Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի ելույթը ԱԺ արտահերթ նստաշրջանում

Սեպտեմբեր 05,2012 19:55

Հարգելի գործընկերներ,

Սիրելի հայրենակիցներ

 

Հայաստանի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային ժողովն այսօր Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ հրավիրել է այս արտահերթ նստաշրջանը` օրակարգում ընդգրկելով  մի հայտարարության նախագիծ, որն ուղղակի  հերթապահ գնահատական է մի թուրքական պետության հերթական անբարո, հակահայ, հակամարդկային վարքագծին, որը գործարք իրականացրեց Եվրոմիության անդամ պետության հետ:

 

Բայց ամենակարևորն այն է, որ մեր հասարակության մեջ կան մարդիկ, այդ թվում նաև նախագահի պաշտոնը զբաղեցնող, ովքեր  այդպես էլ այս անկախության 20 տարիների ընթացքում  չգիտակցեցին, որ երբևիցէ չի կարելի կասկածի տակ դնել մեր պատմական հայրենիքում հայկական պետությունների վերականգնման` մեզ պատկանող իրավունքը:

 

Այսօրվա հայտարարության նախագծի 3-րդ կետը  դրա վառ ապացույցներից մեկն է:

Մենք ովքեր ենք, որ հայտարարենք. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում»: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ինչպես Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի  Հանրապետությունները, ապագաղութացման արդյունքում, 20 տարիների ընթացքում ձևավորվել և գոյություն ունեն  որպես անկախ պետություններ:

 

Հայոց Խորհրդարանը, եթե ցանկանում է արդարացի գնահատական տալ թուրքական Ադրբեջանի վարքագծին և նրա հետ գործարք իրականացնող Եվրոմիության անդամ պետությանը, ապա առնվազն անհապաղ պետք է`

 

  • ճանաչի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը, այնուհետև գործադիր իշխանությունից պահանջի ռազմական օգնության պայմանագիր կնքել Լեռնային Ղարաբաղի` Արցախի Հանրապետության իշխանությունների հետ,
  • պահանջ ներկայացնի ՀՀ նախագահին Հայ-թուրքական արձանագրություններից ու Մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու վերաբերյալ:

 

Ինչ վերաբերում է Հունգարիայի և Ադրբեջանի միջև գործարքին, ապա հայ ժողովուրդը նման անբարո, անմարդկային գործարքների բազմիցս ականատես է եղել առնվազն վերջին հարյուրամյակում:

 

Իհարկե, մենք պետք է գնահատական տանք այս գործարքին, բայց գնահատականները չպետք է լինեն ուշացումով և միանգամյա հերթապահ դատապարտման հայտարարությամբ, որոնք չեն կարող ունենալ լուրջ արդյունքներ:

 

Ես կարծում եմ, որ եթե Հայոց Խորհրդարանը ցանկանում է իրապես անկախ հայկական պետության քաղաքականություն վարել թուրքական թշնամանքը կանխելու համար, չպետք է  պոստ-ֆակտում անդրադառնա հայկական հարցի բաղադրիչ թուրքական Ադրբեջանի գործողություններին:

ՀՀ նախագահը չպետք է պոստ-ֆակտում  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետին  հանձնարարի բարձրացնել մեր զորքերի զգոնությունը: Մեր երկրի զգոնությունը նման հանձնարարությամբ չի բարձրանա: Այն կբարձրանա այն ժամանակ, երբ յուրաքանչյուր  սպանված զինվորի մայր տեսնի արդարադատություն և չգնա ՀՀ կառավարության և նախագահի նստավայրեր` բողոքի ցույց անցկացնելու և պահանջելու արդարադատություն:

Մեր զորքերի զգոնությունը կբարձրանար այն ժամանակ, երբ ՀՀ նախագահը ՀՀ ԱԺ-ի կողմից արտահերթ քննարկում պահանջեր հայկական զինված ուժերի սպա Վահե Ավետյանի սպանության փաստի վերաբերյալ:

Մեր զորքերի զգոնությունը կբարձրանար, այն ժամանակ երբ ՀՀ նախագահի կողմից չխրախուսվեր ՀՀ զինված ուժերի օգտագործումն արտակարգ դրության ժամանակ:

Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության պետին`Գորիկ Գուրգենիչին,  խորհրդակցությունից հետո անմիջապես  իր մոտ էր կանչել հատուկ հանձնարարության համար: Հետաքրքիր է` ներկայիս իրավիճակում,  որը պետք է լինի այդ հատուկ հանձնարարությունը, որը կնպասի մեր երկու հայկական պետությունների պաշտպանությանը և մեր զորքերի զգոնությանը, այս մասին հրապարակում չկա,  բայց խորհուրդ եմ տալիս որպես առաջնահերթ հանձնարարություն պահանջ ներկայացնել Գորիկ Գուգենիչին,

  • Որ նա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին տրամադրի ճշմարտությունը պարունակող տեղեկանք Հայկական զինված ուժերի սպա, Արցախյան պատերազմի հերոս Ժիրայր Սեֆիլյանին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն տրամադրելու վերաբերյալ, որպեսզի ինքն էլ իր հերթին ՀՀ զինված ուժերի սպային շնորհի ՀՀ քաղաքացիություն,
  • ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության կողմից սարքած քրեական գործերի վերաբերյալ ներկայցնել հաշվետվություն, և այդ սարքած գործերի վերաբերյալ արդարության վերականգնման ուղղությամբ գործողություններ իրականացնի:

Սերժ Սարգսյանը նշում է, որ պետք է  համապատասխան ցուցումներ տալ մեր դիվանագիտական բոլոր կառույցներին: Հետաքրքիր է ինչ ցուցումների մասին է խոսքը, որն է մեր արտաքին քաղաքականությունը` Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայից տարանջատված քաղաքականություն իրականացնել Ադրբեջանի նկատմամբ, թե ….:

Սերժ Սարգսյանը նշում է, որ կապվել է մեր ավանդական կուսակցությունների ղեկավարների հետ.  ճիշտ է արել, որ կապվել է, բայց այդ կապը պետք է լինի մշտապես, այդ կապը պետք է լիներ նաև հայ-թուրքական խայտառակ արձանագրությունները ստորագրելուց առաջ և պետք հաշվի առնվեր նրանց կարծիքը:

Սերժ Սարգսյանը նաև համոզմունք է հայտնել, որ արտերկրում մեր ժողովուրդը պետք է գնահատական տա: Այո, պարոն Սարգսյան դուք իրավացի եք մեր ամբողջ ժողովուրդը պարտավոր է իր ներդրումն ունենա մեր հայրենքի պաշտպանության համար, բայց մյուս կողմից նաև Ձեր կողմից ղեկավարվող կուսակցության ջանքերով ընդուված հակասահմանադրական օրենքով մերժվել է մեր քաղաքացիների արտերկրում ընտրելու իրավունքը:

Եվ ելույթիս ավարտին հարդորում և խնդրում եմ Ձեզ պարոն Սերժ Սարգսյան ցուցումներ տալ համապատասխան դիվանագիտական  կառույցներին ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգի բանտախցում 30 տարի գտնվող, ցմահ ազատազրկված  Համբիկ Սասունյանին ազատ արձակելու համար, ում բանտի նամակները հղված մեր զինվորներին  հրապարակվում են մեր պաշպանության նախարարության պաշտոնաթերթում,  որոնք փաստում են որ հայը ապրում է և դեռ ապրելու է:

Մեջբերում եմ  <Պայքարը տկարի համար չէ՛… Հայու ոգի է պետք ու կամք, մենք պետք է մեզ` մեր մեջ հավաքենք ու բռունցք լինենք միշտ: Նույնիսկ ինձ համար այստեղ, այս խուցի մեջ իմ պայքարի վերջը հաղթանա՛կն է:>

 

Զարուհի Փոստանջյան

5 սեպտեմբեր 2012 թվական

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930