Հարկային դաշտում վարչարարությունը հեշտացվում է, ազատ տնտեսական գոտին շուտով կգործի, արտահանումը Հայաստանից չի հարկվում, կրթվածության մակարդակը մեր երկրում 100 % է, հյուսիս հարավ-ավտոճանապարհն էլ կառուցման փուլում է, ինչն էլ ավելի կհեշտացնի ապրանքների տեղափոխումը դեպի Իրաք: Այսօր Էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպված Հայաստան-Իրաք գործարար համաժողովին Զարգացման գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը իրաքցի գործարարներին այսպիսի գայթակղիչ ներկայացրեց մեր երկրում տնտեսական իրավիճակը: Պարոն Հարությունյանն իրաքցի պոտենցիալ ներդրողներին շահագրգռելու համար նաեւ ասաց, որ օտարերկրյա ընկերությունների գրանցման համար որեւէ սահմանափակում չկա մեր երկրում եւ այն կատարվում է էլեկտրոնային տարբերակով` կես ժամվա ընթացքում, իսկ օտարերկրյա, սակայն ՀՀ ռեզիդենտ հանդիսաղ ընկերություններն անգամ կարող են հող կձեռք բերել մեր երկրում եւ տեղական ընկերություններում մասնաբաժին ունենալ:
Իրաքի եւ Հայաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը բավականին ցածր է, ուստի պարոն Հարությունյանն իրաքցի գործարարներին խորհուրդ տվեց ներդրումներ անել
սննդի, շինանյութերի, էլեկտրատեխնիկական արտադրության, տուրիզմի ոլորտներում: Արտահանման համար, որպես խոշոր շուկաներ, Ռոբերտ Հարությունյանը մատնանշեց Ռուսաստանը, Եվրամիության երկրները եւ ԱՄՆ-ն:
Կարդացեք նաև
Իրաքի ներդրումների ազգային գործակալության նախագահ Սամի Ռուուֆ ալ-Ուրջն էլ հույս հայտնեց հայ գործարարներին տեսնել Իրաքում. «Գազի եւ նավթի բնագավառում կան վերամշակման լավ ծրագրեր, քիմիական, շինարարական նյութերի մասնավորապես` ցեմենտի արտադրությունը ներդրողների կարիք ունի: Դեղորայքի, հիվանդանոցների կառուցման եւ բնակարանաշինության մասով նույնպես ներդրողներ են անհրաժեշտ: 2 միլիոն 500 հազար հեկտար գյուղատնտեսության համար ազատ հողատարածքներ կան»:
Պարոն Սամի Ռուուֆ ալ-Ուրջը վստահեցրեց, որ ներդրումային գրավիչ դաշտ ունենալու համար ներկայումս իրենց երկրի օրենքները համապատասխանեցնում են միջազգային օրենքներին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ