Շատ երկար ենք գցում-բռնում՝ ասենք, թե չասենք, անենք, թե չանենք, խիստ լինեք, թե՝ ոչ այնքան, կոմպլեմետար լինենք, թե ոչ այնքան, երկար ենք մտածում, հայի հետին խելքով ենք փորձում մտածել եւ գալիս-հանում ենք ոչ մի տեղ եւ միանգամից հօդս են ցնդում ոմանց եվրոպական ռեւերանսները եւ տարածաշրջանային տոլեռանդությունը , բոլորին ըմբռնելու, բոլորին հասկանալու, բոլորին ներելու եւ սիրելու մեր էս հայի խասյաթը: Այսօրվա պես մեկ էլ ձեռքներս խփում ենք սեղանին ու ասում ենք՝ մեր եվրոպացի գործընկերներ, ձեր բոլոր լավ ու վատ կողմերով մի կողմ քաշվեք, որովհետեւ, երբ մեզ քնած են մորթում, դուք էդ մորթողին լուռ ու մունջ հանձնում ենք նույն այդ մորթողներին: Միթե սա է եվրոպական մենթալիտետը, արդյոք այլ չպիտի լինի եվրոպացու հոգեկերտվածքը:
Վստահ եմ՝ այլ է, սակայն այսօր դուք այդպես եք վարվում, որովհետեւ հեռացել եք ձեր պատմական ակունքներից , որովհետեւ մեր միջի հայի տեսակը լավ չեք ճանաչում, իսկ մենք պատմություն ունեցող եւ պատմությունը չմոռացող ժողովուրդ ենք: Դուք անձամբ ծանոթ չեք մեր Սասունցի Դավթին, ով ծուռ-ծուռ էր ապրում, բաց միշտ շիտակ էր գնում, ինչպես մենք ՝ այսօր եւ երբեք քնածին չէր կացնահարում, իր ոսոխին արթացնում եւ կռվի էր կանչում ու այդպես պարզ ու շիտակ էր հաղթում, ծուռ-ծուռ ու հայավարի:
Դա է մեր պատմական արյունը, մենք բաց ենք կռվում եւ հաղթում ենք բաց ճակատամարտում, մերը սա է, մերը՝ երես-երեսի հաղթելն է: Երբեք թիկունքից չենք հարվածում: Թեպետ՝ արժեր ոմանց հենց այդպես էլ հարվածել:
Այսօր ձեր հոգեւոր առաջնորդներից սկսած մինչեւ ձեր պապաները ներողություն են խնդրում, մեծահոգության կոչ են անում, հորդորում են զուսպ լինել:
Այդ բոլոր խոսքերը ոչինչ են, իզուր եք այդպես ուշացած իրար խառնվել, իզուր եք հորդորներ շռայլում, մեղավորը մեծահոգության կոչ անելու իրավունքը չունի:
Ավելի վաղ էր պետք սաստել ազերիներին, արեցի՞ք, չարեցիք ու չեք անում, մի կողմ քաշվածի ձեր պահվածքով ապացուցեցիք ցավալի մի իրողություն՝ ժողովրդավարություն , դեմոկրատիա, եվրոպական արժեքներ եւ եվրոպական մտածողություն ասվածները, որոնք այդպես սիրուն փաթեթավորված արտահանում ենք , առաջին հերթին ինքներդ եք խախտում:
Չե՞ք խախտում, ուրեմն՝ մեր հարգելի գործընկներ եվրոպական երկրների, եւ առաջին հերթին՝ Հունգարիա, ուզո՞ւմ եք մեղքներդ քավել, սիրտներդ տխուր է եւ ամաչո՞ւմ եք, խնդիր չէ, մենք գենետիկ մեծահոգի ենք եւ տոլեռանդ եւ կարող ենք առաջարկել այդ հոգեվիճակից դուրս գալու ելքը, որն անվերապահորեն արդար կլինի, ընդունելի կլինի մեզ համար, նաեւ՝ աշխարհի այն մասերում, որտեղ դեռ գործում են իրական եվրոպական արժեքները եւ որտեղ մարդիկ ավելի բարեկիրթ են:
Եթե ընդունենք իմ առաջարկը, ապա կապացուցեք ձեր ժողովրդավար լինելը: Խնդրեմ առաջարկս.
- Ճանաչեք Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախությունը :
- Ճանաչեք Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախությունը;
3. Ճանաչեք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ եւ ինքնիշխան ապրելու իրավունքը:
Կանե՞ք շատ լավ;
Չե՞ք անի, դեռ շատերը կմորթեն ու կմորթվեն:
Իսկ հիմա՝ մենք՝ մեր մասին, համոզված եմ, այսօր մենք խոսում ենք մի հարցի շուրջ, որում իշխանություն-ընդդիմություն չպետք է լիներ:
Եթե կա, ապա մի պարզ հարց՝ իսկ ինչով էր զբաղված ինքը՝ ընդդիմությունը, իսկ ընդդիմությու՞նն ինչի համար է, երբ, սովորաբար, այդքան հեշտ տեղեկացվում է, թե մեր որ գործիչը կամ պաշտոնյան դրսի որ պաշտոնյայի կամ գործչի հետ երբ եւ որտեղ է թեյ խմել, ուրեմն, ինչու ընդդիմությունն ինքը իրազեկված չեղավ, միթե ընդդիմությունը միայն ներքին խնդիրների համար է:
Իսկ եթե մեր ընդդիմադիր գործընկերները շարունակում են պնդել, թե մենք այդ արտահանձնումը կարող էինք սաստել, կանխել , չարաչար սխալվում են, որովհետեւ մենք գործ ունեք ոչ թե մեկ երկրի կամ մեկ անձի հետ, այլ՝ կոնկրետ ծրագրի եւ մենք արդեն երկու տասնյակ տարի պայքարում ենք ծրագրի դեմ, իսկ այդ ծրագրի դեմ չեն պայքարում հուզական կամ ընդդիմադիր աղմուկով, ծրագրի դեմ պայքարում են ծրագրով, իսկ եթե ավելի անկեղծ՝ այսօր, այս իրականության դեմ առ դեմ պետք է գիտակցենք, որ մենք գործ ունենք ոչ թե ինչ-որ նենգ մարդասպանի եւ նրան հովանավորողների հետ, այլ՝ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման, որովհետեւ, կարծում եմ, իր այս քայլով մեր հարեւանն ի լուր աշխարհի փաստեց, որ միակողմանի դուրս է գալիս բանակցային գործընթացից: Ու այս պահին մեր առջեւ կա մեկ խնդիր՝ իսկ ինչ ենք անում մենք՝ շարունակո՞ւմ ենք, թե չենք շարունակում բանակցությունները, եթե շարունակում ենք, ապա՝ անպայման նոր հիմունքներով, որը հին է այնքան, որքան Լեռնային Ղարաբաղի անկախությունը :
Ահա դրանք, իմ անձնական կարծիքով.
Առաջին՝ ԼՂՀ վերադառնում է բանակցային սեղանի շուրջ :
Երկրորդ՝ ինչպես ենք վարվում Հունգարիայի հետ…մեր երկրի նախագահը հորդորեց ջահելներին՝ չայրել այդ երկրի դրոշը, որովհետեւ դա ոչ թե այդ երկրի վարչապետի կամ իշխանության այլ՝ հունգար ժողովրդի դրոշն է, պատմությունը:
Մտածենք այս մասին, քանի որ մենք ազգովի գենետիկ հանդուրժող ենք:
Երրորդ ՝ վերջիվերջո, այս ամեն ինչը հանգում է մի պարզ հարցի՝ պատրա՞ստ ենք մենք պատերազմի:
Մենք երբեք պատերազմ սկսող չենք եղել եւ չենք լինելու:
Հաղթել՝ արդեն հաղթել ենք:
Բայց…..մտածենք այս մասին: