«Երբ Սամվել Բալասանյանը գնացել էր հանդիպելու Սերժ Սարգսյանի հետ, հասկանալի էր, որ գնացել էր ստանալու հաստատում, համաձայնություն, որ դնի թեկնածություն: Հատկապես հանրապետության երկրորդ քաղաքի քաղաքապետը, եթե ունի համաձայնություն եւ իրեն հայտարարել է այլընտրանքային ընդդիմություն, դառնա քաղաքապետ, ուրեմն ամեն ինչ պարզ է: Հայաստանի Հանրապետությունում «հաճախորդների» ինստիտուտը վաղուց կայացած փաստ է, այնպես որ զարմանալի ոչինչ չկա»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարության առնչությամբ, որ Սամվել Բալասանյանն օտար չէ, եւ որ ԲՀԿ-ն էլ իրենց հակառակորդ չէ, այսպես մեկնաբանեց ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը:
Մեր հարցին՝ դա ԲՀԿ-ի հետ կապված որեւէ բացահայտում չի՞ անում՝ նա պատասխանեց. «Ես չեմ կարող այդ մի օրինակով ԲՀԿ-ին ամբողջությամբ մեղադրել հաճախորդ լինելու մեջ, բայց որ առանձին անհատներ կարող են նման դիրքորոշում ունենալ՝ ես չեմ զարմանում: Նորմալ է: Հայկական քաղաքական իրականության համար դա վաղուց արդեն նորմալ երեւույթ է: Դրա համար ես ցավում եմ, բայց փաստը մնում է փաստ»:
Մեր հարցին՝ այսինքն ձեզ չի՞ զարմացրել այն, որ Սերժ Սարգսյանը բացեիբաց հայտարարել է, որ Սամվել Բալասանյանին ինքն է առաջադրել, որ ԲՀԿ-ն հակառակորդ չէ, նա պատասխանեց. «Չէ, իհարկե չի զարմացրել: Դա պիտի հայտարարվի: Բա պիտի ոչնչացնի քաղաքական ուժին: Կուսակցությունները շարքից դուրս են գալիս հենց նման հայտարարությունների շնորհիվ: Ոչնչացնում է քաղաքական ուժը, քաղաքական ուժը հենց այդպես է գնում կործանման: Երբ քաղաքական դաշտում որոշակի կոնկրետ նպատակային ուղղվածությամբ չի գործում, եթե փոփոխվում են իրավիճակների հետ կապված նաեւ նպատակներն ու նպատակիդ հասնելու միջոցները, դա արդեն նորմալ չեմ համարում»:
Մեր հարցին՝ այդ պաշտոններով գայթակղվելով՝ ԲՀԿ-ն հնարավո՞ր է գնա գործարքի նախագահական ընտրություններին ընդառաջ, տիկին Թադեւոսյանը պատասխանեց. «Չգիտեմ ինչ գործարք կլինի, բայց այդ մասին լրատվության մեջ կա, որ եղել է հանդիպում, 30% իշխանությունը վերցնելու են, տալու են իրենց, նաեւ վարչապետի պաշտոնը: Այդ պայմանավորվածությունների մասին արդեն ասեկոսեներ կան, եւ մենք վաղուց սովորել ենք, որ ասեկոսեներից իրականություն ընդամենը մեկ քայլ է: Սկզբում ասեկոսեներ են, որպեսզի ժողովուրդը հարմարվի այդ լուրի հետ, արդեն ընդունի որպես իրականություն, իսկ երբ տեղի է ունենում դեպքը, ասում են՝ դե դրա մասին արդեն վաղուց կար: Որպեսզի շատ չզարմացնեն, ժողովուրդը շոկային իրավիճակներում հայտնվի, այդպես նախագահականից բաց են թողնում ասեկոսե կոչվածը, հետո դա դառնում է իրականություն: Որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ դա Բաղրամյան 26-ից են ուղարկում, հարմարեցնում են մեզ այդ մտածողությանը, ուղեղներս լվանում, հետո էլ ասում են՝ դե, լվացված ուղեղներ եք, ընկալեք: Մենք, ցավոք սրտի, սուսուփուս ընկալում ենք»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ ՀԱԿ-ը որեւէ հույս կապո՞ւմ է արդեն ԲՀԿ-ի հետ՝ Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Անձամբ ես չեմ կապում: Երբեք չեմ կապել եւ չեմ էլ կապելու, մեր քաղաքական ուժն էլ չի կապել եւ չի էլ կապելու»:
Տիկին Թադեւոսյանը նշեց նաեւ, որ առաջիկայում Կոնգրեսի կուրսը կհստակեցվի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ