Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը ԱԺ արտահերթ նստաշրջանում

Սեպտեմբեր 05,2012 19:44

Հարգելի գործընկերներ,

Հայաստանի Հանրապետության  եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմատենչ հարեւան Ադրբեջանը իր վերջին քայլով` էթնիկ հողի վրա կատարած հանցագործության համար խստագույն պատժի արժանացած մարդասպանին ներում շնորհելով, ստեղծեց վտանգավոր  նախադեպ, երբ նավթադոլարները ծառայեցվեցին եվրոպական արդարադատության համակարգը վարկաբեկելուն, ինչն անհարիր է ոչ միայն առաջադեմ Եվրոպային, այլեւ աշխարհին ընդհանրապես:

Այսքանից հետո  դժվար է անհիմն համարել այն տեղեկությունները, որ Ադրբեջանը պետական մակարդակով ֆինանսական միջոցներ է հատկացնում ծայրահեղական կազմակերպություններին ֆինանսավորելու համար ե’ւ իր տարածքում, ե’ւ դրանից դուրս: Այսինքն, այդ երկիրն իր գործելաոճով վտանգ է ներկայացնում միջազգային հանրության, միջազգային կառույցների ու իր գործընկերների համար:

Ցավոք, գտնվում են նաեւ իշխանություններ, այդ թվում նաեւ Եվրոպայի սրտում, որ  չեն դիմանում  նավթադոլարների գայթակղությանը, ինչը  տեղի ունեցավ օրեր առաջ Հունգարիայի արդարադատության համակարգի եւ իշխանությունների հետ, ովքեր դեմ գնացին ոչ միայն օրենքին, այլեւ բարոյականությանը, խղճին ու բանականությանը: Հունգարիայի իշխանությունները քաջատեղյակ լինելով Ադրբեջանի կողմից Ռամիլ Սաֆարովին եւ նրա ստոր արարքը հերոսացնելու տարիներ շարունակ հնչող հայտարարություններին,  քաղաքական գործարք կնքեցին  Ադրբեջանի իշխանությունների հետ:

Եթե Ադրբեջանի հպարտությունը քնած մարդուն դավադրաբար կացնահարած փոքրոգի մարդասպանն է, ով ներկայացնում է այդ երկիրն ու նրա բանակը, ապա Արցախը հպարտ է ազատագրական պայքարով ձեռք բերած իր անկախ պետականությամբ եւ դրա հարատեւությունը երաշխավորող ոգով ու մարտունակ բանակով:

Օրերս Արցախը հանդիսավորությամբ նշեց իր անկախության 21-րդ տարեդարձը: Նշեց վստահությամբ, հաստատակամությամբ, եւս մեկ անգամ աշխարհին ցույց տալով, որ դե յուրե ճանաչված չլինելով ` դե ֆակտո  ժողովրդավարության չափանիշներով իր հարեւան Ադրբեջանին հաստատապես գերազանցող պետություն է:

ԼՂՀ անկախությունն այլեւս անշրջելի իրողություն է, եւ ԼՂՀ-ն տարեցտարի էլ ավելի ամրապնդում է իր պետականության հիմքերը:  Այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղը  չի կարող լինել Ադրբեջանի կազմում, պարզ է  ոչ միայն Հայաստանի ու Արցախի ժողովրդին, ոչ միայն ողջ հայությանը, այլ նաեւ միջազգային հանրությանը:  Իսկ Ադրբեջանի նախագահ  Ալիեւի  վերջին  հրամանագրերը  հարցականի տակ դրեցին  փոխզիջումների մասին խոսելու նպատակահարմարությունը, եւս մեկ անգամ փաստելով, որ Ադրբեջանը երբեք չի կարող հանդիսանալ  Արցախի բնակչության  ֆիզիկական անվտանգության երաշխավոր:

Հարգելի պատգամավորներ

Տարբեր առիթներով  նշել ենք, որ Ադրբեջանը միջպետական հարաբերություններում անհուսալի եւ անվստահելի գործընկեր է, ինչի վկայությունն է նրա գործելաոճը  ԼՂ հարցի շուրջ բանակցություններում եւ ընդհանրապես ողջ հակամարտության ընթացքում: Բավական է հիշել այն անպատասխանատու վերաբերմունքը, որ այդ երկիրն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կամ այդ խմբի անդամ երկրների ղեկավարների միջնորդությամբ ընդունված փաստաթղթերի նկատմամբ: Ըստ էության, Ադրբեջանի այդ պահվածքը բնավ էլ զարմանալի կամ անսպասելի չէր, ավելի զարմանալի է այն հանդուրժողականությունը, որ միջազգային հանրության կամ կառույցների կողմից կա այդ երկրի նկատմամբ, որին նույն այդ կառույցները բազմիցս են քննադատել մարդու իրավունքների խախտման, խոսքի ազատությունը խոչընդոտելու եւ Եվրոպայի համար անընդունելի ու դատապարտելի այլ գործողությունների մեջ: Եթե այդ քննադատություները գործնական քայլերի վերածված լինեին, կարծում եմ, Ադրբեջանը չէր հանդգնի ոչ միայն գործարքի գնալ, այլեւ նույնիսկ նման առաջարկ անել ԵՄ անդամ երկրին, որն իր հերթին լինելով բարեկամ երկիր, մեղմ ասած, ոչ բարեկամ պահվածք դրսեւորեց ե’ւ Հայաստանի, եւ սեփական, ե’ւ եվրոպական արժեհամակարգի նկատմամբ:

Միջազգային հանրությունը գոնե հիմա պետք է կարողանա տեսնել  իրական դեմքը մի երկրի, որտեղ խրախուսվում է հայատյացությունը: Արցախի  ժողովուրդը վաղուց է համոզվել դրանում եւ պատահական չէ մշտապես հայտարարում, որ որեւէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այդ մասին բազմիցս հայտարարել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Չի կարելի վստահել Ադրբեջանի նույնիսկ ամենաբարձր մակարդակով տրված երաշխիքին կամ խոստմանը, հատկապես,  եթե այն վերաբերում է մարդու, առավել եւս հայ մարդու անվտանգությանը:

Իր այս քայլով  Ադրբեջանը ԵՄ անդամ  Հունգարիային  ներքաշելով քաղաքական  խարդավանքների մեջ` փորձում է ամենաթողության մթնոլորտ  ստեղծել եվրոպական ընտանիքում: Հետեւաբար, այդ ընտանիքից անպայմանորեն պետք է հնչեն դատապարտող խոսքեր, կատարվեն  կոնկրետ գործողություններ:

Հակառակ դեպքում դրանք կլինեն սովորական դեկլարատիվ, ձեւական արտահայտություններ:

Հակառակ դեպքում արեւելյան գործընկերությունը կարող է մնալ ձեւաչափ լոկ թղթի վրա, եթե գործընկերներից մեկի կամ մի քանիսի դատապարտելի գործողությունները չեն արժանանում մյուսների կոշտ ու շոշափելի արձագանքին:

Հակառակ դեպքում դժվար կլինի մտածել, որ ՆԱՏՕ-ի  «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրն իրոք գործընկերային է եւ իսկապես հանուն խաղաղության է, երբ այդ գործընկերության շրջանակներում Եվրամիության անդամ երկրում կացնահարվում է հայ սպան, իսկ մարդասպանը  Եվրոպայի Խորհրդի անդամ երկրում դառնում է ազգային հերոս:

Հարգելի պատգամավորներ,

Ազգային ժողովի ընդունած հայտարարությունը կուղարկվի միջազգային խորհրդարանական կառույցներին եւ ազգային խորհրդարաններին, որոնք, կարծում եմ, համարժեք գնահատական կտան եւ կդիմեն գործնական քայլերի:

Շնորհակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930