Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դժվար ապրուստ», «Անծանոթը», ֆուտբոլ, «Կանխիկ հումոր», թե «32 ատամ». Փորձագետներին անհանգստացնում է սերիալամոլությունը

Սեպտեմբեր 05,2012 16:51

«Ակնհայտ ձեւավորվել է առաջատարների խումբ՝ Հանրայինը, «Շանթը» եւ «Արմենիա» TV-ին, ընդ որում՝ 5 տարի անընդմեջ է այդպես: Իսկ դիտում են մարդիկ սերիալներ, սերիալներ: Հեռուստածրագրերի 40 տոկոսը առնվազն սերիալներից է կազմված: Օրական լավագույն սերիալը դիտում են միջինը 500 հազար մարդ: Ըստ մասնագետների, դա անքան էլ նորմալ չէ»,- այսօր «Նովոստի Արմենիա» ակումբում հեռուստատեսային շուկայի իրավիճակն այսպես ներկայացրեց «Տելեմեդիականտրոլ» ընկերության տնօրեն Տիգրան Սաֆարյանը: Նշենք, որ այդ ընկերությունը հեռուստաչափումներով է զբաղվում, չափում է հեռուստադիտումը, ով ինչքան եւ որ ժամերին ինչպիսի ծրագրեր է դիտում: Այն արդյունքները, որ ներկայացրեց պարոն Սաֆարյանը, հաշվի է առնված քաղաքային բնակչությունը, որը 1 մլն է:

Տիգրան Սաֆարյանի դիտարկմամբ՝ «Կան հեռուստաընկերություններ, որոնց հեռուստահաղորդումների 30 տոկոսը սերիալներն են: Վերջին ժամանակներում նկատվում է լավ միտում՝ փոփոխությանը: Ամբողջ աշխարհն է այսպես զարգացել, սերիալամանյայի փուլը բոլոր հետխորհրդային երկրները անցել են, ուղղակի մենք ավելի դանդաղ ենք զարգանում»:

Սերիալներից հետո մեծ դիտողականություն ունեն այսպես կոչված ռեալիթի շոուները. «Մենք այն, ինչ ունենք միակողմանի հեռուստաընկերություն է, կգա ժամանակ, որ մենք կունենանք բազմակողմանի հեռուստաընկերություն: Սեպտեմբերի կեսից որոշակի փոփոխություններ երեւի կլինեն: Սպորտի ոլորտում հաջողությունների հետ կապված՝ ավելի մեծ դիտողականություն է նկատվում ֆուտբոլի տեսանկյունից, միշտ մեծ լսարան է հավաքում, իհարկե, ավելի շատ ազգային հավաքականի խաղերը»:

«Ինտերնյուս» կազմակերպության «Այլընտրանքային միջոցները ԶԼՄ-ներում» ծրագրի ղեկավար Մանանա Ասլամազյանի խոսքերով՝ Հայաստանում չկան մեդիաընկերություններ՝ կազմված բիզնեսի համար: Լսարանը շատ մեծ նշանակություն ունի, շատ են հաղորդումները, որոնք ստեղծված են՝ հաշվի չառնելով շուկայի պահանջները, լսարանը: Շատ վնասակար է հասարակության համար, չափազանց վտանգավոր ցուցանիշ է, երբ բնակչության կեսը՝ 500 հազար մարդ դիտում է մի սերիալ»: Որպես փորձագետ՝ նա նշեց, որ ճիշտ է, առաջատարները այլ հեռուստաալիքներն են, բայց հեռուստադիտողները ամեն դեպքում շատ են հավատում «Երկիր մեդիային». «Նրանք հնարավոր է դիտում են «Շանթ», բայց վստահում են «Երկիր մեդիայի» ինֆորմացիային»:

Տիգրան Սաֆարյանի խոսքերով՝ շատ հաճախ հեռուստատեսություններն ասում են, արդարանում են, թե իրենք ցուցադրում են այն, ինչ հեռուստադիտողներն ուզում են. «Այդպես չէ, եթե սպանություն ցույց տաք, իհարկե, դա ամենաշատն են դիտելու:

Մանանա Ասլամազյանը խորհուրդ տվեց հեռուստաընկերություններին հիշել, որ իրենք բացի ռեյտինգների հետեւից ընկնելը, ունեն սոցիալական դեր. «Մեդիան ունի լրացուցիչ սոցիալական գործառույթ, այն դաստիարակում է եւ դա պետք է հստակ գիտակցեն հեռուստաընկերությունների ղեկավարները: Չի կարելի անընդհատ սերիալ տալ, ինչ է թե այն դիտում են»:

Ինչ վերաբերում է վարկանիշներին՝ տիկին Ասլամազյանը նշեց. «Արմնյուզի վարկանիշը երբեք չի կարող հասնել «Արմենիայի» վարկանիշին, որովհետեւ գիժ պետք է լինել, որ 24 ժամ լրատվություն մատուցող ալիքը նայել, այն նայում են օրվա ընթացքում առավելագույնը 1 ժամ, ընդհանուր տեղեկատվություն ստանալու համար՝ այն ժամին, երբ մարդուն հարմար է»:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե բացի առաջատարներից, որոնք 5 տարի է՝ դաշտում լիդեր են, մյուս հեռուստաընկերություններից որո՞նք են այս վերջին տարիների ընթացքում լսարան կորցրել: Պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Առաջատարներից բացի մնացած հեռուստաընկերությունները մրցակցության մեջ են նույնպես: Նրանք գնալով զիջել են առաջատարներին: Իրար մեջ մրցակցությունը այնքան չնչին հեռուստադիտողի համար է գնում, որ փոփոխություններ կարող են լինել օրական: Եթե առանձնացնենք՝ լրատվական, հումորային հաղորդումներից, որոնք են ավելի շատ դիտվում՝ լրատվական հաղորդումներից առաջատար են՝ Հանրայինը, «Ժամը», «Հորիզոնը»:  Հումորայիններից ժամանակին «32»-ը ավելի բարձր է եղել, հետո՝ «Վիտամինը»:

Ինֆորմացիոն հաղորդումների միջին դիտողականությունը 100-150 հազար մարդ է օրական»: Նա նաեւ նշեց, որ շաբաթ-կիրակի օրերին շատ մեծ դիտողականություն են ունենում ժամանցային ծրագրերը՝ հեռուստաշոուները, «Հաղթենք րոպեում», «Կանխիկ հումոր», սուպերսթարները եւ այլն. «Գեղարվեստական ֆիլմեր չեն նայում, դա պայմանավորված է նրանով, որ ցույց չեն տալիս: Ցերեկը հիմնականում ողողված է սերիալների կրկնություններով: Սերիալներից «Դժվար ապրուստն» է առաջատարը անընդմեջ՝ վերջին մեկ տարվա ընթացքում, առաջատարների մեջ է նաեւ «Շանթի» «Անծանոթը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930