Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «Անի», «Թամարա»,« Բիոկաթ», «Աշտարակ կաթ» , «Դուստր Մարիանա» , «Մուլտի ագրո» ընկերությունների արտադրած կաթի մեջ արձանագրել է սոդայի առկայություն: Այսօր այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը: «Ընթանում են տեսչական ստուգումներ` պարզելու համար` սոդայի կեղծվածության գործընթացը որ փուլում է տեղի ունեցել, քանի որ տնտեսվարողները վստահեցնում են, որ սոդայի կեղծվածությունն իրականացնում են այն կազմակերպությունները, որոնք մթերում են հում կաթ, բայց իրականացրել ենք նմուշառում հում կաթից եւ սոդայի կեղծվածություն հում կաթում չի հայտնաբերվել»,- ասաց պարոն Բախչագուլյանը:
Նրա խոսքերով, ծառայությունը նմուշառում է վերցրել նաեւ թթվասերից: Պարզվել է, որ երեք ընկերությունների արտադրած թթվասերի մեջ եղել է կաթի փոշու բաղադրություն , բայց այդ մասին տեղեկացրել են արտադրանքի մակնշմամբ: Ըստ նրա, կաթի փոշու բաղադրություն է եղել «Մուլտի ագրո» ընկերության արտադրած թթվասերում ու այդ մասին չի նշվել մակնշմամբ:
Վարչապետի հարցին, թե թթվասերում կաթի փոշու օգտագործումը նվազեցնո՞ւմ է արտադրանքի ինքնարժեքը, պարոն Բախչագուլյանը բացատրեց, կաթի փոշու օգտագործումը իջեցնում է կաթի փչացման ռիսկերը, կաթի փոշին պահպանության երկար ժամկետի հումք է :
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ