Հայ-Իտալական Դիվանագիտական hարաբերությունների hաստատման 20- ամյակին նվիրված՝ ՀՀ-ում Իտալիայի դեսպանության և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ս. թ. սեպտեմբերի 7 –ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կկայանա հանրահռչակ «I Solisti Veneti» իտալական նվագախմբի 6000-րդ համերգը, որը կղեկավարի նվագախմբի հիմնադիր, մաեստրո Կլաուդիո Շիմոնեն: Ծրագրում կհնչեն Զ. Ռոսսինիի, Ա. Վիվալդիի, Զ. Սալիերիի, Ն. Պագանինիի, Ա. Պոնկելիի, Զ. Վերդիի անմահ գործերից:
«I Solisti Veneti» նվագախումբը, որը հիմնադրել և ղեկավարում է Մաեստրո Կլաուդիո Շիմոնեն, 2010թ. նշել է իր գործունեության 50- ամյակը: Նվագախումբը համաշխարհային համբավ է ձեռք բերել 80-ից ավելի երկրներում ներկայացված մոտ 5500 համերգների և ամենահեղինակավոր միջազգային փառատոններին մասնակցելու շնորհիվ:
Հանրահայտ նվագախմբի երևանյան ելույթի առթիվ ՀՀ-ում Իտալիայի դեսպանությունում այսօր հրավիրել էր մամուլի համատեղ ասուլիս, որին մասնակցում էին ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, «I Solisti Venetri» նվագախմբի հիմնադիր ղեկավար, մաեստրո Կլաուդիո Շիմոնեն:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը նշեց, որ նվագախմբի արդեն 2-րդ այցն է, ավանդույթ կա ստեղծված, որը շատ գովելի է. «Բազմաթիվ երկրների մեջ, բազմաթիվ համերգներիզ զատ, Հայաստանը իր ուրույն տեղն է գրավել նվագախմբի կազմակերպած համերգների շարքում: Ծրագրից, հայ հանդիսատեսը մեծ ակնկալիքներ ունի, և պատրաստ է նման հրաշալի համերգի, ես ինքս սրտանց սպասում եմ վաղվան»:
Մաեստրոն երաժշտությունը սիրո խոստովանություն համարեց հանդիսատեսի և կատարողի միջև. «Դժվար է խոսքերով արտահայտել այն ուրախությունը, որով մենք այցելել ենք Հայաստան: Այն միստիկական երկիր է, ներկա է մեր առօրյա կյանքում շնորհիվ հայ կոմպոզիտորների, որոնք ապրում և ստեղծագործում են աշխարհում և Իտալիայում: Վենետիկում հայերը միշտ ներկա են եղել, կան բազմաթիվ պատմական շինություններ, կղզիներ, որոնք հայկական են: Մենք կարևորություն ենք տալիս երիտասարդներին և մեր երաժշտությունը ուղղում ենք հենց նրանց: Հայաստանում փորձեցինք ճանաչել երիտասարդներին, կազմակերպեցինք վարպետության դասընթացներ Ֆիլհարմոնիկ նվագախմբի երիտասարդ երաժիշտների, և Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանողների հետ»:
Հարցին, թե ինչ տպավորություններ ունեք հայ երիտասարդ երաժիշտներից, Մաեստրոն պատասխանեց. «Երիտասարդ հայ երաժիշտները շատ զգայուն և ինտելեկտով բարձր են, նոր երաժշտական գաղափարներ և մշակույթ ունեն իրենց արյան մեջ»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ