Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը Aravot.am-ի հետ զրույցում իրավապաշտպաններ Ավետիք Իշխանյանին, Վարդան Հարությունյանին եւ Արման Դանիելյանին մեղադրեց դատախազության գործիք լինելու մեջ: Պարոն Դանիելյանի խոսքերով, տարիներ առաջ իրենց ասոցիացիայի իրավապաշտպան Արշալույս Հակոբյանի դեմ քրեական հետապնդում էր սկսվել, ու իր նշած իրավապաշտպանները դատախազություն էին միջնորդել Հակոբյանի խափանման միջոցը փոխելու:
«Դատախազությունն ուզում էր իրավապաշտպանների ձեռքերով աշխարհին ի լուր հասցնել, որ Հայաստանում նստած իրավապաշտպան չկա, որովհետեւ սաղ աշխարհում խոսում էին այն մասին, որ մեր երկրում իրավապաշտպան է նստել: Վարդան Հարությունյանը, որ հայտարարում է՝ ինքը իբր թե պաշտպանել է Արշալույս Հակոբյանին, իրականում դա եղել է դատախազության կողմից ներկայացված փաստաթուղթ՝ մի հատ փոքրիկ թղթիկ, որ ստորագրել են երեք իրավապաշտպաններով, եւ խաբեությամբ ուզում էին մեզնից էլ կնիք վերցնել եւ ներկայացված փաստաթղթում գրված էր՝ խնդրում ենք քաղաքացի Արշալույս Հակոբյանի խափանման միջոցը փոխել՝ տեղյակ չպահելով ո՛չ ինձ, ո՛չ Հակոբյանին ո՛չ էլ նրա փաստաբանին: Ես վրդովված էի, որովհետեւ դա դատախազության կողմից նախաձեռնություն էր եւ բացի այդ ինչո՞ւ քաղաքացի եւ ոչ իրավապաշտպան: Մենք հաղթեցինք գործը, նախ դատավորը փոխեց խափանման միջոցը, հետո էլ մեղադրանքը հանվեց»,- հավելեց պարոն Դանիելյանը՝ անդրադառնալով Վ. Հարությունյանի խոսքերին, թե, երբ ինքը փորձել է միջամտել ու պաշտպանել Հակոբյանին, պարոն Դանիելյանն արգելել է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ