Այսօր «Հայելի» ակումբում ՀՅԴ անդամ, 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշեց, որ բազմաթիվ ձեւաչափեր կային, որտեղ մենք կարող էինք մեր ձայնը բարձրացնել, եւ անընդունելի է, որ մեր ԱԳՆ-ն, երբ մեջտեղ ելավ Հունգարիայից ուղարկված նամակը, ասաց, որ նախապես իմացել է ու ոչ մի քայլ չի ձեռնարկել. «Սա խոսում է մեր պետության որակների մասին: ԱԳՆ-ի՝ մեզ անակնկալներ մատուցելու ձեռագիրը դեռեւս հայ-թուրքական արձանագրություններից էին հայտնի»:
ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանի դիտարկմամբ՝ «Մենք պիտի տարանջատենք երկու բան՝ գոյություն ունի հրեշ, որն ազատության մեջ է: Ինձ համար կասկած չի հարուցում, որ ժամանակի խնդիր է այդ հրեշին պատժի արժանացնելը»: Հարցին, թե պատիժն ի՞նչ տեսքով է պատկերացնում՝ պատասխանեց. «Պատժի լավագույն տեսքը կլինի այն, ինչ որոշվել էր դատարանի կողմից, գումարած վերջին գործարքը, որն էլ ավելի կխստացնի այն: Պատժի իրավական տեսակետից ամենակատարյալ ձեւը կլինի: Իրավական քայլերից մեկը կլինի այն, որ կարող ենք դիմել Եվրադատարան: ՀՀ-ն, կարծում եմ, կարող է դատական պրոցես սկսել: Կան բազմաթիվ այլ քայլեր էլ, որոնք անպայմանորեն պետք է կատարվեն: Ես չեմ նշում, որ միջազգային հանրությունն անի այս, այն: Մեր ազգային արժանապատվությունը ոտնահարված է, իսկ սա անպատիժ չի մնում: Մենք մեր պատմության ընթացքում ունեցել ենք ողբերգական էջեր, երբ մեր ոտնահարված արժանապատվությունը վերականգնել ենք՝ մեր հերոսների միջոցով: Հիմա մենք ունենք պետություն, մեր քայլերը պետք է որ ավելի ուժեղ լինեն: Խոսվում է մի քանի միլիարդանոց գործարքի մասին, ես կարծում եմ, որ հազարապատիկ ավելի էժան ծախսերով, որն ի վիճակի է կատարել մեր հանրապետությունը, անպայման կկատարվի նաեւ համապատասխան գործողություններ, որպեսզի հանցագործն իր պատիժը ստանա: Իսկ միջազգային հանրությունը, բացի արձագանքներից, ինչ եղել է, ուրիշ ինչ քայլերի կդիմի՝ թողնենք միջազգային կառույցներին եւ ժողովրդավար երկրների պատկան մարմիններին»:
Լիլիթ Գալստյանի դիտարկմամբ՝ Հունգարիայի հետ կասեցնելով դիվանագիտական հարաբերությունները, մեր կողմից նետված ձեռնոցը դրանից հետո ենթադրում է կտրուկ քայլեր. «Սաֆարովին պատժելը մի ստորակետ է, մի ոչնչություն, մենք ստացել ենք ավելի հստակ գործողություններ ունենալու իրավունքը: Կիսատ-պռատ հայտարարություններից անդին, դրանց պիտի հաջորդեն կտրուկ գործողություններ: Միջազգային մի շարք կոնվենցիաներ մեզ թույլ են տալիս մեր Դատը պաշտպանել եւ ԼՂՀ ինքնորոշման իրավունքն ավելի հիմնավոր դարձնել: Երբ խնդիրն ունի բացառիկ քաղաքական պոտենցիալ, կարողանանք օգտվել»:
Արտակ Դավթյանը դժգոհեց, որ ոճրագործության դեպքի հետ կապված Լիլիթ Գալստյանը հիշեցրեց, որ մենք էլ չունենք նորմալ, կայացած պետություն, որ 15 հազար դրամով քվե են առնում, որ լեգիտիմ իշխանություն չունենք եւ այլն: Նա նշեց, որ մենք կորցրել ենք սպա, եւ ամենամեծ վիշտը իր հարազատներինն է: Պարոն Դավթյանը կոչ արեց այս հարցում թողնել քաղաքական դիվիդենդները. «Կա ոճրագործություն, կա կացնահարված սպա: Չի կարելի քաղաքական դիվիդենդներ շահել: Եթե պիտի արտաքին ամբիոններում գնանք եւ մտածենք ինչ դիվիդենդներ շահել… մենք պիտի ամեն ինչ անենք, որ արդարությունը հաղթի: Մի բան պիտի իմանանք, եթե այդ վիժվածքն է մի պետության հերոսը, ուրեմն այդ պետության ապագան վտանգված է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ