Ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովի պատմությունը պայթյունի պես ցնցեց մեր հասարակությունը: Մի մասը (մեծամասնությունը) նրան հերոս են համարում, մյուսները` հանցագործ, եւ հակընդդեմ տեսակետները անընդհատ փոխադարձ դատափետումներ են սադրում, որոնք թույլ չեն տալիս հանգիստ եւ սթափ գնահատել կատարվածը:
Ակամայից զուգահեռ է առաջանում ֆրանսիական բանակի կապիտան Դրեյֆուսի գործի հետ (մեր պատմությունն ավելի այլանդակ է), որը ժամանակին մասնատել էր ֆրանսիական հասարակությունը: Այն տարիներին, Ֆրանսիայում, զինվորական դասակարգը, ազգայնականները, չինովնիկները, գումարած նրանք, ովքեր հակասեմիտական հայացքներ ունեին ոչ միայն պաշտպանում էին մեղադրող կողմին, այլեւ հրահրում էին ազգայնական հիստերիա, որը ինչպես միշտ, լռեցնում է գիտակցության եւ խղճի ձայնը:
Կարդացեք նաև
Այդ պայմաններում ֆրանսիական մտավորականության շատ ներկայացուցիչներ իրենց պարտքը համարեցին պաշտպանել կապիտան Դրեյֆուսին, որի մեղքը չէր ապացուցվել դատարանում: Հավելեմ, որ ֆրանսիական մտավորականության դիրքորոշումը, այդ թվում Էմիլ Զոլյայի հանրահայտ «Ես մեղադրում եմ» հոդվածը ոչ միայն օգնեցին կապիտան Դրեյֆուսի հետագա վերականգնմանը, այլեւ մեծ դեր խաղացին ֆրանսիական հասարակության հետագա հասունացման մեջ:
Այս պայմաններում, իմ քաղաքացիական պարտքն եմ համարում արտահայտել իմ տեսակետը Ռամիլ Սաֆարովի գործի վերաբերյալ, խուսափելով որեւէ տակտիկական հնարքներից:
Միանգամից ասեմ, որ, չլինելով իրավաբան, չեմ կարող իրավական գնահատական տալ ադրբեջանական բանակի սպայի արտահանձման եւ ներման գործընթացին, բայց չեմ կարող ուշադրություն չդարձնել մեր շատ հեղինակավոր իրավաբանների կարծիքին, որոնք ընդունել են, որ նախագահի հրամանագիրը հապճեպ էր եւ իրավական առումով ոչ այնքան անթերի: Սակայն անցնեմ իմ սեփական դիրքորոշման շարադրմանը:
Առաջին
Արտահանձնումն ու հետագա ներումը կարելի էր ընդունելի համարել, եթե չլինեին դրան հաջորդող իշխանական մյուս գործողությունները (օդանավակայանում հանդիսավոր դիմավորումը, զինվորական կոչման բարձրացումը, հունգարական բանակում գտնվելու տարիների համար ողջ աշխատավարձի վճարումը, բնակարանի տրամադրումը եւ այլն): Ըստ էության, ներումը վերածվեց վերականգնման, ինչը ծայրահեղ անընդունելի է, քանի որ խոսքը գնում էր մի հանցագործության մասին, որը ապացուցվել էր դատաքննության ընթացքում:
Երկրորդ
Ռամիլ Սաֆարովը ոչ միայն հանցագործություն է կատարել, իմ տեսանկյունից, նա անցել է սպայի պատվի եւ արժանապատվության սահմանը: Բոլոր ժամանակներում, բոլոր բանակներում, նույնիսկ խոր հնադարում, գոյություն ունեին ռազմական էթիկայի այս կամ այն նորմերը, որոնք խախտելը ամոթալի էր համարվում: Անհաժեշտ է իրերը կոչել իրենց անուններով. քնած մարդուն կացնահարելն անարժան քայլ է ցանկացած մարդու համար, առավել եւս` սպայի, եւ նման արարքը պահանջում է վճռական դատապարտում` անկախ այն հանգամանքներից, որոնց արդյունքում այդ արարքը կատարվել է:
Ընդգծեմ, որ այդ սկզբունքների ոտնահարումը պետք է դատապարտվի ավելի խստորեն, քան Քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածի խախտումը, քանի որ միայն նման արարքների վրա դրված տաբուներն են, որ չեն թողնում հասարակությանը վայրենանալ եւ ընկնել համընդհանուր չարության գիրկը:
Երրորդը
Ռամիլ Սաֆարովի հերոսացումը կտրականապես հակադրում է նրան Ղարաբաղյան պատերազմի իրական հերոսներին, որոնցից շատերը զոհվել են անմիջապես պատերազմի դաշտում: Մենք գիտենք, թե ինչպես են այսօր ապրում Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամները, ինչպես են ոտնահարվում նրանց իրավունքները, ինչ անտանելի պայմաններում են ապրում Ղարաբաղյան պատերազմում զոհված բազմաթիվ զինվորների եւ սպաների ընտանիքները: Այս պայմաններում ռազմական էթիկայի տարրական սկզբունքները խախտած հանցագործի որեւէ մեծարումը ուղղակի վիրավորանք է Ղարաբաղյան պատերազմում զոհվածների հիշատակի հանդեպ:
Չորրորդ
Ես բազմիցս գրել եմ, որ չի կարելի վերածել Ղարաբաղյան պատերազմը հայերի հետ էթնիկ պատերզմի: Դա անընդունելի է, քանի որ նման ատավիստական զգացմունքները մեծամասամբ դուրս են մղվել քաղաքակիրթ մարդկության կողմից: Մյուս կողմից, դա մեզ դնում է երկիմաստ դրության մեջ. չէ՞ որ մենք հրապարակայնորեն համաձայնվում ենք Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին բարձր մակարդակի ինքնավարության տալու հետ: Հենց էթնիկ հակադրության հնչերանգն ու բառապաշարը, որը կարելի է հայտնաբերել ոչ միայն մեր որոշ լրագրողների հոդվածներում, այլեւ մեր շատ քաղաքական գործիչների հայտարարություններում, օրակարգային են դարձնում հայկական բնակչության անվտանգության հարցը, որոնք ապրում են եւ համաձայն մեր հայտարարությունների, դեռ պետք է ապրեն մեր երկրում:
Հինգերորդ
Ռամիլ Սաֆարովին պաշտպանելու փաստարկները չի կարելի կառուցել այլ երկրի գործողությունների հետ զուգահեռների հիման վրա: Բոլորիս են ծանոթ նմանատիպ «փաստարկները» դեռ դպրոցական տարիներից` «իսկ ինչո՞ւ իրեն կարելի է, իսկ ինձ` ոչ», «եթե նա այդպես անի, ես նույն ձեւի պատասխան կտամ», որոնք հասուն հասարակության համար պետք է մանկամիտ համարվեն: Զազրելի արարքը պետք է կոչվի զազրելի, եւ ոչ մի դեպքում այն չի կարող արդարացվել մեկ ուրիշի զազրելի արարքով:
Վեցերորդ
Ձայներ են հնչում, որ Ռամիլ Սաֆարովի պատմությունը կարթնացնի Ղարաբաղյան խնդրի հանդեպ հասարակության մեջ քնած հետաքրքրությունը, որ այն կարող է դառնալ մեր մարդկանց մեջ հայրենասիրության աստիճանը բարձրացնելու ազդակ: Իմ կարծիքով, այդ միտքը որքան սրբապիղծ, նույնքան էլ վիրավորական է: Պատվից եւ արժանապատվությունից անդին գտնվող արարքը ոչ մի կապ չունի իրական հայրենասիրության հետ, այն ունակ է արթնացնել միայն մարդկային ամենաստորին զգացմունքները:
Եվ վերջապես, վերջինը
Վստահ եմ, որ Ռամիլ Սաֆարովի պատմությունը, ինչպես նաեւ, մեր իշխանությունների իմպուլսիվ, մեծ մասամբ չմտածված գործողությունները (սա ամենամեղմ բանն է, որ այս կապակցությամբ կարող եմ ասել) մեծ վնաս հասցրին մեր երկրի իմիջին:
Առաջին` մենք հետ մղեցինք Ղարաբաղյան հակամարտության լուծումը, եւ մեծ ջանքեր կպահանջվեն կողմերին անվերջ հռետորաբանությունից հետ պահելու համար: Ես խոսում եմ ոչ այնքան ռազմական գործողությունների վերսկսման մասին (ոչ մի նման բան չեմ կանխատեսում), որքան իրենց էությամբ ահաբեկչական արարքների մասին: Երկրորդ, կպահանջվեն մեր բոլոր գիտակից մարդկանց, մտավորականության ոչ պակաս հսկայական ջանքները, որպեսզի, նախեւառաջ, մենք աշխարհում չդիտվենք որպես բարոյական «իզգոյներ»:
Պրոֆեսոր Ռահման Բադալով
Բաքու