Վստահ է օպերային երգչուհի Թերեզա Գեւորգյանը
«Առավոտին» հասած լուրը, թե ամռանը Լոնդոնի հեղինակավոր Tabernacle թատրոնում կայացած Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի պրեմիերան հետաքրքրություն է առաջացրել նաեւ բրիտանացի մասնագետների շրջանում, հաստատեց այս օրերին մասնավոր այցով հայրենիքում գտնվող Լոնդոնի թագավորական ակադեմիայի օպերային ստուդիայի մեներգչուհի Թերեզա Գեւորգյանը, ով հանդես է եկել Անուշի դերերգով:
Մեր զրուցակիցը հայտնեց, որ «Անուշը» բեմադրել է հայազգի ռեժիսոր Սեդա Ուայթը: Ներկայացումը ղեկավարել է ճանաչված դիրիժոր Լեւոն Պարիկյանը, Սարոյի դերերգով հանդես է եկել Հայաստանից հրավիրված Վահե Բեգոյանը, իսկ Մոսին ներկայացրել է տեղի Սուրբ Հովհաննես եկեղեցու երգչախմբի ղեկավար Արիս Նադիրյանը: Ընդ որում, այս երգչախումբը իր մասնակցությունն է բերել օպերայի բեմադրությանը: Երգչուհին նշեց, որ «Անուշի» պրեմիերայի առիթով Եվրոպայում տարածված հիացական արձագանքներից հետո, հոկտեմբերին այն կներկայացվի նաեւ Ֆրանսիայում եւ Հոլանդիայում:
Կարդացեք նաև
Օպերային արվեստի երկրպագուներին թեեւ Թերեզա Գեւորգյան անունը դեռ շատ բան չի ասում, սակայն դեռեւս Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ճանաչված մանկավարժ Ռաֆայել Հակոբյանցի դասարանում սովորելու տարիներին մասնագետները մեծ հույսեր էին կապում աղջնակի հետ: Ուսումնառության տարիներին ապագա երգչուհին հայրենիքում հասցրեց մասնակցել ու արժանանալ միայն աշխարհահռչակ Գոհար Գասպարյանի անվան մրցանակին եւ մի քանի գլխավոր դերերգերով հանդես գալ Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայում:
«Առավոտի» ընթերցողները, սակայն, երգչուհու անունը կմտաբերեն 5 տարի շարունակ, հիմնադրման օրվանից ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի համար պայքարողների ցուցակից: Հիշեցնենք, որ 3 տարի է, ինչ ոչ մի կին վոկալիստի չի շնորհվում այդ մրցանակը: Մեզ հետ զրույցում Թերեզան ժպտալով ասաց, որ դեռ երկու տարի ժամանակ ունի «երիտասարդ տարիքից» դուրս գալու համար, հետեւաբար շարունակելու է պայքար նախագահի մրցանակի համար:
Քանի որ առաջին անգամ ենք անդրադառնում երգչուհուն, խնդրեցինք հակիրճ ներկայացնել իր կարիերայի սկիզբը հանդիսացող լոնդոնյան շրջանը. «Այս տարի ավարտեցի Լոնդոնի թագավորական ակադեմիան, պրոֆեսոր Դայանա Ֆորլանոյի դասարանը եւ մրցույթով ընդունվեցի ակադեմիայի օպերային ստուդիա՝ որպես մեներգչուհի: Դեռեւս ուսանելու տարիներին ստուդիայում գլխավոր դերերգերով հանդես եմ եկել ժամանակակից կոմպոզիտորներ Ջոնաթան Դավիի «Մենսֆիլդ պարկ» եւ Ուիլյամսոնի «Վերաճող պալատ» ներկայացումներում: Գլխավոր մրցանակի եմ արժանացել Լոնդոնում ավանդաբար անցկացվող երիտասարդ վոկալիստների «Ռուսական մրցանակ» մրցույթին»: Շարունակելով՝ հայտնեց, որ լսումների արդյունքում շուրջ 200 երգիչներից ընտրված 12-ի թվում մասնակցել է հունգարացի հայտնի դիրիժոր Ջորջ Շոլթիի 100-ամյակին նվիրված փառատոնին եւ իրավունք ստացել մասնակցելու Իտալիայի Կաստիլիոնե դելլա Պասկաիա քաղաքում անցկացվող ամենամյա փառատոնին, ինչպես նաեւ հայտնի երգիչներ Կիրի տե Կանավայի ու Թոմաս Ալենի վարպետության դասերին: «Փառատոնի ավարտին քաղաքի հրապարակում կայացած մեծ համերգից հետո մասնակիցներս հրավիրվեցինք հայտնի «Henri Wood Hall» ստուդիա՝ ձայնագրվելու, ինչին հաջորդեց CD-ի թողարկումը»,- ասաց երգչուհին, շեշտելով, որ եթե այդ միջոցառումներն անցկացվեին Հունգարիայում, հասկանալի պատճառով ինքը կհրաժարվեր:
Ինչ վերաբերում է Թագավորական ակադեմիայի օպերային ստուդիայում իր գործունեությանը, մեր զրուցակիցը հայտնեց, որ առաջին անգամ բեմ կբարձրանա 2013թ.՝ Տատյանայի դերերգով, Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերային ներկայացման մեջ:
Զրույցի ընթացքում երգչուհին ասաց նաեւ, թե կերազեր ապրել ու գործունեություն ծավալել հայրենիքում, թեկուզեւ այն պատճառով, որ լիներ ընտանիքի հետ, սակայն, իր խոսքերով՝ «Հայաստանում արտիստի համար ապագա չեմ տեսնում: Մյուս կողմից էլ՝ բարձր աշխատավարձն ու հոնորարը թողնել-վերադառնալ, սկսնակ արվեստագետի համար անմտություն կլինի: Իսկ որ ամենակարեւորն է՝ եվրոպաներում ու ամերիկաներում գնահատում են արտիստին: Ինձ համար ամենակարեւորն այնտեղ պրոֆեսիոնալ նախանձի բացակայությունն է»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ