Այսօր «Նովոստի Արմենիա» մամուլի կենտրոնում փորձագետներն անդրադարձան «Ա1+»-ի եւ «Արմնյուզի» համագործակցությանը: «Ինտերնյուս» կազմակերպության «Այլընտրանքային միջոցները ԶԼՄ-ներում» ծրագրի ղեկավար Մանանա Ասլամազյանը դրանք սենսացիոն որակեց՝ ասելով. «Այսպիսի էքսպերիմենտ, որ իրար հետ նույնիսկ դատական վեճեր ունեցող հեռուստաընկերությունները լրատվություն են տալու միասին, դա շատ հետաքրքիր է լինելու եւ սպասենք: «Ա1+»-ի համար սա մեծ ռիսկ է, որովհետեւ ուներ այնպիսի հեղինակություն: Այն ընդունվում է որպես ընդդիմադիր ալիք, թեեւ այդպես չէ, այն հավասարակշռված է: Եթե հաղորդումները գրաքննվեն, դա ռիսկ է արդեն «Արմնյուզի» համար: Որովհետեւ «Ա1+»-ը կբարձրաձայնի, կասի, թե իշխանական ալիքը ինչ է անում: Ես շատ վախենում եմ երկուսի համար էլ»:
Հարցին՝ «Ա1+»-ի համագործակցությունը «Արմնյուզի» հետ կբարելավի՞ «Արմնյուզի» ռեյտինգը՝ «Տելեմեդիակոնտրոլ» ընկերության տնօրեն Տիգրան Սաֆարյանը պատասխանեց. «Նախ, մենք չափում ենք տնային տնտեսությունները, չենք չափում հանրային դիտումները, ասենք՝ ատամնաբուժարանների, սրճարանների դիտումները: Կբարելավվի, միանշանակ, կա հասարակության հետաքրքրություն՝ այդ փաստի վերաբերյալ, թե ինչքանով կպահպանվի այդ հետաքրքրությունը, դժվար է ասել, բայց որ առաջին հաղորդումներին սպասելու են՝ միանշանակ է, դա կբարելավի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ