«Կրքերը հանդարտվելու խնդիր չէ, ինքն իրեն պարկեշտ պահելու խնդիր է: Ինքն իր ասածի հետ է ուզում լինել»,- Aravot.am-ի հարցին՝ ժամանակ էր անցել, կրքերը փոքր-ինչ հանդարտվել էին, գուցե հիմա մարդիկ ա՞յլ կերպ նայեին այդ խնդրին, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը: Իսկ խնդիրը Ռուբեն Հայրապետյանի՝ պատգամավորի մանդատից հրաժարվելն էր: Հիշեցնենք, որ խորհրդարանի արտահերթ նիստում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել էր, որ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը վերահաստատել է պատգամավորական մանդատից հրաժարվելու իր հայտարարությունը: Այդ հայտարարությունը Հայրապետյանն արել էր իրեն պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպից հետո, որի ժամանակ դաժանաբար ծեծվել եւ այդպես էլ ուշքի չգալով մահացել էր զինվորական բժիշկ Վահե Ավետյանը:
Աշոտ Աղաբաբյանը կարծում է, որ ճիշտ կլիներ, որպեսզի Հայրապետյանի հրաժարականի հարցը ինչ-որ կերպ քննարկվեր խորհրդարանում: Իսկ ինքը մնում է իր կարծիքին, որ Հայրապետյանը չպետք է հրաժարական տար. «Թեպետ դա իր իրավունքն է, բայց յուրաքանչյուր օբյեկտում կարող էր հանցագործություն տեղի ունենալ, սեփականատերը ի՞նչ մեղք ունի: Հայրապետյանը մեծամասնականով ընտրված պատգամավոր էր, ինչի՞ պիտի ժողովուրդը տուժի»:
Ամեն դեպքում, Աշոտ Աղաբաբյանը հարգանքով է վերաբերվում Ռուբեն Հայրապետյանի ցանկացած որոշման:
Կարդացեք նաև
Նելիի ԳՐԻԳՈՐՅԱՆ