Այն, ինչ կատարվեց ԲՀԿ-ի հետ Գյումրիում, ներողություն արտահայտությանս, բռնաբարություն էր։ Այո, քաղաքական բռնաբարություն։ Ուրիշ բառ հուշեք, խնդրում եմ, եթե սխալվում եմ, եթե չեմ կարողանում հասկանալ, թե ուրիշ ինչ զգացում կարող է ունենալ մի քաղաքական ուժ, որի թեկնածուին օրը ցերեկով իր քթի տակից տանում են, հայտարարում, որ այդ թեկնածուի ծրագրերն իրենցն են եւ ոչ թե այն քաղաքական ուժինը, որի ներկայացուցիչն է թեկնածուն։
Աննախադեպ թեկնածու։ Ահա թե ով է Սամվել Բալասանյանն այս պահին։ Եվ ամենատարօրինակն այն է, որ ԲՀԿ-ն կամ չի ընկալում պահի ողջ կոմիզմը, կամ պարզապես թուլացել ու հաճույք է ստանում։ ԲՀԿ-ական գործիչները մեկ ամիս շարունակ համոզում էին հասարակությանը, որ ոչ մի վատ բան չկա, երբ երկրի նախագահն իր մոտ է հրավիրում ԲՀԿ-ի նման ազդեցիկ ուժի թեկնածուին ու ծանոթանում նրա ծրագրերին, նախանշած անելիքներին։ Ու երբ հանկարծ մեկնումեկը «դաբրո»-ի անուն էր տալիս, անմիջապես հակադարձում էին՝ քանի որ ԱԺ ընտրություններում Գյումրիում ԲՀԿ-ն հաղթել է, Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն վախեցած են եւ, պաշտպանելով Սամվել Բալասանյանին, փորձում են խուսափել նոր պարտությունից։ Պետք է խոստովանել՝ ԲՀԿ-ի այս տեսակետը բավականին երկար շրջանառվեց։ Այն գուցե դեռ մի որոշ ժամանակ էլ մնար որպես դոմինանտ տեսակետ, եթե Սերժ Սարգսյանը չհայտարարեր, որ ԲՀԿ-մամուլ բանավեճում ճիշտը մամուլն է, եւ ինքն է առաջադրել Սամվել Բալասանյանի թեկնածությունը։ Սեր առաջարկն ուժի մեջ է՝ ուրիշ բառ հուշեք, խնդրում եմ, նկարագրելու համար ԲՀԿ-ի հետ կատարվածը։
ԲՀԿ-ն, իհարկե, փորձում է շեղել հետաքրքրասերների հայացքները՝ մենք էլ Արթիկում պաշտպանում ենք ՀՀԿ թեկնածուին, ի՞նչ կա դրա մեջ։ Հեչ, առանձնապես վատ բան չկա դրանում, հարգելիներս, պարզապես այնպես էլ չի, որ Արթիկում դուք եք առաջադրել ՀՀԿ-ականի թեկնածությունը։
Կարդացեք նաև
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
«Հրապարակ»