Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիվիլիթաս» հիմնադրամ. «Իշխող կուսակցության ուսերին դրված է ընտրարշավին տված խոստումները կյանքի կոչելու բեռը»

Սեպտեմբեր 05,2012 17:37

«Սիվիլիթաս» հիմնադրամը հրապարակել է 2012 թվականի մայիսի 6-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իր միջանկյալ զեկույցը՝ «Ընտրություններ 2012. հայացք ներսից» խորագրով: Այն կազմվել է հայաստանյան խորհրդարանական ընտրություններին հետևած միջազգային դիտորդների, լրագրողների, վերլուծաբանների և քաղաքացիների հետ զրույցների արդյունքում:

Այստեղ ներկայացված է փոփոխվող ընտրական միջավայրի, ընտրական գործընթացների, ինչպես նաև տեղական և միջազգային դիտորդների դիտարկումների ու եզրակացությունների մասին տեղեկատվություն: Aravot.am-ը ներկայացնում է զեկույցում տեղ գտած մի շարք առանցքային մոտեցումներ:

Ներքաղաքական համայնապատկեր բաժնում անդրադարձ է կատարվում 2005 թվականի սահմանադրական հանրաքվեին և զուգահեռներ տանելով 2012-ի խորհրդարանական ընտրությունների հետ՝ նշվում է. «Իշխող Հանրապետական կուսակցության համար 2012 խորհրդարանական ընտրությունները 2005-ի սահմանադրական բարեփոխումների փորձաքար էր, որ սպառնում էր սասանել ՀՀԿ-ի մենաշնորհը, եթե նա չպահպաներ խորհրդարանական մեծամասնությունը»:

Նախընտրական քարոզարշավի մասին ևս զեկույցում  գնահատականներ են տրվում. «Նախընտրական քարոզարշավն առանձնանում էր նրանով, որ կուսակցությունները գաղափարական պայքար չէին մղում: Նախընտրական և պաշտոնական քարոզարշավի շրջանում, ի տարբերություն նախորդ խորհրդարանական ընտրությունների, կուսակցությունները գրեթե չէին խոսում նոր աշխատատեղերի ստեղծման, ժողովրդավարության խորացման, արժանապատիվ կյանք և ապագա կերտելու մասին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների թեմաները գրեթե դուրս էին մղվել քարոզարշավից: Փոխարենը, ավելի շատ խոսվում էր ընտրությունները հերթական անգամ կեղծելու անթույլատրելիության մասին»:

«Սիվիլիթասի» զեկույցում շեշտվում է  նաև «փուչիկների» դեպքի մասին: Մասնավորապես նշված է. «Մայիսի 4-ին ՀՀԿ-ի՝ Հանրապետության հրապարակում կազմակերպած նախընտրական ամփոփիչ հանրահավաքն ու համերգը ստվերվեց ողբերգական պատահարով: Բռնկվեցին ոչ համապատասխան գազով լցված հարյուրավոր փուչիկներ: Արդյունքում ավելի քան 150 հոգի, հիմնականում ուսանողներ, տարբեր աստիճանի այրվածքներ ստացան: Նրանցից 25-ը տեղափոխվեցին հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներ, որտեղ մնացին մի քանի շաբաթ: Դժբախտ պատահարը, սակայն, չխանգարեց, որ ՀՀԿ-ն շարունակի նախընտրական համերգը, և որ Սերժ Սարգսյանը ելույթ ունենա»:

Ընտրախախտումներին ևս անդրադարձ է կատարվում զեկույցում: Ըստ զեկույցի՝ընտրացուցակներում ոչ ճշգրիտ անուններ, մահացած անձանց կամ սխալ անուններ  հայտնվելն էր: Ընտրակաշառք երևույթին անդրադառնալով՝ զեկույցում նշվում է. «Ընտրակաշառքի ակնկալիքներն այնքան լայնատարած են դարձել, որ կուսակցությունները, որոնք տարիների ընթացքում դիմել են նման քայլերի, ռիսկային են համարում այդ պրակտիկայից հրաժարվելը»:

Զեկույցի ամփոփիչ հատվածում խոսքը Հանրապետական կուսակցությանն է ուղղված. «Իշխող կուսակցության ուսերին այժմ դրված է ընտրարշավին տված խոստումները կյանքի կոչելու բեռը, հատկապես այն խոստումների, որոնք անմիջականորեն առնչվում են բնակչության առավել խոցելի խավերի վիճակի բարելավմանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930