Սիրային հարաբերություններում միջնորդ անձը կարող է դրական կամ բացասական անդրադարձ ունենալ` կախված հարաբերությունների զարգացման ընթացքից: Եվ քիչ չեն այն դեպքերը, երբ զույգերն ընտանիք կազմելուց հետո բախվում են մի շարք խնդիրների, թուլացնում ներքին կապը, անիծում միմյանց հանդիպելու օրն ու մեղադրում միջնորդին: Սուսաննան տարիներ առաջ հանգամանքների բերումով հայտնվել է միջնորդի կարգավիճակում. «Միշտ խուսափել եմ նման բաներից, բայց դեպքերն այնպես զարգացան, որ կողմերից մեկի մայրը խնդրեց իմ օգնությունը եւ ես ակամայից միջնորդ դարձա: Ես հրաշալի ընկերուհի ունեի. մենք համակուրսեցիներ էինք եւ քննական շրջանում հաճախ մեր տուն էինք գնում հարցատոմսերը պարապելու»,-պատմում է նա: Պարապմունքներից մեկի ժամանակ Սուսաննային հյուր է գալիս նրա մորաքույրը, ով, տեսնելով Աստղիկին, հավանում է: Օրերից մի օր, մորաքույրը Սուսաննային խնդրում է հաջորդ անգամ Աստղիկին իրենց տուն հրավիրելուց իրեն տեղյակ պահել: «Նա ասեց, որ շատ է հավանել Աստղիկին եւ ցանկությունը մեծ է, որպեսզի Արմենը (մորաքրոջ որդին) մեկ անգամ անպայման հանդիպի Աստղիկին, իսկ դրա համար ինձանից պահանջվում էր ընդամենը տեղեկացնել»: Սուսաննան այդպես էլ վարվում է: Հաջորդ հանդիպմանը, երբ Աստղիկն արդեն Սուսաննայենց տանն էր, շատ չանցած ինչ-որ պատրվակով իրենց է միանում նաեւ Արմենը: Սուսաննան ծանոթացնում է, իսկ Արմենը իր հումորի զգացումով կարողանում է ծիծաղ պարգեւել աղջիկներին, այս տարբերակով փորձում կոտրել որոշ պատնեշներ: Այնուհետեւ այս ամենը հաճախակի ու սովորական է դառնում: Ժամանակի ընթացքում Սուսաննան որոշակի փոփոխություն է նկատում թե՛ Աստղիկի, թե՛ Արմենի միջեւ: «Հասկացա, որ իրենք միմյանց նկատմամբ անտարբեր չեն եւ քաջատեղյակ լինելով նաեւ մորաքրոջս դրական վերաբերմունքին` սկսեցի ավելի հաճախակի հանդիպումներ կազմակերպել»,- պատմում Է Սուսաննան: Արդյունքում Աստղիկն ու Արմենը հանդիպումից մեկ տարի անց ամուսնանում են: Ամուսնությունից չորս տարի է անցել, իսկ նրանց ընտանիքում ամենօրյա վեճերն ու անհանդուրժողական վերաբերմոնքը միմյանց նկատմամբ սովորական էր դարձել: «Վեճերի հիմնական առանցքը երեխայի բացակայությունն էր: Աստղիկը մեկ տարի շարունակ բժիշկներին էր դիմում, որոշակի բուժումներ անցնում, այնինչ խնդիրը Արմենից էր: Արմենը իմպոտենտ էր, որի մասին մորաքույրս տեղյակ էր, իսկ ես՝ ոչ»: Այս ամենը պարզ դառնալուց հետո, սկսվում են մեղադրանքները Աստղիկի ծնողների կողմից՝ ուղղված Սուսաննային. «Նրանք ինձ մեղադրում են նրանում, թե ես տեղյակ եմ եղել այդ մասին եւ դժբախտացրել եմ իրենց աղջկան»: Մինչդեռ Սուսաննայի մտքով անգամ չի անցել, որ Արմենը նման խնդիր կարող էր ունենալ: Արդյունքում,փոխադարձ մեղադրանքների արդյունքում նրանց ընտանիքը փլուզվեց:
Սուսաննան խորհուրդ է տալիս բոլորին, անկախ ամեն ինչից ու ամենքից, զերծ մնալ ցանկացած մարդկային փոխհարաբերություններում միջնորդ լինելուց, հատկապես, երբ առկա է սիրո գործոնը, քանի որ ոչ ոքի համար պարզ չէ, թե այն ինչպես կզարգանա: Ինչպես ինքն է ասում. «Այստեղ էլ երրորդն ավելորդ էր»:
Քրիստինա Միրզոյան