Լրահոս
Օրվա լրահոսը

Կարծրատիպերն ու կանանց ինքնառաջադրման խոչընդոտները

Սեպտեմբեր 06,2012 14:04

Հայաստանի մեծ ու փոքր բնակավայրերն այս օրերին նախընտրական եռուզեռի մեջ են. քաղաքապետի եւ գյուղապետի պաշտոնի համար պայքարին զուգահեռ՝ նախընտրական պայքար է ընթանում նաեւ ավագանու տեղերի համար: Սեպտեմբերի 9-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն 535 համայնքներում, որոնցից 397-ում՝ համայնքի ղեկավարի ընտրություններ, իսկ 454-ում՝ ավագանու ընտրություններ: Ընտրությունների քվեաթերթիկներում կլինի 4789 թեկնածու՝ 716-ը համայնքի ղեկավարի եւ 4073-ը՝ ավագանու անդամի: Որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված է 33 կին, ինչը կազմում է գրանցվածների 5%-ը, իսկ որպես ավագանու անդամի թեկնածու՝ 416 կին՝ 10%-ը: ԿԸՀ-ի տվյալներով, թեկնածուների մեծ մասը (3236 մարդ) անկուսակցական է, ինչն անուղղակի հաստատում է, որ մարզերում ավագանու ընտրությունը չի ընկալվում իբրեւ քաղաքական ընտրություն: ՏԻՄ այս ինստիտուտում հիմնականում ներկայացված են լինում խոշոր գերդաստանների եւ տեղական ազդեցիկ շրջանակների շահերը: Հայաստանում կին քաղաքապետ չկա, իսկ 866 գյուղական համայնքներից միայն 24-ն են ղեկավարվում կանանց կողմից: Դա ամենավառ վկայությունն է այն բանի, որ հայ հասարակության ներսում կանանց ազդեցությունը որոշումների կայացման գործում անհամաչափ փոքր է: Ինչպես ցույց են տալիս «Օքսֆամի» նախաձեռնած հետազոտության արդյունքները, կանանց ինքնառաջադրման հիմնական խոչընդոտներից է հասարակությունում նրանց նկատմամբ անվստահություն ձեւավորող կարծրատիպերի առկայությունը: Շրջապատի բացասական դիրքորոշումը հաճախ սահմանափակում է կնոջ ակտիվությունը:

Լոռու մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրեն, հոգեբույժ Գայանե Քալանթարյանը, ով երեք անգամ ընտրվել է Վանաձորի ավագանու անդամ եւ ավագանու միակ կին անդամն է, ու այժմ էլ պայքարում է ավագանու անդամության համար, առանձնացնում է մի շարք գործոններ, որոնք էականորեն ազդում են կանանց մասնակցության վրա: Որոշիչ են հատկապես անվստահությունն ու բարդույթները: Միեւնույն ժամանակ, առկա են օբյեկտիվ խոչընդոտներ, ինչպիսիք են կոշտ մրցավազքը տղամարդկանց հետ, բազմաթիվ կենցաղային հոգսերը: Պետք է նշել նաեւ հասարակական գործընթացների, ընտրական տեխնոլոգիաների բնագավառում կանանց բավարար իրազեկության պակասը: Ոչ պակաս կարեւոր է այն, որ կինը հասարակության մեջ միշտ չի ընկալվում որպես լիդեր: Հատկապես զարմացնում է կանանց հ/կ-ների կողմից կին թեկնածուներին լիարժեք չաջակցելը: Գայանե Քալանթարյանը գտնում է, որ մարզերում այդ կարծրատիպերը աստիճանաբար հաղթահարվում են: Կանայք ակտիվ են մասնավոր եւ հանրային սեկտորներում: Վանաձորում երրորդ գումարման ավագանիում ընտրվել է երկու կին թեկնածու, երկուսն էլ մասնագիտությամբ բժիշկ: Գայանե Քալանթարյանը, որին ընտրողների զգալի մասը կանայք են, կարծում է, որ հաղթանակի գրավականը, որպես ավագանու անդամ, սեփական առաքելության եւ հնարավորությունների պատշաճ ներկայացումն է, թիրախային աշխատանքը ընտրողների, հատկապես կին ընտրողների հետ: Հասարակության մեջ, լինելով մեծամասնություն, նաեւ շատ դեպքերում օբյեկտիվ պատճառներով՝ ընտանիքի պատասխանատվությունը կրողը, ինչը պայմանավորված է տղամարդկանց աշխատանքային արտագաղթով, կանայք ունեն չօգտագործված ներուժ, որը պարզապես պետք է կարողանալ բացահայտել: Կնոջ ավելի շատ ուղղվածությունը դեպի ընտանիք նպաստում է նրանց կողմից սոցիալական, առողջապահական եւ բնապահպանական խնդիրների, եւ ընդհանրապես՝ հանրային շահի, առավել լավ գիտակցմանը: Հենց նախընտրական հանդիպումներն ու ընտրությունների ելքն են ապացուցել, որ կանանց հստակ դիրքորոշումը, լուրջ մոտեցումը ընտրություններին, քաղաքացիական գիտակցությունն ու հետեւողականությունը վճռական նշանակություն ունեն ընտրությունների ժամանակ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը նվազագույնի հասցնելու գործում: Ըստ մեր զրուցակցի, թաղային հեղինակությունները եւ գործարարներն անցողիկ քվեներ են ստանում առավելագույնը մի քանի թաղամասերի տեղամասերում: Հրապարակային քարոզարշավի վրա հույսը դնող թեկնածուներն առանձին թաղամասերում ստանում են համեմատաբար քիչ ձայներ, սակայն անցողիկ միավորներն ապահովվում են քաղաքի թե կենտրոնական եւ թե հեռավոր թաղամասերում թեկնածուի ստացած քվեների գրեթե հավասար բաշխվածության շնորհիվ: Ընտրությունից ընտրություն ի հայտ եկող այս միտումը վկայում է համայնքում քաղաքացիական հասարակության թեեւ ոչ մեծ, բայց կայուն ընտրազանգվածի առկայության մասին: Տիկին Քալանթարյանը կնոջ ընտրվելու գրավական է համարում որեւէ քաղաքական կուսակցության անունից հանդես չգալը: Քաղաքապետի պաշտոնի համար մրցակցային պայքարում թիմերից որեւէ մեկում չի ընդգրկվել: Համոզված է, որ ավագանին չպետք է լինի քաղաքականացված: Այն կոչված է տեղական նշանակության խնդիրները լուծելու: Այստեղ չեն քննարկվում ներքաղաքական կամ արտաքին քաղաքական խնդիրներ, որոնց լուծման վերաբերյալ տարբեր քաղաքական կուսակցություններ կարող են ունենալ տարբեր մոտեցումներ: Նրա համոզմամբ, կնոջ ներկայացվածությունը նպաստում է դրական միջավայրի ստեղծմանն ու պահպանմանը ավագանիում: Քննարկումներն ընթանում են կառուցողական հունով, կնոջ առկայությունը զսպում է կրքերը, մեղմում է հնարավոր թեժ կոնֆլիկտները տղամարդկանց միջեւ: Ասում է՝ կինը, որը նաեւ մայր է, առավել պատասխանատու կերպով է մոտենում այնպիսի խնդիրներին, որոնք առնչվում են կրթությանը, հանրային առողջությանը, բնապահպանական խնդիրներին: Գայանե Քալանթարյանը բազմիցս է դեմ քվեարկել եւ իր օրինակով քաջալերել ավագանու տղամարդկանց՝ մերժելով քաղաքի երկարաժամկետ զարգացումը վտանգող նախաձեռնությունները: Օրինակ, ավագանու հաստատմանն էր ներկայացվել Վանաձոր գետակի վրա ՀԷԿ կառուցելու նախագիծ, որի նախաձեռնությունը պատկանում էր խոշոր գործարարներից մեկին: Ու թեեւ նախագիծը թույլ էր տալիս ունենալ աշխատատեղեր, սակայն ամբարտակի կառուցումը վնաս կհասցներ գետի էկոհամակարգին:

Կնոջ դիրքորոշումը նաեւ որոշակի բարոյական ուղենիշ է տղամարդկանց՝ դիրքորոշումներում, քվեարկության ժամանակ առաջնորդվել համայնքային շահով: Նա կարծում է, որ կանանց կողմից գիտակցված ընտրությունը թույլ կտա նվազագույնի հասցնել եւ հավասարակշռել թաղային հեղինակությունների եւ կլանային շահերով առաջնորդվող՝ բիզնեսի ներկայացուցիչների ներթափանցումը համայնքի «օրենսդրական» մարմինը՝ ավագանին:

ՍՈՒՍԱՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930