Սեպտեմբերի 7-ին Կապանում` մշակույթի կենտրոնի հարակից հրապարակում, նախատեսվում է հավաք անցկացնել: Հավաքը նպատակ ունի քննարկել նախընտրական շրջանում Կապանում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը: Այսօր առավոտյան ժամը 11-ի սահմաններում Կապանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ հավաքի անցկացման վերաբերյալ որեւէ գրություն դեռ չի ստացվել: Սակայն, մեր աղբյուրներից մի փոքր ավելի ուշ պարզեցինք, որ հավաքի անցկացման իրազեկման գրությունը ժամը 12:30-ի սահմաններում արդեն իսկ ներկայացվել է քաղաքապետարան:
«Կապանը կապանցիներինն է» քաղաքացիական շարժման անդամ Գագիկ Ղահրամանյանը «Առավոտին» փոխանցեց, որ հավաքն ամենեւին էլ չի կազմակերպվում ի պաշտպանություն, հանուն Արտուր Աթայանի կամ ընդդեմ Աշոտ Հայրապետյանի, ինչպես շատերն են նման թյուր կարծիքի, այլ կազմակերպվում է, որովհետեւ այսօրվա դրությամբ շատերն են մտահոգված մարզկենտրոնում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտով:
«Մեզ ուղղակի Կապանում գոյություն ունցող բարոյահոգեբանական մթնոլորտը չի բավարարում, գտնում եմ, որ այսպես պետություն չի կառուցվում, հանապազօրյա հացի փնտրտուքով ապրող մարդուն վախեցնելով ընտրություններ չեն կազմակերպում եւ այլն: Վերջին հաշվով ինձ համար էական նշանակություն չունի, թե ով պետք է լիներ քաղաքապետ, ինձ համար էական նշանակություն ունի, որ կապանցին ընտրելու իրավունքից զրկված է, մեր պայքարը դրա դեմ է: Մենք ամեն ինչ անելու ենք օրինական ճանապարհով»,- ասաց պարոն Ղահրամանյանը եւ հավելեց, որ ինքն ու շարժման մասնակիցները կոչ են անելու կապանցի ընտրողներին սեպտեմբերի 9-ին պարտադիր գնալ ընտրության եւ դեմ քվեարկել, քանի որ ստեղծված իրավիճակում հարցի լուծման միակ տարբերակը դա է, քանզի ընտրապայքարին միայնակ մնացած թեկնածուն, այնուամենայնիվ, չի հրաժարվել ընտրապայքարից` անկախ արված հորդորներին:
Գագիկ Ղահրամանյանը, անդրադառնալով վերջին օրերին իր հասցեին հեռուստաեթերից եւ մամուլով հրապարակված հայտարարություններին, նշեց, որ դրանք թույլ մարդկանց բնորոշ քայլեր են, որոնք ուղղակի ուղղված են իրեն հավասարակշռությունից հանելու համար: «Իմանալով հանդերձ, որ ես հիմա եթերից զրկված եմ, եթերով իմ հասցեին ասվում է` ես լուրջ մարդ չեմ կամ կամ կայքերից մեկում է տխմար բաներ գրվում, դա թույլ մարդկանց, անապացույց, պարզապես ինձ հավասարակշռությունից հանելու քայլեր են, բայց իրենք հակառակ արդյունքի են հասնելու: Ես միանշանակ այս շարժմանը մինչեւ վերջ մասնակցելու եմ` անկախ ամեն ինչից ու հորդորելու եմ, որ բոլորը պարտադիր գնան ընտրության ու դեմ քվեարկեն: Պարզապես հաճելի չի, երբ քո հասցեին տխմար բաներ են գրում, ես դրան անդրադառնալու եմ ամսի 10-ից հետո, երբեմն-երբեմն տալիս եմ պատասխան, բայց ամսի 10-ից հետո իմ իրավունքնեից օգտվելով` իմ հասցեին հնչեցված` կաշառակեր, անբարոյական եւ այլ խոսքերի համար դատի եմ տալու»,- ասաց Գագիկ Ղահրամանյանը:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ