Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոխգործակցություն-2012»-ը կանցկացվի պատշաճ մակարդակով

Սեպտեմբեր 06,2012 14:25

                       Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Բացելով նիստը, վարչապետն անդրադարձել է անցած ամիսների պետբյուջեի կատարողականին, 2012-2013-ի մրցունակության համաշխարհային զեկույցի Հայաստանի ցուցանիշներին, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող միջոցներին։ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ պարզաբանմամբ հանդես են եկել համապատասխան գերատեսչությունների ղեկավարները (քննարկման ընթացքը և արդյունքն ամփոփող նյութերը կայքում տեղադրվելու են առանձին)։

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակում Հայաստանի Հանրապետության տարածքում «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։ Զորավարժությունն անցկացվելու է ս.թ. սեպտեմբերի 15-ից 19-ը և նպատակ ունի ցուցադրել ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի կարողությունները համատեղ դիմադրելու բոլոր տեսակի սպառնալիքներին և մարտահրավերներին` զարգացնելով այդ ուժերի կարողությունները բարձրացնել ՀԱՊԿ համատեղ անվտանգության ուժերի և միջոցների համակարգված ներուժը` առկա և հնարավոր սպառնալիքների գոյության պայմաններում։ ՀՀ նախագահի հրամանագրով տրվող հանձնարարություններն ուղղված են զորավարժության նախապատրաստման ու անցկացման հետ կապված հիմնական միջոցառումների և աշխատանքների իրականացմանը։

 

Արտամետի միջնակարգ դպրոցը կրում է Գուրգեն Մարգարյանի անունը

 

Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի Արտամետ գյուղի հիմնական դպրոցը Գուրգեն Մարգարյանի անվամբ կոչելու կապակցությամբ կառավարությունը համապատասխան փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում, Արմավիրի մարզպետին հանձնարարել փոփոխություն կատարել նաև «Արտամետի Գուրգեն Մարգարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կանոնադրության մեջ և ապահովել դրա պետական գրանցումը։

Իր ընդունած երկու որոշումներից առաջինով կառավարությունը մոտ 92 մլն դրամ է հատկացրել Երևանի Ա.Մարգարյանի անվան N29 ավագ դպրոցի հիմնանորոգումն ավարտելու նպատակին, երկրորդով Գեղարքունիքի մարզի Սոթքի միջնակարգ դպրոցի մասնաշենքերից մեկը նվիրաբերել  գյուղական համայնքին` որպես մանկապարտեզ օգտագործելու պայմանով։

Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարելով փոփոխություններ և լրացումներ, գործադիրը ձեռնամուխ է լինում բարձրագույն կրթության բարեփոխման  հիմնական ուղղություններից մեկը հանդիսացող ֆինանսավորման համակարգի բարեփոխմանը և ուսանողների ֆինանսական աջակցության համակարգի բարելավմանը։ Որոշումը միտված է նաև բարձրագույն կրթության մատչելիությանը` ուսանողների աջակցության և ընտանիքների ապահովության գնահատման համակարգի միջոցով։

 

Սկսվում է 2013թ. պետբյուջեի նախագծի քննարկումը

 

            ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած ՀՀ 2013թ. պետբյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը։ ՀՀ հանրապետական գործադիր մարմիններին հանձնարարվել է մեկ շաբաթվա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություններ ՀՀ 2013թ. պետբյուջեի օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ։ Որոշվել է ս.թ. սեպտեմբերի 10-ից ՀՀ վարչապետի մոտ անցկացնել ՀՀ պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները։

ՀՀ կենսաթոշակային բարեփոխման ծրագրի կատարման ժամկետի փոփոխմամբ կառավարությունը սահմանել է, որ ոլորտի օրենսդրական փոփոխությունների կատարումից հետո ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը և մյուս շահագրգիռ պետական մարմինները կմշակեն և կտպագրեն անձնավորված հաշվառման համակարգին համապատասխանող հանրամատչելի տեղեկատվական գրքույկներ, համակարգչային ծրագրի ուսումնական ձեռնարկներ։

Կառավարությունն ընդունել է «Հայռուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում ՀՀ բաժնեմասի ավելացման որոշում, որի համաձայն Շիրակի, Լոռու, Տավուշի  և Սյունիքի մարզերի մի շարք համայնքների սեփականությունը հանդիսացող ավելի քան 139 մլն դրամ ընդհանուր արժեքով գազատարները նվիրաբերվելու են Հայաստանի Հանրապետությանը ի դեմս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության։ Վերը նշված գույքով վճարվելու է ընկերության կողմից թողարկված լրացուցիչ բաժնետոմսերի ձեռք բերման դիմաց։

ՀՀ կառավարության որոշմամբ մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը երկարաձգվել է գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման համար մատչելի վարկերի տրամադրման ժամկետը։ 2012թ. անցած ժամանակամիջոցում այդ նպատակին հատկացվել է շուրջ 7.5 մլրդ դրամի վարկային միջոց, որից օգտվել է ավելի քան 9 հազար վարկառու։ Վարկավորման երկրորդ փուլում նույնպես կհամալրվեն տնտեսվարողների շրջանառու միջոցները, կավելանա գյուղատնտեսական մթերքների համախառն արտադրությունը, կմեծանա արտադրության արդյունավետությունը։

 

Քաղաքաշինական ծրագրերը կկատարվեն մասնավոր ներդրումների հաշվին

 

Գործադիրը փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որը վերաբերում էր Երևանի Եկմալյան փողոցին հարող տարածքին. վերջինս ճանաչվել էր գերակա հանրային շահ։ Նոր որոշմամբ նախկին կառուցապատողի չկատարած պարտավորությունները ստանձնում է նոր ձեռքբերողը, ավարտին է հասցվում նշված հատվածի և Գլխավոր պողոտայի ճարտարապետական միասնական համալիր կազմող շինարարական ծրագիրը` կառուցապատողի հաշվին լուծելով տարածքում առկա իրավատեր անձանց խնդիրները։

Մեկ այլ որոշմամբ կառավարության ավելի վաղ ընդունած որոշմամբ բացված արտաբյուջետային հաշվից, որտեղ կուտակվում են կառուցապատողներից հավաքվող վերգետնյա վճարների մուտքերը, նախատեսվում է գումար հատկացնել «Երևան» հիմնադրամին` իրացման ծրագրերից տուժած առանձին իրավատերերի սոցիալական օգնություն տրամադրելու համար։

Կառավարությունն իր նիստում անհատական բնակելի շենքերի ընտրանքային հետազոտության իրականացման համար ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը հատկացրել է ավելի քան 4.5 մլն դրամ։ Որոշումը հնարավորություն կտա տեղեկություն հավաքել Երևան քաղաքի ավելի քան 800 շինարարության թույլտվություն ստացած ու կառուցման ընթացքում գտնվող անհատական բնակելի շենքերի պատրաստվածության աստիճանի վերաբերյալ և տալ համապատասխան արժեքային գնահատականներ։

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930