Գրող, դրամատուրգ Վահրամ Մարտիրոսյանը, ով գործի բերումով շատ է առնչվել հունգարացիների հետ, թարգմանելով նրանց ստեղծագործությունները, Aravot.am-ի հետ զրույցում խոսեց վերջին օրերին խզված հայ-հունգարական հարաբերությունների մասին, ինչի պատճառը ադրբեջանցի Սաֆարովի արտահանձնումն էր:
«Ես հուսախաբված եմ, սակայն հույս ունեի, որ ազգային խտրականությունը, փոխադարձ ատելությունը, ռասիզմը մեր տարածաշրջանում կնվազի, բայց Ադրբեջանի վերջին քայլն ապացուցեց, որ տարածաշրջանը, մասնավորապես Ադրբեջանը՝ դեռ հետընթացի մեջ է»,- ասաց Մարտիրոսյանը՝ ողջունելով հայ-հունգարական համատեքստում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի օրերս արված քայլերը:
«Հունգարիան կարող էր կանխատեսել այն, ինչ տեղի էր ունենալու այդ ամենից հետո եւ այսպիսի դեպքերում պետությունը պետք է իր արժանապատվությունը բարձր գնահատի»,- նշեց Մարտիրոսյանը, չկիսելով քաղաքագետների տեսակետն այն մասին, որ նախագահ Սերժ Սարգսյանը ոչ թե պետք է կասեցներ Հունգարիայի հետ իր հարաբերությունները, այլ խզեր. «Ես ինձ փորձագետ չեմ համարում այս գործում, որ գնահատականներ տամ, բայց այս պահի համար նախագահի քայլն այնքան կտրուկ էր, ինչքան որ անհրաժեշտ էր, ավելի մեղմ կամ ավելի խիստ՝ ճիշտ չէի համարի: Քանի որ Հունգարիան եվրոպական երկիր է, հայերի հանդեպ դրական տրամադրվածությամբ, Հունգարիայի հանդեպ թշնամական միջոցներ կիրառելը ճիշտ չի լինի: Իսկ ընդհանուր առմամբ այդ երկրի հետ խորհրդարանի, Գիտությունների ազգային ակադեմիայի կապերը խզելը ես համարում եմ անհեթեթություն: Հունգարիայի, տվյալ պահի իշխանության կողմից արված քայլը չի կարելի տարածել ամբողջ հասարակության, գիտական, մշակութային հաստատությունների եւ ժողովրդի վրա»:
Կարդացեք նաև
Թե ի՞նչ պետք է պահանջենք հիմա, եւ որոնք պետք է լինեն մեր հետագա քայլերը, Վահրամ Մարտիրոսյանը շեշտեց, այն քայլերը, որոնք արված են, բավականին լուրջ են, պարզապես պետք է հետեողական լինել, որպեսզի հասնել միջազգային կառույցների կողմից երեւույթի առավել լայն դատապարտմանը. «Իսկ Սաֆարովին պատժել, Հունգարիայի կամ Ադրբեջանի դեմ կտրուկ գործողություններ անել, ինքս դրա կարիքը չեմ տեսնում: Պետք է օգտվել միջազգային իրավունքի ընձեռած հնարավորություններից, կրկնում եմ, հասնել միջազգային կառույցների կողմից կատարվածի դատապարտմանը»:
Ըստ Մարտիրոսյանի, այն որ հայ հաքերներն այս օրերին տեղեկատվական պատերազմ են մղում ադրբեջանցիների դեմ, «կոտրելով» նրանց կայքերը, դրանք պարզապես էմոցիոնալ գործողություններ են, որոնք, ըստ նրա, անում են առանձին անձինք, ինչին կարելի է ըմբռնումով մոտենալ:
Մարտիրոսյանը անընդունելի համարեց նաեւ Հունգարիայի դրոշն այրելը, հատկապես այն դեպքում, երբ այդ գործընթացը կարծես թե ղեկավարվում էր ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանի կողմից. «Դա անհարիր քայլ եմ համարում, եւ ոչ միայն պատգամավորի, այլեւ Հայաստանի մյուս քաղաքացիների համար: Քանի որ դրոշը ոչ թե Հունգարիայի այսօրվա ղեկավարներինն է, այլ նրանց սրբությունը: Պատկերացրեք, եթե, օրինակ, մարտի 1-ի դեպքերից կամ «Հարսնաքարում» սպանված Վահե Ավետյանի մահվանից հետո աշխարհում Հայաստանի դրոշները այրեին, ինչքանով դա արդարացի կլիներ»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ