Լրահոս
Օրվա լրահոսը

Սաֆարովապատում. Ինչպես աշխատեց Հայաստանի մեդիան

Սեպտեմբեր 05,2012 21:07

Գուրգեն Մարգարյանին կացնով սպանած Ռամիլ Սաֆարովի Ադրբեջան էքստրադիացիայի եւ հերոսացնելու լուրերը անմիջապես տարածվեցին եւ արձագանքվեցին մեդիայում: Մի քանի օրերի ընթացքում սա ամենքննարկվող ու մեկնաբանվող թեման էր:

Ինչպե՞ս աշխատեց հայաստանյան մեդիան: Մեկնաբանում են մեդիա փորձագետներն ու խմբագիրները:

Բորիս Նավասարդյան
Երեւանի մամուլի ակումբի նախագահ

Լրատվամիջոցներում հիմնականում պաշտոնական տեսակետի արտացոլում էր, եւ սա այն եզակի հարցերից է, որտեղ մեծ տարբերություն չկա տարբեր քաղաքական ուղղվածություն ունեցող գործիչների, պաշտոնական անձանց, հասարակական ակտիվիստների կարծիքներում: Մեղադրվում եւ քննադատվում էին եւ՛ Հունգարիայի իշխանությունները, եւ՛ այն հայատյացության քաղաքականությունը եւ մարդասպանների հերոսացման գործընթացը, որ տեղի է ունենում Ադրբեջանում:

Միեւնույն ժամանակ մի փոքր երանգներ կային՝ արդյո՞ք Հայաստանի հասարակության դիրքորոշումն էլ պետք է այդպես արտահայտված ազգայանական մոտիվներ ունենա, թե՞ ոչ, բայց դա լուրջ հակասությունների չէր բերում: Հայկական լրատվամիջոցներում նաեւ բավական մեծ կարեւորություն էր տրվում, թե ինչպիսի արձագանք կարող էր ստանալ մեր նախագահի հայտարարությունը եւ ամբողջ գործընթացը արտասահմանյան պետական եւ հասարակական տարբեր կառույցների կողմից:

Առաջին փուլում մի տեսակ անտարբերություն կար, թե ինչպես է ընկալվում այս ամենը Ադրբեջանում: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեր հասարակությանը չի էլ հետաքրքրում, թե ինչպիսի անդրադարձ է գտել այդ իրավիճակը ոչ թե ադրբեջանական պաշտոնական շրջանակներում, այլ Ադրբեջանում ընդհանրապես, քանի որ ինչպիսին էլ լինեն Հայստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները, մեզ համար չի կարող միեւնույն լինել, թե ինչպիսի զարգացումներ կան հարեւան երկրի հասարակական շրջանակներում:

Աշոտ Մելիքյան
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Սա այնպիսի արտառոց դեպք էր, որ դժվար է միանգամից գնահատական տալ: Ադրբեջանի եւ Հունգարիայի քաղաքական վերնախավերը այնպիսի լկտի քայլ են արել, որ միանգամիայն հասկանալի է հայաստանյան լրատվամիջոցների եւ հասարակության վրդովմունքը: Այնուամենայնիվ, ինչ վերաբերում է Ադրբեջանի եւ Հունգարիայի գործարքին, ես միանգամիայն համամիտ եմ այն ամենին, ինչ գրվում էր մեր լրատվամիջոցներում, սակայն կարծում եմ, որ շատ քիչ են վերլուծություններն այն մասին, թե ինչու այդպես ստացվեց, ի՞նչ չարեց Հայաստանը, ի՞նչ պետք է աներ Հայաստանը, Հայաստանի իշխանավորները եւ ինչպե՞ս կարելի էր կանխարգելել սա:

Կարծում եմ՝ այսպիսի վերլուծական նյութեր են պակասում: Եվ շատ կարեւոր է, որ լրատվամիջոցները կարողանան կազմակերպել բանավեճեր, թե ի՞նչ կարելի է անել հիմա, որպեսզի այս իրավիճակից դուրս գանք, որովհետեւ եւ՛ բարոյական, եւ՛ քաղաքական, եւ՛ հոգեբանական շատ լուրջ խնդիրներ են առաջացել: Պետք է ուղիներ փնտրել այս իրավիճակից դուրս գալու համար, եւ այստեղ լրատվամիջոցները մեծ անելիքներ ունեն:

Արման Բաբաջանյան
«Ժամանակ» օրաթերթի և 1in.am-ի գլխավոր խմբագիր

Շեշտերն ավելի զգացական հարթության վրա էին, ըստ էության, հասարակական տրամադրությունները ուղղորդող էին, եւ մեդիան ինքը ազդվեց այդ զգացականությունից, այնինչ մեդիան ինքը պետք է ուղղորդող լիներ եւ թույլ չտար, որ այսչափ ծայրահեղ, իրարամերժ ու հակադիր բեւեռներում հայտնվեին հարցի վերաբերյալ տարբեր դիրքորոշում ունեցող հասարակական շերտերը: Այդ իմաստով ես կարծում եմ, որ մենք մեր գործը ավելի լավ կարող էինք անել, որովհետեւ ներքին սպառման համար, թերեւս, ինչ-որ առումով խնդիրը լուծվեց, բայց սրան զուգընթաց մենք նաեւ արտաքին սպառման խնդիր ունենք:

Ակնհայտ է, որ թե՛ հարեւանները, թե՛ հիմնական ուժային կենտրոնները հետեւում են նաեւ հասարակական տրամադրություններին եւ կուզենային Հայաստանից առողջ եւ վերլուծական լուծումներ ստանալ, որոնք իսկապես արժեք կներկայացնեին այդ առաջիկայում թե՛ Հայսաատնի, թե՛ Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ իրենց դիրքորոշումները ճշտելու եւ դիրքավորվելու համար: Ես կարծում եմ, որ մենք արտաքին սպառման խնդիրը չենք կարողացել լուծել ըստ արժանվույն:

Գառնիկ Գեւորգյան
«168 ժամ» թերթի փոխխմբագիր

 

Կարծում եմ, որ զուտ մամուլի պրոֆեսիոնալ չափանիշներից ելնելով՝ ազգայնականությունը, ուղղորդված եւ պաթետիկ
հայրենասիրությունը մամուլում շատ էր: Այս դեպքում մամուլը կարող էր վեր գտնվել այդ ուղղորդվող հայրենասիրության մակարդակից եւ խնդիրը ոչ թե համարժեքության, արյան վրեժի դաշտում ներկայացներ, այլ համամարդկային արժեքների, մարդու իրավունքների կոպտագույն խախտման դաշտում:

 

Աննա Բարսեղյան

Media.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930