Լրահոս
Օրվա լրահոսը

Դրոշները հանգիստ թողեք

Սեպտեմբեր 06,2012 13:09

Ինչպես հայտնի է, երբ 2000 թվականին Պուտինը եկավ իշխանության, նրա առաջին քայլերից մեկն էր վերականգնել խորհրդային օրհներգի երաժշտությունը, իսկ բառերը Սերգեյ Միխալկովը փոխեց երկրորդ անգամ՝ 77-ին Ստալինին փոխարինել էր Լենինով, իսկ 2000-ին Լենինին փոխարինեց Աստծով (ի դեպ, օրհներգի բառերի ստալինյան տարբերակը նա գրել էր Էլ Ռեգիստան կեղծանունը կրող բանաստեղծի համահեղինակությամբ, որի իսկական անուն-ազգանունը Գաբրիել Ուռեքլյան է): Պուտինի համար խորհրդային հիմնը վերականգնելը, իհարկե, խորհրդանշական քայլ էր, որը հուշում էր, թե ինչպիսի ուղղությամբ է երկիրը գնալու հետագա տարիներին: Կոմունիստական այդ խորհրդանիշի վերականգնման դեմ դուրս եկան ժողովրդավարական հայացքներ ունեցող ռուսաստանցիները, որոնք իրավացիորեն գտնում էին, որ բոլոր ձեւափոխումներից հետո անգամ այդ օրհներգից «ստալինյան հոտ է գալիս»: Բայց այն սպառնալիքը, որը նրանք հնչեցնում էին, պարզապես անհեթեթ էր՝ մենք չենք կանգնելու, երբ այդ օրհներգը հնչի: Իրականում դուրդ գալիս է այդ օրհներգը, թե ոչ, տհաճ հիշողություններ է այն առաջացնում, թե հաճելի, քաղաքակիրթ է այդ պետությունը, թե հետամնաց, դու, չհարգելով պետական խորհրդանիշը, չես  հարգում ոչ մի պետություն, հետեւաբար՝ քո սեփական պետությունը, հետեւաբար նաեւ՝ ինքդ քեզ:

Հունգարիայի իշխանությունները ստոր, աններելի արարք են իրենց թույլ տվել՝ դա անելով «փողի դիմա՞ց», թե՞ ձրի, տվյալ դեպքում կարեւոր չէ: Նրանց արդարացումները, թե ադրբեջանցիներն իրենց «քցել են», իհարկե՝ մաքուր դերասանություն են: Եվ ի՞նչ: Այրել այդ երկրի դրո՞շը: Իհարկե՝ ոչ, եւ այդ հարցում ՀՀ նախագահը իրավացի է: Վաղը Հունգարիայում կլինի ուրիշ իշխանություն, որը կունենա այլ մոտեցումներ՝ պետական խորհրդանիշն այդ ամենի հետ կապ չունի:

Թուրքական իշխանությունները սարսափելի ոճրագործություններ են գործել մեր ժողովրդի դեմ, եւ նրանց այսօրվա հետնորդներն իրինց  ուսերի վրա են վերցրել այդ բոլոր հանցագործությունները՝ ժխտելով դրանք: Բայց ամեն տարի ապրիլի 23-ին թուրքական դրոշն այրելը մեզ ոչինչ չի տալիս: Երեկ այդ տեսակետը «Ա1+»-ի P.S.-ով ինձ տված հարցազրույցում հաստատեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ չնայած թուրքական դրոշ վառելով զբաղվում են հենց այդ կուսակցության «Նիկոլ Աղբալյան» միության երիտասարդները: Բառացիորեն նա ասել է հետեւյալը. «Ես կարծում եմ, որ մենք պետականություն ենք եւ պետք չունենք դա անելու: Գուցե 20 տարի առաջ դա հասկանալի եւ ընդունելի էր, բայց այսօրվա պայմաններում նպատակահարմար չէ»: Իրոք որ, Բեյրութում կամ Գլենդելում հայ երիտասարդները կարող են դա անել, բայց այստեղ հայերը ստեղծել են, լավ թե վատ, պետություն, որն ազգի կազմակերպման ավելի բարձր ձեւ է, քան համայնքը: Եվ այդպես կազմակերպված ազգը պետք է հարգանք ունենա ուրիշների՝ նման կազմակերպության նկատմամբ, անկախ նրանից՝ այն բարեկամական է, թե թշնամական:

Դրոշ վառելն ինձ թվում է հուսահատ քայլ, որը բնորոշ է թույլերին՝ մարդկանց խմբին, որն այլ ձեւով չի կարողանում իր ճշմարտությունն ապացուցել տվյալ պետությանը: Նախնադարյան ժամանակաշրջանում ծիսակատարության, կախարդանքի նման մի բան է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930