Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկատան նախկին սանին փայտանոցից էլ են վտարում

Սեպտեմբեր 06,2012 13:55

Իգորի եւ նրա նման մանկատան նախկին սաների ճակատագիրը պետությանն առանձնապես չի հետաքրքրում

Արցախյան պատերազմի մասնակից, մանկատան նախկին սան Իգոր Կայրամանյանը կարող է հայտնվել փողոցում: 2-3 տարի շարունակաբար շինարարական աշխատանքներ կատարելու դիմաց նրան 2005 թ.-ին Թբիլիսյան խճուղի 3/2 շենքի առաջին հարկում շենքի պարեկ Ստյոպա Հարությունյանը փայտանոց է տրամադրել: Իգոր Կայրամանյանն էլ նորոգել է ու ապրելու համար շատ թե քիչ տանելի պայմաններ ստեղծել, ամուսնացել ու ապրել: Սակայն վերջերս Իգորի եւ շենքի բնակիչների համար անակնկալ հայտնվել է շենքի սեփականատեր Արա Մեհրաբյանն ու ասել, որ 12 քառակուսի մետրանոց սենյակն ազատի:

«Առավոտի» խմբագրություն այցելած Ի. Կայրամանյանը պատմեց այն անհարմարությունների ու դժվարությունների մասին, որ պատերազմից վերադառնալուց հետո կրել էր մանկատանը մեծացած սանը: Լավ ծառայության համար 2 պատվոգիր ստացած Իգորը 3 տարի ստիպված է եղել փողոցներում ապրել, նրա պատմելով՝ որտեղ մաքուր տեղ է գտել՝ գիշերել է: Ապրել է կայարաններում, շենքերի շքամուտքերում: Նրա խոսքերով՝ «Գիշերները լուսացնելն այն ժամանակ սովորական բան էր դարձել ինձ համար: 1997 թ.-ին էլ՝ մեկ շաբաթ, գիշեր-ցերեկ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մոտից հեռու չեմ գնացել, բայց բնակարան ստանալուս հարցն այդպես էլ լուծում չի ստացել»:

Մի բարերարի միջնորդությամբ Իգորը Եղեգնաձորում փոքրիկ տուն է ստացել, բայց 2 ամիս ապրելով գյուղական միջավայրում եւ չկարողանալով հարմարվել այնտեղի պայմաններին՝ վերադարձել է Երեւան. «Ես գործից երբեք չեմ խուսափել, բայց էնտեղ անելիք չկար, Երեւանում միշտ աշխատել եմ, հիմնականում շինարարական աշխատանքներ եմ կատարել, բայց անգործ ման չեմ եկել»:

Որպեսզի նորից փողոցում չապրեր, Ի. Կայրամանյանը Թբիլիսյան խճուղի 3/2 հասցեում բնակվող ընկերոջ մոտ է տեղավորվել: Նրա պատմելով՝ նրան այդ շենքից պարբերաբար ցանկացել են վտարել. «Բայց տեսնելով, որ ես ինձ լավ եմ դրսեւորում, կամաց-կամաց սկսեցին ճանաչել ինձ, տեսան, որ ես վատ վարքի տեր մարդ չեմ, Ստյոպա Հարությունյանն առաջարկեց, որ շենքի համար աշխատեմ: Դե, ես էլ ինչ գործ լինում էր, անում էի, հիմնականում վերանորոգում էի, շինարարական գործեր էի անում»:

2-3 տարի աշխատելով՝ հասանելիք գումարի փոխարեն նա այդ հանրակացարանում ստանում է վերոհիշյալ փայտանոցը: Վերջերս հանրակացարանի 30-35 ընտանիքները, նրանց թվում եւ Ի. Կայրամանյանը, ծրագրել են իրենց բնակարանները սեփականաշնորհել: Ինչպես պատմում է Իգորը. «Թեկուզ մի բան չէ, բոլորն էլ 10-12 ք/մ սենյակներ են, բայց ուզեցինք, որ մերը, մեր սեփականությունը լինի, բնական պահանջ է: Սակայն անակնկալի եկանք»:

Այդ ժամանակ էլ բնակիչների համար անսպասելի հայտնվել է շենքի սեփականատեր Արա Մեհրաբյանը, որին մինչ այդ ոչ ոք չի ճանաչել, բնակիչները նույնիսկ նրա գոյության մասին չեն իմացել, եւ հայտարարել, որ շենքն իրեն է պատկանում: Սեփականատերը Ի. Կայրամանյանին ասել է, որ սենյակն ազատի:

Այժմ մանկատան նախկին սանը ոչ մի ելք չի գտնում: Դիմել է ՀՀ նախագահին՝ գոնե այդ փայտանոց-բնակարանում մնալու խնդրանքով. «Ես չեմ կարող ընտանիքիս հետ փողոցում հայտնվել, ի՞նչ է, ես կռվել եմ էս հողի համար, իսկ հիմա էստեղ ապրելու իրավունք է՞լ չունեմ»:

Հիշեցնենք, որ պետական ծրագրով մանկատան նախկին սաների համար բնակարանաշինության ծրագիրը մի քանի տարի առաջ տապալվեց, ինչի արդյունքում մանկատան տասնյակ սաներ այսօր դռնեդուռ են ընկած եւ նրանց անգամ հանրակացարանում տեղ չեն տալիս: Չափահաս դառնալուց հետո նրանք մանկատունը լքել են, եւ պետությունն այլեւս նրանց գոյությամբ չի հետաքրքրվում:

ԱՐՄԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930