Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Յարոմիր Շտետինա. «Նավթի հոտն ավելի ուժեղ կարող է լինել, քան պատմական արդարության էությունը»

Սեպտեմբեր 06,2012 10:49

Չեխական մամուլն ու էլեկտրոնային լրատվամիջոցները շարունակում են անդրադառնալ ադրբեջանցի մարդասպան Սաֆարովի եւ նրա արտահանձնման հետ կապված միջազգային աղմուկին:

«Մեռած հայը լավ հայն է: Ադրբեջանը ներում շնորհեց մարդասպանին», «Բաքվում մարդասպանին դիմավորեցին ինչպես հերոսի: Եվրոպան լռում է», «Հայերն այրեցին հունգարական դրոշը, քանի որ ներում շնորհվեց մարդասպանին» եւ այլ վերնագրերով հոդվածները ողողել են չեխական մամուլը: Ավելի զուսպ են հեռուստատեսային կայանները: Ու թեեւ Չեխիայի խորհրդարանը նոր է վերադառնում արձակուրդից, սակայն արդեն կան առաջին ոչ պաշտոնական արձագանքները: Մեր խնդրանքով կատարվածին այսպիսի գնահատական տվեց Չեխիայի Սենատի անդամ Յարոմիր Շտետինան.

«Ալիեւի գործելաոճն ինձ չի զարմացնում: Նա տարիներ շարունակ ազգային ատելություն է սերմանել իր ժողովրդի մեջ, եւ Սաֆարովի կատարածը այդ քարոզչության արդյունքն է: Հունգարիան նույնպես ինձ չի զարմացնում, քանի որ նավթային գումարներին ավելի մեծ նշանակություն է տրվում, քան եվրոպական բարոյական արժեքներին: Եվ սա ոչ միայն Հունգարիայի, այլեւ ողջ Եվրոմիության գործն է: Ցավոք, եվրոպական քաղաքականությունն այսօր փողին ավելի մեծ տեղ է տալիս, քան բարոյականությանը: Մտավախություն ունեմ, որ այս հանգամանքն իր դերը կունենա նաեւ այն ժամանակ, երբ մի քանի տարի անց նշվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Նավթի հոտն ավելի ուժեղ կարող է լինել, քան պատմական արդարության էությունը: Սա ուղղակի անբարոյական բիզնես է»:

Չեխական կառավարությունը դեռ պաշտոնական որեւէ դիրքորոշում չի հայտնել, բայց նախորդ օրը Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանի հետ հանդիպման ժամանակ Չեխիայի ԱԳՆ Եվրոպայի ընդհանուր դեպարտամենտի գլխավոր տնօրեն Յարոսլավ Կուրֆյուրստը փոխանցել է իր երկրի պաշտոնական տեսակետը, այն է. «Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր խոր մտահոգությունն է արտահայտում Ռամիլ Սաֆարովի ներման եւ հերոսացման կապակցությամբ: Չեխական կողմը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված բանակացությունները շարունակելու Հայաստանի հավատարմությունն ու ջանքերը»: Հայաստանին իր զորակցությունն է հայտնել նաեւ վերջերս չեխական խորհրդարանում ձեւավորված Չեխ-հայկական բարեկամության խումբը: Դեսպանի ասելով, Հայաստանի դեսպանությունը շարունակում է աշխատանքներ տանել այս խնդիրը խորհրդարանում քննարկելու ուղղությամբ:

Չեխահայ համայնքն իր հերթին արդեն ստացել է Հունգարիայի դեսպանության առջեւ ցույց անելու թույլտվությունը, եւ շաբաթավերջին չեխահայերը նույնպես կբարձրացնեն իրենց բողոքի ձայնը:

Հակոբ ԱՍԱՏՐՅԱՆ

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930