Թաիլանդի Պատայա քաղաքում հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մասնակիցներն ավարտեցին պայքարը:
Հայաստանը ներկայացնում էին երեք մարզիկներ, որոնք, սակայն, անմասն մնացին մեդալներից: 55 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը մեկնարկային գոտեմարտում պայքարից դուրս թողնելով Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող իր հայրենակից Հարութ Սարգսյանին` 1/8 եզրափակչում զիջեց մոլդովացի Վիկտոր Չիոբանուին, որն, ի վերջո, հասավ եզրափակիչ: Դա մեր ըմբիշին սփոփիչ գոտեմարտերում 3-րդ տեղի համար պայքարելու հնարավորություն տվեց, որից, սակայն, մեր մարզիկը օգտվել չկարողացավ: Նա առաջին մարտը շահեց գերմանացի Իբրահիմ Ֆալլակարայից, սակայն երկրորդում տանուլ տվեց կորեացի մրցակցին` վերածվելով հանդիսականի:
Սփոփիչ մարտերին մասնակցելու իրավունք ստացավ նաեւ Հայկ Արշակյանը` 66 կգ քաշային կարգ: Բայց նա պատրաստ չէր դրան եւ առաջին իսկ գոտեմարտում պարտվեց: Իսկ 84 կգ քաշային Վարոս Պետրոսյանի միակ հաջողությունը Պատայայում եղավ հնդիկ Ռահուլ Ռահուլի նկատմամբ 1/16 եզրափակչում տարած հաղթանակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ