Լրահոս
Օրվա լրահոսը

Նամակ Գյումրիի քաղաքապետի թեկնածուին. «Նրանք թքած ունենան՝ դու կընտրվես, թե՝ ոչ»

Սեպտեմբեր 05,2012 16:42

Հարգելի խմբագրություն, կարդալով Գյումրու քաղաքապետի թեկնածու Հ. Սիմոնյանի մեկնաբանությունները՝ զետեղված սեպտեմբերի 4-ի «Առավոտ»–ի համարում, ցանկացա Ձեր միջոցով, մտքերս փոխանցել ընկերոջս՝ Հ. Սիմոնյանին, այն պարզ պատճառով, որ նա իմ անունն էր շոշափել։

Հարգելի Հովսեփ, որպես քո ավագ ընկեր, դիտողության կարգով ասեմ, որ ընկերոջ անունը, առանց նրա համաձայնության, չի կարելի հանրության քննարկման առարկա դարձնել, մանավանդ դեռևս չհիմնավորված դեպքերի կապակցությամբ, առավել ևս՝ ցավակից մարդու կեցվածք ընդունելով շահարկել այն։

Կարծում եմ՝ քո այդ արարքն ինձ իրավունք է տալիս բարձրաձայնելու իմ մտքերը՝ կապված Գյումրու քաղաքապետի ընտրությունների հետ, որոնք մասամբ քեզ տեղեկացրել եմ հեռախոսով։

Առաջին, քայքայված Գյումրին և բարոյալքված գյումրեցու ոգին վերականգնել ցանկացող քաղաքապետը պետք է ամուր թիմ ունենա, նվիրյալ համախոհների բանակ, որն ի վիճակի լինի ոչ միայն ընտրություններում ապահովել նրա հաղթանակը, այլ, որն ավելի կարևոր է, լծվի ծառացած խնդիրների լուծման գործին։

Ո՞րն է քո թիմը, Դաշնակցությունը՝ մեկ, ուրի՞շ… չկա։ Դժվար չէ հասկանալը, որ Դաշնակցությունը Գյումրիում թույլ է, դրա վկայությունը վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն են։ Մնացած բոլոր խմբերը կամ խմբավորումները, որոնք այսօր «խաղեր» են տալիս չորս բոլորդ, ոչ մի առումով քո թիմակիցները լինել չեն կարող, սթափվիր, ընկեր ջան, գիտես, որ բոլորին լավ ճանաչում եմ։ Թե շիտակը կուզես, նրանք թքած ունենան՝ դու կընտրվես, թե՝ ոչ, իրենց համար կարևոր է, որ Բալասանյանը չընտրվի։ Ինչու՞… որովհետև այս պարագայում շատ գործողություններ կտեղափոխվի օրինականության դաշտ, իսկ դա որոշ մարդկանց ձեռք չի տալիս։

Մի պահ պատկերացրու անհնարինը, ասենք՝ ընտրվել ես։ Հաշիվ տալի՞ս ես քեզ, թե ի՞նչ ձևերով ու մեթոդներով ես կառավարելու, ու՞մ կամքն ես կատարելու, որտեղից ես ֆինանսական միջոցներ հայթայթելու քրքրված բյուջեն վերականգնելու համար։

Ի տարբերություն քեզ, Ս. Բալասանյանը ունի զորեղ թիմ, նրան սատարում են հանրապետության երկու խոշոր կուսակցությունները և անձամբ նախագահը։ Իսկ սատարել առաջին հերթին նշանակում է ամեն կերպ աջակցել իրենց կողմից առաջադրված ու ընտրված քաղաքապետին, տրամադրել ֆինանսական միջոցներ, պայմաններ ստեղծել ներդրումների դաշտը արմատապես բարելավելու համար։

Երկրորդ, անորոշ կերպով խոսում ես սեփականաշնորհման ժամանակ կոպեկներով արժեթղթեր ձեռք բերելու մասին։ Հուսով եմ՝ չես մոռացել, որ ժամանակին ես ղեկավար պաշտոններ եմ զբաղեցրել ու քաջատեղյակ եմ եղել այդ գործընթացներին։ Այն ժամանակ արժեթղթերի առք ու վաճառքի գինը անձը չէր կարող որոշել, թելադրվում էր շուկայի կողմից։ Ինչպես որ կապիտալի օրենքն է թելադրում, սեփականաշնորհվող օբյեկտները կամաց-կամաց Գյումրիի գործարանների հետ

Բայց ցավոք սրտի, գործարանների նոր տերերի գերակշռող մեծամասնությունը չկարողանալով գլուխ հանել ստեղծված իրավիճակից, ընտրեցին ամենահեշտ ճանապարհը՝ վաճառեցին հումքը, արտադրության միջոցները, գույքը և այլն, իսկ հազարավոր մարդիկ դարձան գործազուրկ։

Ընկեր ջան, եթե մի պահ մոռանաս ընտրապայքարն ու անաչառ լինես, կհամաձայնվես, որ Ս. Բալասանյանը այն եզակի գործարարներից է, որ ոչ միայն չվաճառեց իր ձեռնարկությունն ու մարդկանց փողոց շպրտեց, այլև քրտնաջան աշխատանքով մեծացրեց արտադրական հզորություններր, նոր արտադրություններ կազմակերպելով՝ հարյուրավոր աշխատատեղեր ստեղծեց։

Երրորդ, ասում ես «Բալասանյանն իր թեկնածությունն առաջադրելով լարվածություն ստեղծեց քաղաքում»։ Գյումրին երբեք, առավել ևս՝ վերջին տարիների ընթացքում «հրեշտակների» քաղաք չի եղել։ Այսպես ասած, «ռազբորկաները», կրակոցները, չենթարկվողներին ծեծի ենթարկելը դարձել են սովորական երևույթներ։ Այնպես որ, ընկեր ջան, եթե դու, ես, կամ մեկ ուրիշը, դրանք չլսելու կամ չնկատելու ենք տվել, թերևս վախենալով «պատժիչ քոթակից», զավեշտական է դիտվում հիմա ներկայանալ որպես քաղաքի անդորրով շահագրգռված անձնավորություն։ Դրան ոչ ոք չի հավատա։

Չորրորդ, չգիտեմ ինչ հակասություն կա քո և Ռ. Սանոյանի միջև, բայց կարդալով այն մասը, որ դու իբր բռնել ես վերջինիս ձեռքն ու տարել ներկայացրել մարզպետին, սկզբում լավ չըմբռնեցի, հետո փորձեցի մտովի պատկերացնել այդ տեսարանը ու…. խոստովանեմ ծիծաղից թուլացել էի, հասկանալով, որ հումոր ես արել, իսկ ովքեր որ դրանք հումորով չեն ընկալել, ասեմ, որ Ռուբեն Սանոյանին ճանաչում եմ քառասուն տարուց ավելի ու համոզված եմ, որ աշխարհում չի գտնվի որևէ մեկը, այդ թվում՝ ոչ ես, ոչ դու, ընկեր ջան, ոչ անցյալի, ներկայի ու ապագայի քաղաքապետերը, որ կարողանան նրան ձեռքից բռնելով ինչ որ տեղ տանեն։

Եվ վերջինը խորհրդի կարգով։ Ընկեր ջան, որքան շատ տարվես այս ընտրապայքարով, ամեն մարդու ասածը հալած յուղի տեղ ընդունես, վերջում հիասթափությունը ավելի մեծ է լինելու։ Հավատա, երբեք չէի ուզի քեզ տեսնել ընկճված ու հիասթափված։

 

Հարգանքներով՝  Հ. Գարայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930