանգամանքով, որ մարդասպանին հերոսացրին. այդ կե՞րպ է Ադրբեջանը սերունդ դաստիարակում: Դա ամենասարափելին է եւ հանցագործը պետք է պատժվի, իսկ սերունդները պետք է իմանան այդ մասին»: Ռիմա Վարժապետյանի խոսքով, անարդարության դեմ պետք է բողոք բարձրացնի ոչ միայն հայկական սփյուռքը, այլեւ միջազգային հանրությունը. «Այնուամենայնիվ, կատարվածը չպետք է պատերազմի առիթ հանդիսանա, խնդրին քաղաքակիրթ լուծում պետք է տալ: Միայն Աստված կարող է տնօրինել մարդու կյանքը: Պետք չէ կրկնել Սաֆարովի գործած չարիքը. հանկարծակի մահը նրան նվեր կլինի: Նա պետք է տանջվի եւ տառապի, որ գիտակցի իր արարքը»:
Ազիզ Թամոյանը հանդես եկավ եզդիների համայնքի հայտարարությամբ, որով նույնպես դատապարտվում էր Սաֆարովի էքստրադիցիան եւ ազատ արձակումը. «Եզդիական համայնքը զայրույթով տեղեկացավ այդ մասին եւ իր աջակցությունն է հայտնում հայ ժողովրդին: Ժողովրդավարական երկիր համարվող Հունգարիան չպետք է այդ քայլին գնար, քանի որ Սաֆարովը մարդասպանություն է կատարել էթնիկ հողի վրա; Մեր համայնքի սովորույթների համաձայն` նման մարդասպաններին կախաղան են հանում: Այդպիսիք իրավունք չունեն ապրելու, նրանց ոտքերի տակի հողը պետք է այրել: 21-րդ դարում նման հանցագործությունները չպետք է ներվեն: Սաֆարովին ներելը նշանակում է, որ ցեղասպանությունները շարունակվում են»: Թամոյանը հավելեց, որ Սաֆարովի քայլը դաժանություն է ու ցինիզմ:
Կարդացեք նաև
Արսեն Միխայելովն ասաց, որ Հունգարիան պետք է ետ պահանջի Սաֆարովին եւ պատժի. «Կարծում եմ` Հայաստանի քայլերն ուշացած են, քանի որ էքստրադիցիան նախորոք կազմակերպված էր: Եթե հանրությունը տեղյակ լիներ տեղափոխումից եւ «բում» բարձրացներ, գուցե Սաֆարովը չհասներ Ադրբեջան: Իսկ Հունգարիան գիտեր, որ նրան ազատ են արձակելու»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ