«Տեսակետ» ակումբի այսօրվա հյուրերն էին «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհրդի» նախագահ Ռիմա Առաքելյանը և «Արցախյան պատերազմի մասնակից կանանց» ՀԿ-ի նախագահ, փոխգնդապետ Աիդա Սերոբյանը, ովքեր խոսեցին ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի` Հունգարիայի իշխանությունների կողմից գաղտնի Ադրբեջան տեղափոխելու և Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելու վերաբերյալ:
Ռիմա Առաքելյանը փաստեց, որ Սաֆարովի արտահանձնումը մեծ վրդովմունք առաջացրեց ոչ միայն հայ, այլեւ միջազգային հանրության շրջանում. «Կարծում եմ` Հունգարիան արժեզրկվել է: Եվրոպան պետք է արձագանքի մեր պահանջին, քանի որ Ադրբեջանը հպարտանում է ոճրագործով: Դա ենթադրում է, որ նույն կերպ Ադրբեջանը դաստիարակում է իր մյուս քաղաքացիներին: Այսուհետ որեւէ մեկը Ղարաբաղը չպետք է դիտի Ադրբեջանի կազմում»:
Աիդա Սերոբյանի խոսքով, պետք չէր այլրել Հունգարիայի դրոշը. «հունգարացիները մեղք են, քանի որ ունեն կաշառակեր ղեկավարություն, որը մի քանի միլիարդով խայտառակեց իր երկիրը: Իսկ ադրբեջանցիները մեղավոր չեն, որ արցախյան պատերազմում պարտված Ալիեւը «կացինով» որոշեց հակահարված տալ: Նրա քայլն իր ժողովրդի շրջանում նոր ոճրագործներ է ծնում: Խղճում եմ ադրբեջանցիներին»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, փոխգնդապետն ասաց, որ Ալիեւն այրեց խաղաղ բանակցություններ վարելու վերջին հնարավորությունը. «Մենք պատերազմի կողմնակից չենք, բայց հարկ եղած դեպքում նորից կպաշտպանենք մեր երկիրը: Եթե Ադրբեջանը հանդգնի պատերազմ սկսել, միեւնույնն է` կպարտվի: Ադրբեջանի խաղաղ ժողովուրդը պատերազմ չի ուզում»:
Ռիմա Առաքելյանի խոսքով, Ալիեւի քայլը 2013թ-ի Ադրբեջանի նախագահական ընտրություններում նվազեցրեց իր վարկանիշը. «Նա ապտակեց ինքն իրեն: Եվրոպան պետք է համարժեք հարված տա կատարվածին, քանի որ հայ սպայի սպանությունը հանցագործություների հանցագործությունն է: Դիմում եմ բոլոր մայրերին. երեկ իմ որդին էր, այսօր` Գուրգեն Մարգարյանը, վաղը ձեր որդին կլինի: Արձագանքեք»:
Խոսելով վրեժխնդրությունից, Աիդա Սերոբյանն ասաց, որ արյան դիմաց արյուն չեն թափում. «Քոչվոր ցեղի մակարդակին չեն հավասարվում: Սաֆարովին կսպանեն եւ կասեն, թե հայերն են կազմակերպել, մինչդեռ արյունոտ կացինն իրեն ձեռքում է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ