2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու եւ Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներում շնորհելու կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը`
– Անդրադառնալով Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում վերապատրաստում անցնող Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին` 2004 թվականի փետրվարի 19-ին քնած վիճակում, կացնահարած ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից կատարված դաժան ու անմարդկային հանցագործությանը,
– Ընդգծելով, որ Հունգարիայի կառավարությունը` որպես ընդունող երկիր, չի ապահովել մասնակիցների անվտանգությունը իր տարածքում կազմակերպված միջազգային միջոցառմանը,
– Արձանագրելով, որ հայ սպայի սպանությունը եւ այն կատարած հանցագործը Ադրբեջանի իշխանությունների կողմից պարբերաբար, ամենաբարձր մակարդակով արդարացվում եւ հերոսացվում էր, ուստի եւ որոշում կայացնելուց առաջ Հունգարիայի իրավասու մարմինները չէին կարող չգիտակցել ու չկանխատեսել, որ Հունգարիայի օրենսդրությամբ ցմահ ազատազրկման դատապարտված հանցագործին Ադրբեջանին փոխանցելը նշանակում է վերջինիս ազատություն շնորհել եւ ստեղծել նախադեպ հայերի դեմ էթնիկ հողի վրա կատարված հանցագործությունները խրախուսելու համար,
– Փաստելով, որ Ադրբեջան վերադարձված հանցագործին Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելը, ինչպես նաեւ կոչումների ու տարատեսակ պարգեւների արժանացնելը քաղաքական ցինիզմի դրսեւորում է միջազգային հանրության նկատմամբ,
– Համարելով, որ այս հանցագործությունը հետեւանք է ադրբեջանական իշխանությունների կողմից հետեւողականորեն քարոզվող այլատյացության քաղաքականության, իսկ հանցագործին ներում շնորհելով` Ադրբեջանի նախագահը եւ ադրբեջանական իշխանությունները ստանձնում են նրա հանցանքի պատասխանատվությունը,
– Որակելով Ադրբեջանի նախագահի հրամանագիրը որպես 1983 թվականի Ստրասբուրգի «Դատապարտյալների փոխանցման մասին» կոնվենցիայի մարդասիրական նպատակներին, ինչպես նաեւ մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների եւ նորմերի ոգուն հակասող գործողություն .
Ազգային ժողովը հայտարարում է.
1. Հունգարիայի իշխանությունը նույնպես պատասխանատվություն է կրում կատարվածի համար, հետեւաբար Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը դատապարտում է Հունգարիայի իշխանությունների դրսեւորած վարքագիծը եւ կասեցնում է Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի հետ պաշտոնական հարաբերությունները.
2. Ադրբեջանը այս քայլով հերթական անգամ վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը եւ էլ ավելի է խորացնում իր սանձազերծած հակահայկական թշնամանքի եւ ատելության մթնոլորտը, ոտնահարում է միջազգային իրավական փաստաթղթերով երաշխավորված մարդու իրավունքները, կրկին ի ցույց է դնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը վիժեցնելու եւ դրանում միջազգային հանրության, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած աշխատանքը ձախողելու իր հետեւողական քաղաքականությունը.
3. Ադրբեջանում պետական մակարդակով հայերի հանդեպ արմատավորված ատելության մթնոլորտը վերահաստատում է այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում.
4. Հորդորում է ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող բոլոր երկրների խորհրդարաններին դատապարտել Հունգարիայի եւ Ադրբեջանի միջեւ 2012 թվականի օգոստոսի 31-ին իրականացված գործարքը.
5. Ակնկալում է միջազգային խորհրդարանական կազմակերպությունների համարժեք արձագանքը եւ համապատասխան հստակ գործողությունները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
05.09.2012