Վերջին օրերին Հունգարիայի դեմ բողոքի ակցիաները հասնում են իրենց գագաթնակետին: Մինչև անգամ Հունգարիայի դրոշն այրելու հերթը հասավ, ինչի վերաբերյալ բացասական արտահայտվեց անգամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ գրեթե բոլոր ոլորտներն իրենց հարաբերությունները խզում են Հունգարիայի հետ՝ Հունգարիայի կողմից՝ մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու փաստից վրդովված: Aravot.am-ը ՀՀ-ում հայտնի մի շարք հասարակական-քաղաքական գործիչների հետ զրույցում փորձեց պարզել, արդյոք բողոքի ակցիաներ կազմակերպելիս արդեն չե՞նք ընկնում ծայրահեղությունների գիրկը:
Կրթության ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը մեզ հետ զրույցում նկատեց. «Ծայրահեղ այդ քայլերին կողմնակից չեմ: Բայց պետք էր արմատական և կտրուկ հայտարարություններ, հետևողական քայլեր անել: Դիվանագիտական հարաբերությունները կասեցնելուն դեմ չեմ, քանի որ դա պետք էր: Բայց կատեգորիկ դեմ եմ Հունգարիայի դրոշն այրելուն: Ինչ վերաբերում է ակադեմիայի՝ իր հարաբերությունները Հունգարիայի ակադեմիայի հետ կասեցնելուն, ապա չգիտեմ մինչև հիմա ինչ համագործակցություն, կամ օգտակար բան կար նրանց մեջ, որ հիմա կասեցվեց: Չգիտեմ, դա քայլ էր, որ երևույթի նկատմամբ ավելի ցցուն լինի մեր գիտնականների վերաբերմունքը, թե մի քայլ էր, որ բոլորն անում են, մենք էլ անենք: Բայց ասել, թե կասեցումն այնպիսի արժեք ուներ, որ Հունգարիան պիտի վեր թռչեր տեղից, թե հայ գիտնականները մեզ հետ չեն համագործակցում, այդպես չէ….Ես կիսում եմ այն կարծիքը, որ այս փաստը պիտի օգտագործենք ցույց տալու հանրությանը, թե որքան անհամատեղելի է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը տեսնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության կոնտեքստում և մադրիդյան սկզբունքները ինչ վտանգավոր տարրեր են պարունակում»:
Կարդացեք նաև
ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանն էլ նույն խնդրի մասին ասաց. «Պետական վերաբերմունքը պիտի կոշտ լինի, բայց բնականաբար միշտ հետ նայելով ինչ-որ բան պիտի արվի: Դրոշ այրելը աշխարհում ընդունված բան է: Ինչ վերաբերում է Հունգարիային, ապա այն այնքան անմարդկային բան է արել, ինչքան Ադրբեջանը: Ուստի հո պատերազմ չէի՞նք հայտարարելու, կամ հակառակը՝ ասելու, դե լավ, արել են, արել են: Այս երևույթը մեծ խաղաքարտ է մեր ձեռքին, որ գալիս է ապացուցելու, որ Ադրբեջանի կազմում հնարավոր չէ, որ հայ մարդ հանգիստ քնի, քանի որ նրանցից ամեն մեկը կարող է այդպիսի մի Սաֆարով դառնալ: Իսկ Ադրբեջանը քաղաքական առումով իր համար պարտվողական քայլ արեց»: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ Հունգարիայի դրոշն այրելու կապակցությամբ նշեց. «Դրոշն այրելը հակասական է: Այն պետական սիմվոլ է: Այն այրելը վերջին տարիներին որևէ երկրի իշխանության դեմ բողոքի դրսևորման կերպ է, եթե հնարավորություն չկա նրանց ուղղակի կերպով այդ բողոքը հայտնել: Լավ բան չէ դրոշը այրելը, բայց այն պիտի ընկալվեր՝ որպես երկրի իշխանության դեմ բողոքի դրսևորում: Իմ ֆեյսբուքյան էջի պատին գրել եմ, որ եթե հունգարացիները պնդում են, որ հայերը ներողություն խնդրեն իրենցից, ապա ես այդ ներողություն խնդրողներից մեկն եմ»:
Ակադեմիաների միջեւ հարաբերությունների խզման առիթով էլ ազգագրագետն ասաց. «Եթե երկրի դիվանագիտական հարաբերությունները խզվում են, ապա ակադեմիայի հարաբերությունների խզումը շատ թույլ երևույթներ են այդ ֆոնի վրա և ինչ-որ տեղ թուլացնում է պետության դիվանագիտական և քաղաքական քայլը»:
Դառնալով ստեղծված իրավիճակից օգուտներ քաղելու հարցին՝ տիկին Խառատյանը նկատեց. «Հունգարիայի և Ադրբեջանի միջև գործարքը մասնավոր դեպք չպիտի դիտարկել, այլ ղարաբաղյան կոնֆլիկտի ամբողջ քննարկմանը խառնվելիք բոլոր կառույցների բացահայտ պասիվ և համաձայնողական դիրքորոշումը: Դրա պատճառով է, որ արդեն 24 տարի է ռասիստական գործողությունները բացահայտ չնկատելու մի կերպ է նկատվում: Պետք է ուժեղացնել հենց այս դրույթը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ