Վրաստանի շահերից է բխում, որպեսզի տարածաշրջանում տեղի չունենա ոչինչ, որ խանգարեր Հարավային Կովկասի երկրների համագործակցությանը եւ զարգացմանը։ Այդ մասին այսօր Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն` մեկնաբանելով ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման կապակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության աճը։
«Վրաստանը շահագրգռված է, որպեսզի բոլոր հիմնախնդիրները տարածաշրջանում լուծվեն խաղաղ ճանապարհով, քանի որ ցանկացած լարվածություն հանգեցնում է պատերազմի, իսկ դա անընդունելի է թե՛ մեր կառավարության եւ թե՛ մեր ժողովրդի համար», – «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` ընդգծել է Վաշաձեն։
Նա կողմերին կոչ է արել, որպեսզի նրանց միջեւ լարվածությունը չանցնի «թույլատրելի սահմանները», եւ վստահեցրել է, որ Վրաստանի իշխանությունները անում են ամեն ինչ` դա թույլ չտալու համար։
«Ազատություն» ռադիոկայան